Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«5-րդ ալիքի» ֆիլմը ուրիշ բան է ասում, իրականությունը մի քիչ այլ է և պետք է հասկանանք՝ մեր երկրի անվտանգության համակարգի համար որն է կարևորը՝ ըստ Yerkir.am-ի լրագրողներին ասաց Քառօրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ մեկնաբանելով արդեն երկրորդ անգամ հանձնաժողով հրավիրված՝ Ապրիլյան պատերազմի ժամանակ Զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետ, այժմ՝ վարչապետ Փաշինյանի խորհրդական Արշակ Կարապետյանի հարցաքննությունը:
«Ինչ-որ բանից սկսվել է Ապրիլյան պատերազմը, ինչ-որ բանով ավարտվել է, հիմա պիտի ուսումնասիրենք, հասկանանք՝ ավարտը ինչպիսին է»,-ասաց նա։
Այս մասին տվյալները գաղտնի պահել Կարապետյանը խնդրե՞լ է, թե՞ ոչ՝ հարցը Անդրանիկ Քոչարյանին տարօրինակ թվաց․ «Մեզ պետք չէ խնդրել, պետական գաղտնիքի մասին օրենքը պարտադրում է, խնդրելս ո՞րն է, մենք ստացել ենք այնքան տեղեկատվություն, որը մեզ հնարավորություն է տալիս ունենալ ամբողջական վերլուծություն»։
Արշակ Կարապետյանի առաջին և երկրորդ ցուցմունքների միջև հնարավոր հակասությունների մասին հարցին Քոչարյանը պատասխանեց, որ այստեղ հակասությունների խնդիրը չէ, ամբողջացնելու խնդիրն է։
«Բավականին օգնեց այսօրվա տեղեկությունները, քանի որ մինչև Արշակ Կարապետյանին հրավիրելը լսել էինք Պաշտպանության բանակի հրամանատարին, որը շատ կարևոր էր, լսել էինք Հատուկ նշանակության բրիգադի հրամանատարին, որն անմիջականորեն պարոն Կարապետյանի հրամանատարության տակ է գործել, այնպես որ, մեր այս հանդիպումները պատահականության սկզբունքով չեն, մեր հանդիպումները կոնկրետ տեղավորվում են անվտանգության ձևաչափի մեջ, որը վերաբերում է ապրիլյան օրերին»,-ասաց նա։
Լրագրողները հիշեցրին, որ Անդրանիկ Քոչարյանը Լևոն Մնացականյանի հետ հարցազրույցից հետո ասաց, որ ՊԲ-ն իր առջև դրված խնդիրը որքան կարողացել է, կատարել է․ արդյո՞ք սա նշանակում է, որ հետախությունն է թերացել։
«Դուք «հետախուզություն» բառի մոգական ազդեցության տակ եք ընկնում, հետախուզությունը ամեն ինչ չէ, որ կարող է անել, բայց մեր երկիրը պետք է մի օր ունենա այնպիսի հետախուզություն, որոնք կանխում են շատ նմանատիպ ավանտյուրաներ, ինչպիսին, ասենք, Մոսադն է, ԱՄՆ-ի Կենտորնական հետախուզական վարչությունը, Ռուսաստանը իր հետախուզական ծառայությունները շարունակում է զարգացնել։ Մեր երկրի առաջնահերթություններից է հետախուզական ամբողջ տնտեսությունը կարգի բերելը, ուժեղացնելը և տալ հեռանկար, որ ապագայում օր առաջ տեղեկացված լինենք»,-պատասխանեց Քոչարյանը։
Նա նաև տեղեկացրեց, որ հանձնաժողովը հրապարակելու է թույլատրելի բոլոր հարցերի պատասխանները․ «Նաև՝ գաղտնիություն պարունակողը՝ պետական գաղտնիքի մասին օրենքի պահանջների բավարարումով»։
Քոչարյանն ասաց, որ այս պահին շարունակում է մնալ մեկ կարևոր անձնավորության խնդիրը, որը մինչև հունիսի 4-ը ժամանակ ունի ապրիլյան քննիչ հանձնաժողովի աշխատանքներին մասնակցելու. դա գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովն է։ «Բնականաբար, նաեւ պարոն Կարապետյանին երկրորդ անգամ հրավիրելը կապված է նաեւ պարոն Խաչատուրովի չգալու հետ»,-ասաց նա։
«Մենք այլեւս հրավեր չենք ուղարկելու, ես ձեր միջոցով ասում եմ եւ պարոն Խաչատուրովը գիտի, որ պետք է գա: Ոչ միայն ինքը գիտի, այլ նաեւ իր ընտանիքի անդամները, ընկերները, մարտական ընկերները, որոնք եղել են հանձնաժողովում: Իրենք էլ գտնում են, որ ճիշտ կլիներ, որ Խաչատուրովը մասնակցեր հանձնաժողովի աշխատանքներին, առավել եւս, որ ինքը անկաշկանդ «5-րդ ալիքի» պատրաստած ֆիլմում պատմում է դրվագներ, նույն դրվագները գար հանձնաժողովում պատմեր, որ եթե մեզ մոտ հարցեր լինեին՝ տայինք, իսկ ես կարծում եմ՝ այդ ֆիլմից հետո մեզ մոտ ավելի շատ հարցեր են առաջացել»,-ասաց Քոչարյանը:
Նա տեղեկացրեց, որ Ապրիլյանի հանձնաժողովն աշխատանքը կավարտի հունիսի 4-ին, իսկ զեկույցը կներկայացնի սեպտեմբերին։
Նշենք, որ հանձնաժողովում հարցաքննությունից դուրս եկած Արշակ Կարապետյանը խուսափել էր լրագրողների հարցերին ըստ էության պատասխանելուց՝ նշելով, որ իր տեղեկությունները գաղտնիություն են պարունակում։
Հիշեցնենք, Արշակ Կարապետյանն առաջին անգամ հանձնաժողով էր եկել նախորդ տարվա հոկտեմբերին։ Այդ հանդիպումից հետո էլ հրաժարվել էր պատասխանել լրագրողների հարցերին: Մինչդեռ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ բոլոր նախադրյալները եղել են, որ հակառակորդը պատրաստվում է հարձակման:
Կարապետյանի` առաջին անգամ հանձնաժողով գալուց հետո հանձնաժողովը հյուրընկալել է պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին, զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանին (պատերազմի ժամանակ զբաղեցնում էր ԳՇ օպերատիվ վարչության պետի պաշտոնը), պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանին, Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին, նախկին վարչապետ Կարեն Կարապետյանին: Հանձնաժողովը հրավեր է ուղարկել նաև ԱԳ նախկին նախարար Էդվարդ Նալբանդյանին: Միակ նախկին բարձրաստիճան զինվորականը, ով հրաժարվել է գալ հանձնաժողով, զինված ուժերի նախկին շտաբի պետ Յուրի Խաչատուրովն է:
Մանրամասն՝ տեսանյութում․