կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-06-10 12:13
Քաղաքական

Ինչու՞ էր իշխանությունը հուշագիր ստորագրում ԲՀԿ-ի հետ․ պարզաբանում է Կոտայքի մարզպետը

Ես Կոտայքում ապրելով և 2 տարի գործելով՝ լսել եմ այդ հայտարարությունները, որոնք անում է Գագիկ Ծառուկյանը և այդ մրցապայքարի առաջնագծում եմ եղել։ Ինձ համար այդ հայտարարությունից հետո էականորեն ոչինչ չի փոխվել, քանի որ Կոտայքում իմ գործունեության մեկնարկից հետո ամենաշատ նախկին քաղաքական համակարգի կարկառուն ներկայացուցիչ համայնքի ղեկավարներն են փոխվել։ Այս մասին այսօր, լրագրողների հետ զրույցում ասաց Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը, նշելով․ «Փոխվել են՝ ոչ թե որ եղել են բկհ-ական, այլ առանց «դաբռոների», առանց միակ թեկնածուի ինստիտուտի սերնդափոխություն է տեղի ունեցել։ Ես հանդիպել եմ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ստվերային կամ անթաքույց քաղաքական դիմադրությանը մեր մարզում։ Պառլամենտում ներկայացված է քաղաքական ուժ, ով տասնամյակներով գործել է, մի քանի կոալիցիոն կառավարությունների մաս է կազմել, իսկ մենք կոալիցիա չենք կազմել»։

Դիտարկմանը, որ իրենք էլ հուշագիր են ստորագրել, մարզպետը պատասխանեց․ «Դա ազգային համաձայնության կառավարության ֆորմատ էր, կոլաիցիոն կառավարում չէր։ Հուշագրի էությունն այն էր, որ տվյալ կուսակցությունն իր նախագահի մակարդակով պատրաստակամ էր կիսելու հեղափոխական գաղափարները։ Այդ առումով քաղաքական փոխպարտավորվածությունը դրանով ավարտվում էր, և դրանք դե յուրե լուծվեցին հոկտեմբերի 2-ի հայտնի դեպքերով։ Քննադատությունները, կառավարության հրաժարականի պահանջը շատ իրավաչափ եմ համարում, բացառությամբ շատ կարևոր նյուանսի՝ համավարակի այս սպառնալիքի և արտակարգ դրության պայմաններում նման կոչ անել վարչապետին և կառավարությանը՝ անհասկանելի է»։

Հարցին, երբ ստորագրվում էր հուշագիրը, արդյո՞ք մարզպետն ասել էր որ ինքը դեմ է, քանի որ ԲՀԿ-ն նախկինների հետ համագործակցած ուժ է, Ռոմանոս Պետրոսյանը պատասխանեց․ «Դա պարոն Փաշինյանի համար նորություն չէր, թե ինչպիսի ուժ է «Բարգավաճ Հայաստան»-ը, պարզապես քաղաքական այդ իրողությունների ֆոնին մենք խելամիտ ենք համարել հնարավորություն տալու տվյալ քաղաքական ուժին առերեսվելու իրականության հետ, գուցե վերափոխվելու և մեզ հետ լծվելու մեր երկրի, տնտեսության զարգացմանը՝ նոր քաղաքական մշակույթով։ Բայց այդ ուժը դեռևս մեկ տարի առաջ Աբովյանում ապացուցեց, որ այն ակնկալիքը, որ մենք ունեինք իր վերափոխումից, արդարացված չէր»։

Մանրամասները՝ տեսանյութում