Փոխարժեքներ
24 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Դեմ եմ պարտադիրին»-ի նախաձեռնած վաղվա բողոքի ակցիան անցկացվելու է Բաղրամյան 26-ում, որովհետև շարժման մասնակիցների պահանջն արդեն երկրի նախագահից է: Yerkir.am-ի հետ զրույցում «Դեմ եմ պարտադիրին» շարժման անդամ Գևորգ Գորգիսյանը նշեց, որ հենց նախագահն է, Սահմանադրության համաձայն, ՀՀ քաղաքացիների սահմանադրական իրավունքների երաշխավորը ու պաշտպանը, սակայն այսօր խախտվում են թե' սահմանադրական իրավունքները, թե' ՍԴ որոշումը:
«Կառավարությունը ոչինչ չկարողացավ անել այդ ուղղությամբ, և հիմա տեղին կլիներ երկրի նախագահին ուղերձ հղել, որովհետև գործ ունենք բարձրագույն արժեքների` Սահմանադրության և քաղաքացիների սահմանադրական իրավունքների հետ, որոնց պետք է արձագանքի բարձրագույն պաշտոնյան»,- ասաց նա:
Մեր հարցին, թե ինչո՞ւ է բողոքի ակցիայի ժամ ընտրվել 19:30-ը, Գևորգ Գորգիսյանը պատասխանեց, որ սկզբում նախատեսել էին 18:30, հետո փոխվեց ժամը, որպեսզի աշխատողները կարողանան մասնակցել բողոքի ակցիային, սակայն մարդիկ կսկսեն հավաքվել արդեն 18:30-ից:
Դիտարկմանը, որ այդ ժամին նախագահն իր նստավայրում չի լինի, մեր զրուցակիցընը պատասխանեց, որ նախագահի` այնտեղ լինելը էական կլիներ, եթե պահանջեին, որ նա իջներ և հանդիպեր բողոքի ակցիայի մասնակիցների հետ: «Մենք մեր ուղերձն արել ենք, և մեր բողոքի ակցիայով ցանկանում ենք ցույց տալ, թե ում է ուղղված մեր պահանջը: Մեր պահանջը ոչ այնքան նախագահ-անձից է, որքան նախագահ-կոչումից կամ նախագահ-կառույցից, որպեսզի նա ի պաշտոնե` որպես քաղաքացիների սահմանադրական իրավունքների պաշտպան, Սահմանադրության վրա երդում տված նախագահ, պաշտպանի քաղաքացիներին»,- ասաց «Դեմ եմ»-ի անդամը: