Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ նիստում, երբ քննարկվում էր կուտակայինի վերաբերյալ կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը հարց ուղղեց ԱԺ սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական պատգամավոր Հակոբ Հակոբյանին, թե ինչո՞ւ կուտակայինի հետ կապված հարցերում չի մտցվում հստակություն:
«Ինչո՞ւ եք հասարակությանը աժիոտաժի մեջ գցում, եթե հարցը շատ պրիմիտիվ է, ու կարելի է որոշում կայացնել մի քանի ժամվա ընթացքում, ինչո՞ւ եք ժամանակ ձգում ու հասարակությանը շփոթի մեջ գցում»,- հարցրեց պատգամավորը` հավելելով, որ կուտակայինի հարցով Հակոբ Հակոբյանի հայտարարությունները այնքան միմյանց հակասող են, որ նրա ասածներին վստահելը դարձել է խնդրահարույց:
Հակով Հակոբյանը նախ նշեց, որ օրենքի հետ կապված բարդությունները և ձգձգումը կապված են ՍԴ որոշման հետ, այսինքն` չեն կարգավորվել այն նպատակները, որոնք դրված են եղել հանրության առաջ: «Ով հաշվել է վճարները, թող հաշվի, ով չի հաշվել , պատասխանատվության չի ենթարկվելու: Մենք ասում ենք, թող այս վիճակը մնա` մինչև օրենքի նոր նախագիծը և վերջնական որոշման կայացումը: Խոսում եք վստահությունից, պարո'ն Բագրատյան, Դուք մեկ անգամ մասնակցել եք նախագահի ընտրություններին, մեկ անգամ էլ` ԱԺ նախագահի ընտրություններին, որքա՞ն քվե եք հավաքել, որ խոսում եք վստահությունից: Երբ ՍԴ անդամը հեռուստացույցի առաջ ասում է մեկ բան, տասը րոպե հետո ասում է մեկ այլ բան, ապա ինձանից ի՞նչ եք ուզում»,- նեղսրտեց Հակոբ Հակոբյանը:
Հրանտ Բագրատյանը արձագանքեց, որ նախագահական ընտրություններին հավաքել է ինը տոկոս, որից յոթը գողացվել է հանրապետական թեկնածուին գոհացնելու նպատակով, իսկ ԱԺ նախագահի ընտրություններում ինքը երեք ձայն չի հավաքել, այլ ավելին, և դրա մասին պատգամավորը դեռ բարձրաձայնելու է: «Էդպես մի խոսեք, այլ պատասխանեք իմ հարցին: ՍԴ-ն էլ է ձերը, գուցե զանգենք ՍԴ, հարցնե՞նք, թե ինչ են որոշել, չէ՞ որ դուք եք նշանակել ՍԴ անդամներին, չէ որ մարդիկ չգիտեն` ինչ անեն»,- ասաց Հրանտ Բագրատյանը: