կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-05-19 16:36
Արցախ

Ինչո՞ւ են Փաշինյանն ու Ալիևը միմյանց խաղերը խաղում. վերլուծում է ռուսաստանցի քաղաքագետը

Ինչո՞ւ են Փաշինյանն ու Ալիևը միմյանց խաղերը խաղում. վերլուծում է ռուսաստանցի քաղաքագետը

Այն, ինչ կատարվում է Երևանի ու Բաքվի միջև Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարի լույսի ներքո, հատկապես` Հայաստանում Նիկոլ Փաշինյանի` իշխանության գալուց հետո, առաջացնում է տարբեր երկրների փորձագետների տարակուսանքը. նշում է ռուսաստանցի քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը: Yerkir.am-ը ստորև ներկայացնում է նրա` Regnum լրատվական գործակալության կայքում հրապարակված վերլուծական հոդվածը:

Հայտնի է, որ բանակցային գործընթացում միջնորդային ջանքեր են իրականացնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Ամերիկյան  EurasiaNet-ը գրում է, որ հենց ՄԽ-ն է մեծ մասամբ կազմակերպում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումներն ու բանակցությունները: Բանակցությունները, ըստ սահմանման, ենթադրում են բանավեճ: Սակայն «Ադրբեջանը կանոնավոր կերպով հայտարարում է, որ հակամարտության որևէ լուծում անհնար է առանց երկրի տարածքային ամբողջականությունը հաշվի առնելու»: Դա առաջին և դեռևս ոչ մեկի կողմից չբացատրված` իրավիճակների պարադոքսն է: Երկրորդ պարադոքսը` Փաշինյանը համարում է, որ հակամարտող կողմերի ԱԳ նախարարների կայացած հանդիպումները, ինչպես նաև իր անձնական հանդիպումները Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ չի կարելի որակել որպես բանակցություն, այլ ընդամենը հակամարտության կարգավորման տարբեր մոտեցումների քննարկում: Բանը հասավ նրան, որ այդ գործընթացին որոշեց միջամտել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: Հիշեցնենք, որ Գորչակովի անվան հանրային դիվանագիտության աջակցության հիմնադրամի կազմակերպած կլոր սեղանի ընթացքում նա հայտարարել էր. «Ներկայումս Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային սեղանին փաստաթուղթ կա, որը ենթադրում է  Անդրկովկասում երկարատև դիմակայության փուլային լուծում»: Նրա խոսքով` «կան նաև մադրիդյան պայմանավորվածությունները, կան ռուսական կողմի` 2010-2011 թվականներին պատրաստած փաստաթղթերը` այսպես կոչված Կազանյան սկզբունքները, և կան նախագծեր, որոնք անցյալ տարվա ապրիլին Մոսկվայում Հայաստանի, Ադրբեջանի  և Ռուսաստանի արտգործնախարարների հանդիպման ժամանակ, Մինսկի խմբի մասնակցությամբ, հրապարակվել են, և դրանք ներկայումս ակտիվորեն քննարկվում են»: Փաշինյանը մոտավորապես այսպես պատասխանեց. «Իհարկե, փաստաթուղթ, հնարավոր է, կա, բանակցությունների մասնակիցներից ինչ-որ մեկը կարող էր այն ձեռքում պահել, բայց «թավշյա հեղափոխությունից» հետո Ղարաբաղյան հակամարտության կարգավորման որևէ նոր փաստաթուղթ չի առաջարկվել»: Իսկ սկսել բանակցություններն «այն կետից, որից դրանք թողել էր Սերժ Սարգսյանը», վարչապետը չի ցանկանում:

Դա «պայթեցրեց» Բաքուն, թեև շատ յուրատեսակ կերպով: Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլաևան, մեկնաբանելով իրավիճակը, հայտարարեց հետևյալը. «Ճիշտ է, նոր փաստաթուղթ բանակցային գործընթացում չկա, որովհետև նոր փաստաթղթի ու առաջարկի անհրաժեշտություն չկա: Ինչպես ասվում է Մինսկի խմբի` 2019 թ. մարտի 9-ի հայտարարության մեջ, բանակցություններն ընթանում են ըստ փաստաթղթի, որն արդեն կա բանակցային սեղանին: Փաշինյանը երբևէ հետաքրքվե՞լ է, թե վերջին երկու տարիների ընթացքում ինչով է զբաղված եղել Հայաստանի արտգործնախարարը բանակցությունների ժամանակ: Չի բացառվում, որ Հայաստանի ԱԳ նախարարը չի զեկուցել վարչապետին փաստաթղթերի մասին, որոնք համանախագահները ներկայացրել են Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարներին, ներառյալ` այս տարվա հունվարին Ժնևում անցկացված ինտենսիվ բանակցությունները»: Սակայն պատկերացնել, թե Հայաստանի արտգործնախարար Մնացականյանը Փաշինյանին չի ներկայացրել իր ադրբեջանցի գործընկեր Մամեդյարովի հետ բանակցությունների ընթացքը, գործնականում անհնար է:

Միաժամանակ, Բաքուն էլ է բլեֆ անում` Երևանի հետ շփումների գնալով, որը դրանք բանակցությունների չի համարում, և ցուցադրում է նաև իր ցավոտ կետերը, որոնց մասին չի սիրում խոսել: Այդ պատճառով կայուն տպավորություն է  ստեղծվում, որ երկու կողմն էլ, սակայն տարբեր պատճառներով, բլեֆ են անում` պաշտոնապես ընդունելով ԵԱՀԿ ՄԽ-ի օրակարգը, սակայն  ոչ պաշտոնապես գործելով իրենց գաղտնի սցենարով: Հիշեցնենք, որ Փաշինյանը պաշտոնը ստանձնելու առաջին օրից հայտարարում էր, որ բացառելու է Ղարաբաղի թեմայով ցանկացած սպեկուլյացիա: Իսկ հիմա, կարծես, Լավրովն իր հայտարարությամբ փորձեց բացահայտել կամ վերացնել մեխանիզմը, որով, հայ փորձագետներից մեկի գնահատմամբ, «ԵԱՀՄ ՄԽ համանախագահներն ու Ադրբեջանը, կարծես, մի բանակցային գործընթացում են, իսկ հայկական կողմը` բոլորովին այլ»: Այդ պատճառով, երբ Մնացականյանը հայտարարում է, որ «Հայաստանը Ղարաբաղի հարցով միակողմանի զիջումների չի գնա», հարց է ծագում` ո՞ւմ է ուղղված այդ ազդանշանը, ո՞ւմ հետ է Երևանը փորձում այդ կերպ երկխոսել:

Իդեալական տարբերակով, ըստ Փաշինյանի, սխեման պետք է այսպես աշխատի` եթե հակամարտության կարգավորման ինչ-որ տարբերակ մշակվի, այն առաջին հերթին պիտի քննարկվի Հայաստանի և Ղարաբաղի անվտանգության խորհուրդների կողմից, հետո` խորհրդարանների, այնուհետև` նաև ժողովրդի: Ո՞վ կարող է այսօր որոշել, թե նշված աստիճաններից որի վրա է Երևանը: Նաև` Փաշինյանը հանկարծ որոշեց հայտարարել, որ  Ալիևի հետ Ղարաբաղյան հիմնահարցով հանդիպումների ժամանակ հաստատվել է բաց ու անկեղծ մթնոլորտ: «Չեմ հիշում, թե քանի անգամ եմ առիթ ունեցել նախագահ Ալիևի հետ հանդիպելու: Կարող եմ ասել, որ մենք շփվում ենք ուղիղ և բաց, և այդ քննարկումների ժամանակ հաստատվել է ուղիղ, անկեղծ մթնոլորտ,- ասել է նա առցանց ասուլիսի ժամանակ:- Մենք հստակ ֆիքսում ենք մեր դիրքորոշումները և արձանագրում, որ պետք է աշխատենք, քանի որ մեր  այսօրվա դիրքորոշումները հայտնի են, հրապարակային արտահայտվել են: Եվ մենք հասկանում ենք, որ պիտի աշխատենք, որպեսզի լուծում գտնենք, որը կարող է ընդունելի լինել թե՛ Հայաստանի, թե՛ Ղարաբաղի և թե՛ Ադրբեջանի ժողովուրդների համար: Դա քիչ չէ` խոսակցության այդպիսի մթնոլորտի առկայությունը, չնայած գործնական արդյունքներ չկան»:

Սրանում ևս մի պարադոքս կա: Ալիևը, որը տեսականորեն շանս ուներ օգտվելու Հայաստանի թուլացումից` Երևանում իշխանության փոփոխության հետ կապված, գործնականում սկսեց օժանդակել Փաշինյանին` նրա համար անհաղթահարելի խնդիրներ չստեղծելով: Լինելով հետախորհրդային տարածքի փորձառու քաղաքական գործիչ` Ադրբեջանի նախագահը ոչ մի բան հենց այնպես չի անում: Վարչապետի հետ նա, կարծես, Ղարաբաղյան կարգավորման հարցում որոշակի հույսեր է կապում` նրան մանևրելու կամ ֆորսմաժորային բնույթի գործողություններ իրականացնելու հնարավորություն ու ժամանակ տալով: Առավել ևս, որ Երևանը Բաքվի հետ բանակցությունները վարում է ԵԱՀԿ ՄԽ միջնորդությամբ` նախկին ձևաչափով և գաղտնիության պայմաններում, իսկ հրապարակավ խոսում է «Արցախը բանակցությունների սեղանի շուրջը վերադարձնելու» անհրաժեշտության մասին: Թեև կարող էր և հակառակը լինել` բանակցային գործընթացում Արցախը չկա, չկան և բանակցությունները:

«Իրավական տեսանկյունից` Ալիևը ճիշտ է. Ղարաբաղը միջազգային մակարդակում ճանաչվել է որպես Ադրբեջանի մաս, սակայն կտրուկ տոնայնությունը, որով նա հայտարարեց այդ մասին, ակներևաբար թույլ չի  տալիս այլ տարբերակ, թեև բանակցությունների ներկայիս շրջանակները ենթադրում են, որ տարածքի վերջնական կարգավիճակը, այնուամենայնիվ, բանավեճի առարկա է»,- գրում է EurasiaNet-ը:

Լեռնային Ղարաբաղի շուրջ խաղերն ու քաղաքական պարերը շարունակվում են: