Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Կրթության մասին» և «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքներում լրացումներ ու փոփոխություններ կատարելու օրենքների նախագծի քննարկման ժամանակ ԿԳ նախաար Արմեն Աշոտյանին բուհերի ՀՀԿ-ացման խնդրի մասին հարցով դիմեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
«Մի քանի անգամ այս դահլիճում արդեն խոսել եմ ՀՀ բուհերը, ուսանողական խորհուրդները հանրապետականացնելու խնդրի մասին: Ես լրատվամիջոցներում տեսա՝ Երևանի տնտեսագիտական համալսարանի Գյումրիի մասնաճյուղում փորձ է արվում նմանատիպ պրոցեսներ իրականացնել, և հայտնի պատմությունների հերոսներից մեկն այժմ էլ գործուղվել է Գյումրի, որպեսզի հանրապետականացնի տնտեսագիտական համալսարանի Գյումրիի մասնաճյուղի ուսանողական խորհուրդը, ինչը բողոքի ալիք է բարձրացրել մասնաճյուղում, և բարեբախտաբար, ընտրությունները ձախողվել են»,- նշեց ՀԱԿ պատգամավորը:
Նիկոլ Փաշինյանի խոսքով` կառավարությունը նախորդ քննարկումներից համապատասխան եզրակացություններ ու հետևությունների չի արել, և եթե առաջիկայում էլ այդ հետևությունները չարվեն, ուրեմն թեման կրկին բարձրացվելու է խորհրդարանում:
Արմեն Աշոտյանն այսպես արձագանքեց. «Իմ քաղաքական գործունեության մեջ ես իմ հույսը դնում եմ հակառակորդների ուժեղ կողմերի վրա: Ընդդիմախոսների թույլ կողմերը չեն կարող մեզ համար լինել առաջնորդող գործոն: Ուստի երկար ժամանակ, քանի դեռ Դուք պատգամավոր եք, ու այնքան ժամանակ, քանի դեռ ես նախարար եմ, ցանկացած հարց այս ամբիոնից կարող եմ Ձեզ հետ միասին քննարկել: Դուք ինձ մեղադրում եք հանրապետականացնելու մեջ, մյուս կողմից` խնդրում եք դա կանխել, կողմնորոշվեք` ես ո՞ր դերակատարն եմ՝ ըստ Ձեզ»:
ԿԳ նախարարը շեշտեց, որ ԿԳՆ-ն չպետք է խառնվի պետական բուհերից մեկի մասնաճյուղի ուսխորհրդի ընտրությունների գործընթացին: Նրա խոսքով` եթե ուսանողն ունի քաղաքական հայացքներ բուհից դուրս, ազատ կարող է դրանք իրացնել, իսկ բուհի ներսում ՀՀԿ-ականներն էլ, ՕԵԿ-ականներն էլ, ՀԱԿ-ականներն էլ կարող են առաջադրվել ցանկացած պաշտոնում:
«Եթե հավատամ նրան, ինչ Դուք ասում եք, կստացվի, որ դիսկրիմինացիոն տեսակետներ ունեք, ուզում եք մարդուն դիսկրիմինացիայի ենթարկել քաղաքական հայացքների համար: Ինչ է` ՀՀԿ-ական է, ուրեմն պիտի իրավունք չունենա՞ մասնակցելու գործընթացին»,- նշեց ԿԳ նախարար Աշոտյանը`հավելելով, որ սա ոչ այլ ինչ է, եթե ոչ մարդու իրավունքների սահմանափակում՝ քաղաքական հայացքներով պայմանավորված: Նա նշեց նաև, որ ինքը երբեք չի խառնվել, թող մարդիկ որոշեն՝ ում են ընտրելու:
Նիկոլ Փաշինյանը արձագանքեց նախարարին՝ ասելով, որ ԿԳ նախարարը՝ որպես տնտեսագիտականի խորհրդի անդամ, պետք է կասեցնի հանրապետական ուսանողական «բանդաների» գործունեությունը: Հակառակ դեպքում` ՀՀ քաղաքացիները իրենք դա կանեն` իրենց հասու մեթոդներով:
«Ես Ձեզ չեմ խնդրում, ես զգուշացնում եմ: Հետո չասեք, թե չենք զգուշացրել»,- ասաց ՀԱԿ պատգամավորը:
«Ձեր զգուշացումների կարիքը չունեմ, ոչ էլ նախազգուշացումների, ոչ էլ թույլ կտամ, որ այս դահլիճում կառավարության ներկայացուցչի հետ որևէ մեկը խոսի քողարկված սպառնալիքների լեզվով: Ես Ձեզ վստահեցնում եմ, որ ցանկացած ազդեցություն ծնում է հակազդեցություն: Ես չեմ խառնվելու ուսանողների ազատ կամաարտահայտությանը: Ինչ վերաբերում է «բանդաներին», եկեք դրա մասին չխոսենք, ամոթ է, պատիվ չի բերում արձագանքնել նման բառամթերքով արտահայտված մտքերին»,- եզրափակեց Աշոտյանը:
«Զգուշացումներն ավարտվեցին: Դաս տալու համար` Թևան Պողոսյան»,- արձագանքեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: