կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-06-27 15:40
Հասարակություն

Մարզպետը «Բենթլի» ունենալու իրավունք չունի՞. մարզպետը բարկացած է

Մարզպետը «Բենթլի» ունենալու իրավունք չունի՞. մարզպետը բարկացած է

Այսօր Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը Yerkir.am-ի հետ զրույցում, պատասխանելով հարցին, թե ի՞նչ վիճակ է Արագածոտնի մարզի Արտենի համայնքում, որտեղ գյուղացիները բողոքում էին` կարկուտից կրած վնասների դիմաց փոխհատուցում ստանալու պահանջով, մարզպետը ասաց. « Դուք գրել էիք, թե ես «Բենթլի»-ով եմ գնացել գյուղացիների մոտ, բայց տենց բան եղել ա՞: Կամ եթե թեկուզ մարզպետը «Բենթլի»-ով գնա, իրավունք չունի՞ մարզպետը «Բենթլի»-ով գնա: Հիմա զանգել եք, ուզում եք հարցազրույց վերցնե՞ք»: Մարզպետը շեշտեց, որ ինքը «Բենթլի»-ով չի գնացել գյուղացիների մոտ:

 

Նշեցինք, որ կայքերից մեկը գրել էր, որ ոչ թե «Բենթլի»-ով է գնացել, այլ «Բրաբուս»-ով, հիմա` որո՞վ է գնացել: Մարզպետը պատասխանեց. «Ես ո'չ նա  ունեմ, ո'չ էլ մյուսից, ես ունեմ ընդամենը ծառայողական մեքենա»: Հետաքրքրվեցինք` ի՞նչ մակնիշի մեքենա է ծառայողականը, մարզպետը միանգամից չմտաբերեց. «Իմը... «Տոյոտա» է ոնց որ»: Հետո ինչ-որ մեկից ճշտելուց հետո պատասխանեց. «Հա, «Նիսսան» ա»:

 

Անդրադառնալով Արտենի համայնքին` նա նշեց, որ այնտեղ կարկտահարության հետևանքով բազմաթիվ գյուղացիներ են տուժել: «Շատ ցավալի միջադեպ էր: Ես զեկուցել եմ երկրի վարչապետին ու նախագահին: Երեկ առավոտյան ես եղել եմ այդ համայնքում, խոսել եմ գյուղացիների հետ, և փորձում ենք միջոց գտնել` մարդկանց օգնելու համար»,- ասաց մարզպետը ` հավելելով, որ համապատասխան հանձնաժողովն այնտեղ աշխատանքներ է տանում, որպեսզի ճշտեն վնասի չափն ու պարզեն, թե ինչպես պետք է օգնեն գյուղացիներին: