կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2019-12-23 19:43
Քաղաքական

Փաշինյանն ու Ալիևը Ղարաբաղի հարցում բոլորի հետ «փակ» են խաղում. Տարասով

Փաշինյանն ու Ալիևը Ղարաբաղի հարցում բոլորի հետ «փակ» են խաղում. Տարասով

Միջազգային ճգնաժամային խումբը, որը մոտ 80 աշխատակից ունի 5 մայրցամաքում և զբաղվում է տարբեր հակամարտությունների վերլուծությամբ, հերթական զեկույցն է հրապարակել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդիրների վերաբերյալ: Նմանատիպ վերլուծությունները որոշակի հետաքրքրություն են առաջացնում համաշխարհային վերլուծական հանրության պատկերացումներին ծանոթանալու, հակամարտությունների ծագումնաբանության, կարգավորման պոտենցիալ հնարավորությունների հայտնաբերման տեսանկյունից. ըստ yerkir.am-ի՝ Regnum-ում հրապարակած իր հոդվածում գրում է ռուսաստանցի քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը:

Ըստ նրա՝ Միջազգային ճգնաժամային խմբի դիտարկումները վերծանման կարիք ունեն, առաջին հերթին՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի շուրջ բանավեճի վերաբերյալ՝ ԼՂ-ն կլինի Ադրբեջանի մա՞ս, կմնա անկա՞խ, թե՞ կմիանա Հայաստանին: ՄՃԽ-ն ընդգծում է, որ թեև կողմերը հակասական հայտարարություններ են անում կարգավիճակի վերաբերյալ, 25 տարվա բանակցությունների ընթացքում միակ բեկումն այդ հարցում տեղի է ունեցել 2007-ին՝ Մադրիդում ԵԱՀԿ արտգործնախարարների հանդիպման ժամանակ, երբ մշակվեցին հայտնի սկզբունքները, որոնք ընկած են բանակցային գործընթացի հիմքում, և որոնցից հակամարտող կողմերը պաշտոնապես չեն հրաժարվել:

«Հետո նրանք ընդունեցին երեք սկզբունք՝ ամրագրված 6 տարրով: Այդ սկզբունքներից մեկով Լեռնային Ղարաբաղին տրամադրվում է «միջանկյալ կարգավիճակ», իսկ հետո՝ վերջնական կարգավիճակի որոշում՝ հանրաքվեի կամ քվեարկության միջոցով: Սակայն հարցին՝ կարո՞ղ էր 2007-ին սկսված մադրիդյան գործընթացը հաջողությամբ պսակվել, դժվար է պատասխանել: Նաև՝ հարցին, թե ինչո՞ւ Բաքուն, հայտարարելով Լեռնային Ղարաբաղին լայն ինքնավարություն տրամադրելու մասին,  մինչ օրս չի մշակել ու չի առաջարկել համապատասխան «ճանապարհային քարտեզ»: Եթե այդ պահը համարենք մեկնարկի կետ, ապա հետագայում հակամարտության կարգավորման հարցով բոլոր բանակցություններն ընթացել են դեգրադացման սցենարով, որի գագաթնակետը քառօրյա ապրիլյան պատերազմն էր 2016-ին»,- գրում է Տարասովը:

Ըստ նրա՝ բանակցային գործընթացում նոր փուլ է սկսվել, երբ Հայաստանում իշխանության է եկել Նիկոլ Փաշինյանը: «Նրա նախնական հայտարարությունները Ստեփանակերտի՝ բանակցություններին որպես հակամարտության կողմ մասնակցելու անհրաժեշտության մասին, չնայած որոշ կանխատեսումների, Բաքվի ու Երևանի բանավեճերի դաշտը փաստացի վերադարձնում էին 2007-ի վիճակին: Հանելուկն այն է, որ ադրբեջանական կողմը դրական ընդունեց հայկական իշխանության փոփոխությունը, իսկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շփման գնաց Փաշինյանի հետ՝ պայմանավորվածություն ձեռք բերելով պաշտպանական գերատեսչությունների միջև օպերատիվ կապի ստեղծման և շփման գծում լարվածության նվազեցման մասին: Սակայն 2019-ի կեսերից անհայտ պատճառներով այդ գործընթացը տապալվեց. Փաշինյանը հայտարարեց՝ «Ղարաբաղը Հայաստան է, և վերջ», Ալիևը պատասխանեց՝«Ղարաբաղն Ադրբեջան է, և բացականչական նշան»: Այս երկու արտահայտությւնների միջև ինչ-որ տեղ Հայաստանի վարչապետի հայտարարությունն է, թե հակամարտության կարգավորումը պետք է համապատասխանի ոչ միայն Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի բնակչության, այլ նաև Ադրբեջանի շահերին»,- գրում է ռուսաստանցի քաղաքագետը՝ ընդգծելով, որ ՄՃԽ-ն ենթադրում է, որ բոլորն այդ ժամանակ սպասում էին, որ Բաքուն Երևանին կառաջարկի իր պատկերացումները ԼՂ կարգավիճակի մասին, սակայն սպասումները չարդարացան:

Արդյունքում, ըստ հայտնի  ռուսաստանցի քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովի, հայ-ադրբեջանական հակամարտությունը յուրօրինակ ճոճանակի է նմանվել, երբ  զինված միջադեպերին հաջորդում են բանակցային ռաունդները, և ոչ թե կարգավորման գործընթաց է ընթանում, այլ «Ո՛չ խաղաղություն, ո՛չ պատերազմ» իրավիճակի վնասները նվազագույնի հասցնելու կառավարում:

«Խնդիրն այն է, որ Ադրբեջանի և Հայաստանի հիմնական որոշումները սահմանվել և սահմանվելու են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հնարավոր հեռանկարներով, որոնք սկսել են կապվել ինչպես Անդրկովկասի, այնպես էլ՝ հարևան Մերձավոր Արևելքի աշխարհաքաղաքական նոր թրենդների հետ: Ընդ որում՝ եթե Երևանը շարունակում է  գլխավոր շեշտը դնել Ռուսաստանի հետ կապերի վրա, Բաքուն այս, թե այն կերպ ավելի ակտիվորեն է դիվերսիֆիկացնում իր արտաքին քաղաքականությունը: Ինչ վերաբերում է Մոսկվային, ապա նա չի փոխի իր՝ Ղարաբաղյան հակամարտությանը հավասարապես հեռու լինելու քաղաքականությունը, եթե միջազգային կամ տարածաշրջանային օրակարգերում հատուկ փոփոխություններ չլինեն: Սակայն դա մինչև այն պահը, քանի դեռ նրա և ԱՄՆ-ի միջև պահպանվում է ընտրողական համագործակցությունը Ղարաբաղյան կարգավորման հարցով: Ըստ որոշ կանխանշանների՝ ԱՄՆ Կոնգրեսի կողմից 1915-ի Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև, Գոլանի բարձունքները Իսրայելին պատկանելու մասին հայտարարություն, ԵԱՀԿ ՄԽ ձևաչափում գոյություն ունեցող ալյանսը կարող է ճաքեր տալ: Հենց այդ համատեքստում լրջորեն պետք է ընկալել Միջազգային ճգնաժամային խմբի նախազգուշացումները, որ «Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի պատճառով ստեղծված փակուղային իրավիճակը ոչ միայն գործնականում հնարավորություն չի տալիս քննարկելու բոլոր մյուս հարցերը, այլ նաև կարող է հանգեցնել անսպասելի ռազմական էսկալացիայի»: Բայց ինչպե՞ս: Հակամարտող կողմերից յուրաքանչյուրն իրենն է պնդում՝ նույնիսկ մանիպուլացնելով ԵԱՀԿ ՄԽ միջնորդների ջանքերը՝ մեկ ինչ-որ «փոխզիջումային որոշումների» մասին ակնարկելով, մեկ հրաժարվելով դրանցից: Դա է պատճառը, որ փորձագետներն ու հանրությունը մինչ օրս ենթադրություններ են միայն անում՝ ինչի՞ մասին են խոսում կողմերը: Ընդ որում՝ կա կողմ, որը շահագրգռված է իրադարձությունների նման ընթացքով, սակայն ո՞րը՝ Բաքո՞ւն, թե՞ Երևանը: Կամ գուցե մեկ ուրիշը»,- գրում է Ստանիսլավ Տարասովը: