Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը պատասխանել է լրագրողների հարցերին: Մասնավորապես հարցին` Ադրբեջանի ԱԳ նախարարն ասել է, որ ժամանակն է փոխել ստատուս քվոն և անցնել բովանդակային բանակցությունների` Սանկտ Պետերբուրգում և Մոսկվայում քննարկված փաստաթղթերի հիման վրա, սա ինչպե՞ս է մեկնաբանում ՀՀ ԱԳ նախարարությունը, Նալբանդյանը պատասխանել է, որ դա Ադրբեջանի երևակայությունն է:
Ըստ նրա` Մոսկվայում երկու երկրների ԱԳ նախարարները որևէ փաստաթղթի շուրջ բանակցություններ չեն վարել, եթե որևէ տեքստ քննարկվել է, դա եղել է մամլո հաղորդագրության տեքստը, որը հաստատվել է նախարարների միջև` եռանախագահների մասնակցությամբ: «Այդ տեքստը հետագայում նույնությամբ հրապարակվել է Ռուսաստանի և Հայաստանի ԱԳ նախարարությունների կողմից, իսկ Ադրբեջանի ԱԳ նախարարությունը հրապարակել է իր վարկածը, որում ասել է ոչ թե իրականությունը, որ համանախագահները կարևորեցին Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը, այլ` թե նախարարները բանակցեցին Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում բանակցությունները»,- ասաց նա` ընդգծելով, որ լրիվ անհեթեթ ինչ-որ մի բան էր հրապարակվել Ադրբեջանի կողմից:
Սանկտ Պետերբուրգի փաստաթղթի մասին էլ, Նալբանդյանի խոսքով, նախագահները հայտարարություն են հրապարակել, որում ամեն ինչ ասված է: Ընդ որում` Բաքուն փորձեց իր մեկնաբանությունը տալ, իսկ ՌԴ ԱԳ նախարարն այդ մեկնաբանությունները որակեց որպես այլասերված: «Դա սպառիչ որակում էր, և դրան ավելացնելու շատ բան չկա: Դա է Հայաստանի և Ադրբեջանի տարբերությունը` մենք խոսում ենք փաստերով, իսկ նրանք` տպավորություններով` հիմնված ինչ-որ երևակայությունների վրա»,- շեշտեց Նալբանդյանը:
Անդրադառնալով Ադրբեջանի ԱԳ նախարարի այն ասածին, թե ստատուս քվոն պետք է փոխվի, ՀՀ արտգործնախարարը նշեց, որ այնպիսի տպավորություն է, որ ադրբեջանցի պաշտոնյաներն ինչ-որ յուրահատուկ տաղանդ ունեն` ֆիքսվել ինչ-որ մի բանի վրա և բազմաթիվ անգամ կրկնել` արժեզրկելով ասածի իմաստը, և հատկապես` անել լրիվ հակառակը: «Դա ստատուս քվոյին էլ է վերաբերում: Ո՞վ է խոչընդոտում իրականացմանը և չի իրականացնում այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվում բանակցությունների ժամանակ, իհարկե` Ադրբեջանը: Բաքվի բրենդն է դարձել` ասել մի բան, անել լրիվ ուրիշ բան»,- ասաց նա:
Նալբանդյանն անդրադարձավ նաև այն բանին, որ ինքը, ընդունելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, նշել է, որ ժամանակն է` նրանք հայտարարություններից անցնեն կոնկրետ գործողությունների` զսպելով Ադրբեջանին: Հարցին` արդյո՞ք կարծում է, որ միջազգային հանրությունը, համանախագահները պատժիչ գործողություններ կիրականացնեն Ադրբեջանի նկատմամբ, նա արձագանքեց. «Եռանախագահող երկրները բազմիցս են հայտարարել, որ այն կողմը, որը կգնա ուժի կիրառման և զինադադարի խախտման, խստորեն կդատապարտվի: Եղել են դեպքեր, որ եռանախագահները հասցեական հայտարարույթյուններ են արել: Դա ի՞նչ է նշանակում, լոկ հայտարարությո՞ւն է, չեմ կարծում: Չնայած Ադրբեջանը ձևացնում է, թե իրեն չի վերաբերում այդ կոչը, նա ձևացնում է, թե կարող է արհամարհել այդ հայտարարությունները, բոլորին է պարզ` ով է խոչընդոտում հետաքննության մեխանիզմների տեղադրմանը, ուղղակի նրանք միջնորդ երկրներ են և փորձում են հնարավորինս հավասարակշիռ քաղաքականություն վարել»,- ընդգծեց Նալբանդյանը, ապա հավելեց. «Բայց որքա՞ն ժամանակ է պետք, որ հայտարարություններից դուրս գան և սանձեն Ադրբեջանի այն քայլերը, որ սասանում է տարածաշրջանի խաղաղությունը»:
Նա կարծիք հայտնեց, որ միջազգային հանրությունը հանգում է դրան, որ այն երկիրը, որը, փաստորեն, խաղաղության դեմ է, սպառնում է ռազմական ուժի լուծմամբ լուծել այս խնդիրը, այդ երկրի նկատմամբ պետք է համապատասխան քայլեր կատարել: