Փոխարժեքներ
06 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 403.03 |
EUR | ⚊ | € 424.19 |
RUB | ⚊ | ₽ 3.92 |
GBP | ⚊ | £ 512.57 |
GEL | ⚊ | ₾ 143.55 |
Երեկ նախագահ Սերժ Սարգսյանն Ազգային անվտանգության խորհրդի նիստ էր հրավիրել: Տրամաբանական էր թվում, որ նախագահը նիստը հրավիրել է` վերջապես խոսելու արդեն մեկ շաբաթից ավելի հասարակությանն ալեկոծած ու ցնցած իրադարձություններից, որոնք կապված են մի կողմից կիպրոսյան օֆշորային ընկերության հետ վարչապետ Տիգրան Սարգսյանի ունեցած կապերի մասին տեղեկություններին, իսկ մյուս կողմից` Գորիսում արձանագրված` ողբերգական ելքով փոխհրաձգության ու դրանում Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ընտանիքի ներգրավվածության հետ: Սակայն այդ ամենի մասին նիստի գոնե հրապարակային հատվածում Սերժ Սարգսյանն անգամ մեկ բառ չասաց: Այդ նիստը ներպետական խնդիրներին, հանրային ակնկալիքներին այնքան անհամահունչ, այնքան ոչ ադեկվատ էր, որ թվում էր, թե նիստը հրավիրվել էր միայն մեկ նպատակով, այն է` քաղաքացիներին ավետելու երկրում արձանագրված տնտեսական բումի մասին:
Այդ արհեստականությունից կարելի է երկու հետևություն անել` կա'մ նախագահի ելույթն ուղղված էր ոչ թե ներքին, այլ արտաքին լսարանին, կա'մ պարզապես ուղղված էր շեղելու հանրության ուշադրությունը վերոնշյալ երկու թեմաներից: Չի կարելի բացառել, որ երկուսը միաժամանակ անելու փորձ էր:
Զորակցություն վարչապետին
Որևէ տարօրինակ բան չկար այն բանում, որ Սերժ Սարգսյանը նորից պետք է հղում կատարեր 2012-ին արձանագրված տնտեսական 7 տոկոսանոց աճին: Նորությունն այն էր, որ, ըստ նրա, այդ տեմպը պահպանվում է նաև այս տարի: Սա ոչ այլ ինչ էր, եթե ոչ, ի հեճուկս հանրային ակնկալիքների, գործադիր իշխանության և վարչապետի նկատմամբ վստահության վերահաստատում: Նախագահը պարզապես հասկացրեց, որ Տիգրան Սարգսյանն անձեռնմխելի է, և ինքը շարունակում է նրան վստահել նույն կերպ, ինչպես մինչև նախագահական ընտրությունները և մինչև օֆշորային գործարքների հետ կապված ներկայիս սկանդալային պատմությունները: Դա այն դեպքում, երբ կառավարությունը տապալում է հունիսի 1-ից աշխատավարձերի ու թոշակների կտրուկ բարձրացման մասին` հենց Սերժ Սարգսյանի խոստման իրագործումը:
Նոր տնտեսական «պերեստրոյկա՞»
Բայց ելույթի հիմնական մեխը դա չէր: Երեք-չորս տարվա ընթացքում առաջին անգամ Սերժ Սարգսյանը խոսեց տնտեսության վերափոխման կամ, ավելի ճիշտ, նոր տիպի տնտեսություն կառուցելու մասին: «Մենք պետք է ոլորտ առ ոլորտ մեր տնտեսությունը վերափոխենք թե՛ ձևի, թե՛ բովանդակության առումով: Մենք նոր տնտեսություն ենք կառուցում»,- ասաց նա` բացահայտելով այդ նոր տնտեսության էությունը: Ըստ այս ծրագրի` Հայաստանը պետք է սկսի զբաղվել ոչ թե հումք, այլ վերջնարդյունք արտադրելուն ուղղված ամբողջական համակարգերով ու ենթահամակարգերով, որոնք կհանգեցնեն տնտեսության ճյուղերի զարգացմանը: Եվ, ինչպես կարելի է հասկանալ, առայժմ մտածել են միայն այս հեղափոխությունն իրականացնել գյուղատնտեսության ոլորտում: Մասնավորապես` խոսքը կարկուտների հետևանքների դեմ պայքարելու փոխարեն տեղում հակակարկտային սեփական ցանցերի արտադրության կազմակերպման, ոռոգումը սուբսիդավորելու փոխարեն տեղում կաթիլային ոռոգման համակարգերի, արագ և էժան ջերմոցներ հավաքելու համար անհրաժեշտ սարքավորումների, արևային մարտկոցների արտադրության մասին է:
Թե ամբիցիոզ էլ ինչ նախագծեր են անցել նախագահի մտքով, կամ ինչ են նրան, որպես այդպիսին, մատուցել, դժվար է ասել, քանի որ Սերժ Սարգսյանը բավարարվեց`ընդամենը այսքանը թվարկելով: Բայց խնդիրը ոչ թե դա էր, այլ ինքնին տնտեսական նոր մտածողությամբ առաջնորդվելու մասին հայտարարությունները, և այդ իմաստով նախագահի ելույթի առաջին հատվածը կարելի է ծրագրային համարել: Նման մոտեցումն, իհարկե, ողջունելի է. անկախ ամեն ինչից` այն չնչին հույս է ներշնչում, որ այս կառավարության երևակայությունը դեռևս ամբողջությամբ չի սպառվել: Բայց որքանո՞վ են այս ծրագրերն իրագործելի: Ի վերջո, տարիներ առաջ նույն Սերժ Սարգսյանը նույն ոգևորությամբ հայտարարում էր հրաշագործ «Արմենիկում»-ի հայտնագործության ու դրա շնորհիվ Հայաստանը ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային կենտրոն դարձնելու մասին: Ավելի ուշ հենց Սերժ Սարգսյանը հայտարարեց նաև նոր ատոմակայան կառուցելու մասին: Թե ինչ վիճակում են այս նախագծերը, չարժե անգամ խորանալ: Նմանատիպ մտահղացումներ գործող իշխանության մտքի անդաստաններում այնքան շատ են ծնվել ու նույն արագությամբ էլ մարել, որ դժվար է անգամ հաշվել: Եվ չկա որևէ երաշխիք, որ տնտեսությունն այս մոդելով վերակառուցելու նախագիծը ևս նույն ճակատագրին չի արժանանալու:
Մյուս կողմից` առնվազն տարօրինակ է, որ դրա մասին Սերժ Սարգսյանը խոսում է ԱԺ-ում կառավարության 5-ամյա ծրագրի հաստատումից օրեր անց, այն դեպքում, երբ տնտեսական վերակառուցման գաղափարի հետք անգամ այդ ծրագրում չկա: Եթե դրանք խիստ իրատեսական են, խոր ու համակողմանի վերլուծությունների արդյունք են, այլ ոչ հանրությանը զարմացնելուն ուղղված` ոտքի վրա կազմված PR ուղերձներ, ինչո՞ւ գործադիրը դրանք չէր ներառել իր ծրագրում: Կամ` եթե դա նախագահի մտքի փայլատակման արգասիքն էր, ինչո՞ւ նա խորհուրդ չէր տվել վարչապետին վերափոխել ծրագրի նախագիծը և այն կառուցել այս նոր տնտեսական կոնցեպցիայով:
Կրկնօրինակում Ալիևի՞ն, թե՞ նախազգուշացում դրսին
Հետքրքրականը, սակայն, այն էր, որ տնտեսության վերափոխումը Սերժ Սարգսյանը մատուցեց տարածաշրջանում 2-3 տարվա ընթացքում սպասվող ինչ-որ կտրուկ փոփոխություններով և դրանցից, ավելի նպաստավոր դիրքում գտնվելով, դուրս գալու պահանջի լույսի ներքո: Այսինքն` թե տնտեսության վերափոխումն անհրաժեշտ է` Ադրբեջանի նկատմամբ դիրքային առավելություն ստանալու նկատառումով: Սա առողջ մոտեցում է, բայց ինչո՞ւ է միայն հիմա դրա անհրաժեշտության մասին մտածում նախագահը: Մի՞թե հրադադարից հետո 20 տարի պիտի անցներ, որ երկրից գրեթե պսիխոզի վերածված արտագաղթի պայմաններում երկրի ղեկավարը հնչեցներ այս գաղափարը:
Բայց հարցն այն է, որ Սերժ Սարգսյանը դա արեց` տրվելով այն նույն տրամաբանությանը, որով Իլհամ Ալիևն է առաջնորդվում Ադրբեջանում` սեփական ժողովրդի հետ այս կամ այն ձևաչափով հաղորդակցվելիս: Ադրբեջանի նախագահին է հատուկ սեփական երկրի հիմնախնդիրները թողած` Հայաստանի մոտալուտ անկման չարագուշակ կանխատեսումներով զբաղվելը և «հողերի ազատագրումը» միայն Հայաստանի` ինքնաբերաբար կործանման մոտալուտ հեռանկարով պայմանավորելն ու դրանով հասարակությանը խաբելը: Հիմա նույն հռետորաբանությունը, արդեն հակառակ ուղղությամբ, կիրառում է Սերժ Սարգսյա՞նը` հիմնվելով չգիտես` որտեղից վերցված այն եզրակացությունների վրա, թե ընդամենը 2-3 տարի հետո Ադրբեջանին համատարած ֆիասկո է սպասվում: Ինչի՞ն էր ուղղված այս ուղերձը` ադրբեջանիցների՞ն ահաբեկելո՞ւն, սեփական հասարակության գլխի տակ փափուկ բարձ դնելո՞ւն, թե՞, ի վերջո, վերջինիս ուշադրությունը իշխանությանը վարկաբեկող ներկայիս զարգացումներից շեղելուն: Ամեն դեպքում սա ադրբեջանական քարոզչական-մանիպուլյացիոն հնարանքների անհաջող կրկնօրինակման փորձ է հիշեցնում, և դժվար է ասել, թե ինչո՞ւ են Սերժ Սարգսյանին ստիպում խաղալ ալիևյան այդ չստացված դերը:
Սակայն մեկ հանգամանք թույլ է տալիս ենթադրել, որ սա ուղղված է առավելապես արտաքին լսարանին` այս ուղերձները, ոչ ավելի, ոչ պակաս, ազգային անվտանգության խորհրդի նիստի ձևաչափով ներկայացնելը: Չի կարելի բացառել, որ դրանով Սերժ Սարգսյանը պարզապես փորձում էր կոնկրետ շրջանակների հասկացնել, թե Հայաստանը պատրաստ է դիմակայել տնտեսական ու քաղաքական ինչ-ինչ ճնշումների և իզուր է սպասել նրա մոտալուտ վերջնական քայքայմանը` ինչ-որ լուծումներ պարտադրելու, ստատուս քվո փոխելու համար: Հատկանշական է, որ սա տեղի է ունենում Սարգսյան-Ալիև հերթական բանակցություններին ընդառաջ:
Գևորգ ԱՂԱԲԱԲՅԱՆ