կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-04-18 16:01
Իրավական

Վարդան Պետրոսյանի գործով գրություններ են ուղարկել Կոտայքի մարզպետը, տրանսպորտի նախարարը…

Վարդան Պետրոսյանի գործով  գրություններ են ուղարկել Կոտայքի մարզպետը, տրանսպորտի նախարարը…

Այսօր Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր Վաղինակ Մկրտչյանի նախագահությամբ, շարունակվեց դերասան Վարդան Պետրոսյանի դեմ հարուցված քրեական գործի քննությունը:

 

Այսօրվա նիստին չէին ներկայացել գործով տուժողները: Նրանք դատարանին գրություն էին ուղարկել և հայտնել, որ այս նիստում պաշտպանական կողմը շարունակելու է միջնորդություններ ներկայացնել, և դատարանն այդպես էլ դատաքննության փուլին չի անցնի: Տուժողները խնդրել են դատարանից նիստին չներկայանալը համարել հարգելի:

 

Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանն այսօր դատարանին ներկայացրեց մի շարք փաստաթղթեր` միջնորդելով դրանք կցել քրեական գործի նյութերին: Մասնավորապես`  հիդրոօդերևութաբանական կենտրոնին ուղարկված հարցումը և դրա պատասխանը: Պաշտպանը ծառայությունից հետաքրքրվել էր, թե ի՞նչ եղանակ է եղել Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ տեղի ունեցած վթարի օրը դեպքի վայրում (Եղվարդ-Երևան ճանապարհահատվածում): Պատասխանել են, որ հոկտեմբերի 20-ին դիտվել է պարզ, առանց տեղումների եղանակ:

 

Փաստաբանը հարցում է ուղարկել Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանին` ճշտելու համար` արդյո՞ք այն վայրը, որտեղ տեղի է ունեցել ՃՏՊ-ն, բնակավայր է: Մարզպետը գրություն է ուղարկել` պատասխանելով, որ Երևան-Եղվարդ հանրապետական նշանակության ավտոճանապարհի տվյալ հատվածը գտնվում է Եղվարդ համայնքի տարածքում նախագծով հայտնված հողերից դուրս, այսինքն` ըստ պաշտպանի` այդ տարածքը բնակավայր չէ: Այս առնչությամբ ամբաստանյալն էլ հայտարարեց, որ ինքը բազմիցս երթևեկել է այդ տարածքով և պարզել, որ այն բնակավայր չէ:

 

Նշենք, որ, ըստ նախաքննության, տվյալ դեպքը տեղի է ունեցել բնակավայրում: Պաշտպանը հարցում էր ուղարկել նաև տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանին (այժմ պաշտոնակատար)`ՙ ճշտելու համար` արդյոք այդ տարածքում 2013-ի հոկտեմբերի 20-ին ճանապարհային նշաններ տեղադրված եղե՞լ են, թե՞ ոչ: Ըստ Բեգլարյանի ուղարկած գրության` մասնագետները պարզել են, որ այդ տարածքում համապատասխան նշաններ չկան:

 

Նիկոլայ Բաղդասարյանի ներկայացրած հաջորդ ապացույցը վերաբերում էր «ՎիվաՍել MTS» ընկերության տնօրեն Ռայֆ Յիրիկյանին ուղարկված հարցմանն ու դրա պատասխանին: Նա նշեց, որ իր համար արտառոց էր այն հանգամանքը, որ նախաքննական մարմինը հարցում չի ուղարկել` պարզելու համար, թե այդ օրը Վարդան Պետրոսյանը, մինչ դեպքի վայրը հասնելը, արդյո՞ք զանգ կատարել է և քանիսին: Նշենք, որ Վարդան Պետրոսյանին մեղադրում են նաև այն բանում, որ դեպքի պահին հեռախոսով զրուցելիս է եղել: Ի պատասխան պաշտպանական կողմի ուղարկած հարցմանը, մանրամասնորեն ներկայացվել էր, թե որ վայրում են տեղադրված ընկերության ալեհավաքները, և դեպքի օրը որտեղ են ֆիքսել Վարդան Պետրոսյանի կատարած զանգը: Փաստաբանը, վկայակոչելով հարցման պատասխանը, նշեց, որ Վարդանի վերջին զանգը կատարվել է 22:10 րոպեին, Եղվարդի Կոմիտասի փողոցում` դեպքի վայրից 4 կմ հեռու:

 

«Հեռախոսային կարճ խոսակցություն ունեցել եմ, բայց դա եղել է դեպքից առաջ»,- հայտնեց Վարդան Պետրոսյանը:

 

Բաղդասարյանը միջնորդեց նաև դեպքից հետո արված մի քանի լուսանկարներ, որոնք գործում չկան, կցել դրան:

 

«Ես համոզված եմ, որ եթե Հայկ Հակոբյանը ներկա լիներ նիստին, էլի ամեն ինչ կխառնվեր իրար»,- պաշտպանի միջնորդությունների վերաբերյալ կարծիք հայտնեց տուժողների ներկայացուցիչ Ռուբեն Բալոյան` նշելով, որ պաշտպանը դատական նիստի նախապատրաստական փուլում հրապարակում է փաստեր, որոնք դեռևս հետազոտված չեն: Նա հայտնեց, որ պաշտպանը նման փաստաթղթեր հրապարակել է նաև ապրիլի 4-ի դատական նիստի ընթացքում: «Տուժող կողմը հակված է մտածելու` այս ամենը ներկայացվում է լրատվամիջողների համար` ժամանակից շուտ զոհի կարգավիճակի տպավորություն ստեղծելու համար»,- ասաց Բալոյանը` հայտարարելով, որ տուժող կողմը թույլ չի տա դա անել:

 

Այսօրվա նիստում Նիկոլայ Բաղդասարյանն իր պաշտպանյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ միջնորդություն ներկայացրեց, որի քննարկումը դատավորը հետաձգեց` նշելով, որ դրան կանդրադառնա դատաքննության փուլում:

 

Դատարանն անցավ դատաքննության փուլին: Դատախազը հրապարակեց մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը: Ամբաստանյալ Վարդան Պետրոսյանն մեղսագրված արարքում իրեն մեղավոր չճանաչեց: