կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-07-26 13:13
Հասարակություն

Մեքենա այրելը հուսահատ քայլ է. հոգեբանը վերլուծում է զինված խմբի գործողությունները

Մեքենա այրելը հուսահատ քայլ է. հոգեբանը վերլուծում է զինված խմբի գործողությունները

Այսօր լրագրողների հետ հանդիպեցին հոգեբան Միհրդատ Մադաթյանը և նկարիչ Փարավոն Միրզոյանը. նրանք անդրադարձան Երևանում արդեն 10-րդ օրը շարունակվող արտակարգ իրավիճակին, և դրա հոգեբանական ազդեցությանը հասարակության վրա:

Փարավոն Միրզոյանը նշեց, որ անձամբ ինքը հոգեբանական վատ  վիճակներ է ապրել, վատ է զգացել այն մտքից, որ հայ մարդը հայ մարդուն կարող է սպանել: Նրա խոսքով՝ հայ ազգը հին քաղաքակրթության ազգ է, ու չի կարելի, վայել չէ, որ հայի ճակատին լինի սպանության էմբլեմա:

«Պետք է ամեն ինչ անել, որ արյուն չթափվի, խոհեմություն է պետք, իսկ խնդրի լուծման մասին իշխանությունները պետք է մտածեն, դա պետք է լինի խաղաղ ճանապարհ, արյուն հեղելու իրավունք չունենք»,- ասաց Փարավոն Միրզոյանը:

Հոգեբան Միհրդատ Մադաթյանի խոսքով՝ ժողովրդի ըմբոստությունը կուտակված էր ժողովրդի մեջ, որը կուլմինացիայի հասավ ապրիլյան ռազմական բախումների ժամանակ: Ժողովուրդը ոստիկանությանը որպես թշնամի է ընդունում, մինչդեռ նրանք ընդամենը հրաման են կատարում:

«Խնդիրն այն է, որ չկան լիդերներ, իսկ երբ դրանք հայտվում են, դրանց ժողովուրդը չի ընդունում: Նույն ձևով չկա մասնակցություն կառավարության կողմից: Եվ եթե չկա լիդեր, ապա ձևավորված շարժումը կդատապարտվի քայքայման: Եթե շուտափույթ լիդերներ չհայտնվեն, շարժումը կվերածվի քաոսի»,- ասաց հոգեբանը՝ հավելելով, որ չկա այն անբասիր լիդերը, որը կարող է հայտնվել, որպես այլընտրանք:

Նրա խոսքով՝ զինված խմբի անդամները այդ քայլին գնալիս պատրաստ են եղել, գիտակցել են, թե ինչի են գնում: Եվ, իհարկե, գազի, լույսի, ջրի անջատումը, բլոկադան, սննդի բացակայությունը, պատասխանատվության, լարվածության, անորոշության հարցը անխուսափելիորեն հանգեցնելու է զինված խմբի անդամների անհավասարակշիռ վիճակի առաջացմանը:

Ըստ հոգեբանի, հարցը ոչ թե զինված խմբի անդամների անձի մեջ է, թե որքանով են նրանք թույլ կամ կամային, խոսքը ոչ թե նրանց արարքի սխալ կամ ճիշտ լինելու մասին է, այլ՝ արարքի սթափ ու ոչ սթափ լինելու մասին: «Տեսեք, արդեն որերորդ մեքենան են այրում, արդյո՞ք դա սթափ քայլ է, մանավանդ որ որպես բողոքի արտահայտման ձև իր անդրադարձը չի տալիս: Մեքենա այրելը ես գնահատում եմ, որպես հուսահատ քայլ, որովհետև նրանց զրկել են սննդից, նրանք շրջափակված են, նրանց վրա հոգեբանական ճնշում է գործադրվում»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է հարցին, որ սնունդ չտրամադրելը հումանիստական քայլ չէ իշխանությունների կողմից, հոգեբանը նշեց, որ զինված խմբի անդամների արած քայլերն էլ հումանիստական չեն եղել ի սկզբանե, դրանք ագրեսիվ քայլեր են եղել, ուստի նրանք պետք է պատրաստ լինեն իշխանությունների կողմից պատասխան ագրեսիվ գործողությունների: Հարցին, թե հոգեբանորեն ինչ հանգուցալուծում կլինի ստեղծված իրավիճակում, հոգեբանը նշեց, որ հանգուցալուծում կլինի այն պահին, երբ կողմերից մեկի նյարդերը առաջինը տեղի տան:

Ըստ երևույթին, զինված խմբի անդամների նյարդերը առաջինը տեղի կտան, քանի որ նրանք են այս պահին գտնվում նեղ իրավիճակում: