Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Yerkir.am-ի զրուցակիցն է Կոտայքի ՀՀԿ-ական մարզպետ Կովալենկո Շահգալդյանը:
- Պարո'ն Շահգալդյան, վաղը քարոզարշավի վերջին օրն է, ըստ Ձեզ` ինչպե՞ս անցավ քարոզարշավը:
- Պետք է ասեմ, որ մեր թեկնածուն` երկրի նախագահը, բավականին գրագետ եւ կազմակերպված քարոզարշավ անցկացրեց, շատ հստակ մեր ընտրողներին, ժողովրդին ներկայացրեց այն նախանշված ծրագրերը, որոնք իրականացվելու են առաջիկա հինգ տարիների ընթացքում, ծրագրեր, որոնք միտված են մեր երկրին, մեր ժողովրդի բարեկեցությունը լավացնելուն, մեր երկրի զարգացումը արագացնելուն, մեր երկրում աշխատատեղեր ավելացնելուն: Ավելի իրատեսական ծրագրեր են, քան երբեւ արել է որեւէ թեկնածու:
-Բայց, կարծես, հատկապես ձեր թեկնածուի քարոզարշավը հարթ չանցավ, եղան մի քանի «կիքսեր», մասնավորապես` Եռաբլուրի, Մովսես գյուղի` «խիարը թարս է աճում», Երեւանում` Չեբուրաշկայի, նախագահի համակուրսեցու հայտնի պատմությունները...
-Դրանք ընդամենը մեր նախագահի` բաց տեքստով հարաբերվելուց, շփվելուց է եղել... Իսկ ինչ կլինի՞ որ` ե'ւ հումոր կա, ե'ւ անմիջական շփում ընտրողների հետ: Ամեն մեկս էլ մեր խոսքի մեջ մի բառ, մի բան ե'ւ միտումնավոր ենք ասում, ե'ւ միամտաբար, մի՞թե կարելի է դա դարձնել քննարկման առարկա: Ինչ անենք, որ ասել է` վարունգը կամ խիարը թարս ա աճում: Դա ասացվածք է:
-Ասացվա՞ծք:
-Այո, ասացվածք է...
-Իմաստային առումով` ինչ-որ վա՞տ նշանակություն ունի:
-Չէ, չէ...Մարդու` թարս, հակառակ մտածելակերպի, ոչ ճիշտ ընկալման մասին է:
-Լավ, պարո'ն Շահգալդյան, եթե «թարս խիարի» մասին արտահայտության մեջ հումոր եք տեսնում, ապա Եռաբլուրում, երբ նախագահը դիմեց լացող կնոջը` ասելով, թե` ինչու է եկել տոնը փչացնում, այստեղ հումորի մասին խոսք գնալ, կարծես, չի կարող:
-Բայց ինչո՞ւ եք կարծում, որ ես նախագահի բոլոր ասածները պետք է մեկնաբանեմ:
-Չեք կարծո՞ւմ, որ դա բացասաբար կանդրադառնա նախագահի վարկանիշի վրա:
-Դե հիմա` կարող է մի երկու մարդ էլ նեղացած լինի, է, ինչ անենք: Էդքան լավի կողքին, մի երկու մարդ էլ թող նեղանա:
- Իսկ Գյումրիում ինչո՞ւ էր ասում` «ինչքան ուզես, էնքան խփենք», կեղծիքների՞ եք պատրաստվում:
- Բայց ինչո՞ւ եք ուզում, որ նախագահի բոլոր ասածները ես մեկնաբանեմ... Մեր մարզում նախագահի ընտրարշավը շատ բարձր մակարդակով անցավ, բազմահազար ընտրողների հետ է հանդիպել, ամեն ինչը շատ լավ էր կազմակերպված եւ լավ մթնոլորտում անցավ: Եթե մեր մարզից հարցեր ունեք` խնդրեմ, թե չէ` հեսա Սյունիքի արոտավայրերին էլ կհասնեք:
- Սյունիք չենք հասնի, բայց ես գիտեմ, որ Դուք շատ լավ ինտուիցիա ունեք, որը երբեք չի խաբում: Հետաքրքիր է` ի՞նչ է հուշում այս անգամ Ձեր ինտուիցիան, քանի՞ տոկոս ձայն կհավաքի Կոտայքի մարզում Սերժ Սարգսյանը:
- Որ հանրապետության նախագահը մեծ տարբերությամբ, մեծ առավելությամբ հաղթելու է, կարծում եմ, ոչ ոք չի կասկածում: Ես կանխատեսումներ անելու ունակություններ չունեմ, մասնագիտությամբ էլ շատ հեռու եմ դրանից, ուստի թվերով խոսել չեմ կարող: Ադիբեկ է, Ադիբեկյան է` սոցիոլոգին` իրեն հարցրեք, կանխատեսումներ թող անի:
- Լավ իսկ Ձեր ինտուիցիան ի՞նչ է հուշում` կադրային փոփոխությունների առումով, կլինե՞ն լուրջ կադրային փոփոխություններ ընտրություններից հետո:
- Կադրային փոփոխություններ անողը ես չեմ: Ովքեր դրա իրավասություններն ունեն, իրենց պետք է հարցնեք: Այս հարցը պետք է ուղղեք երկրի նախագահին: Էս երկրում միայն նախագահն ու նրա շատ նեղ շրջանապատն է կարող իմանալ, թե ինչ փոփոխություններ են լինելու:
Զրուցեց Ագնեսա Խամոյանը