կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-04-29 23:29
Քաղաքական

Ինչու՞ են ԱԴ պայմաններում հրավիրում Վանոյի բանդայի անդամին վաղաժամ արձակելու վերաբերյալ դատական նիստ. տուժողի որդու դիտարկումները

Ինչու՞ են ԱԴ պայմաններում հրավիրում Վանոյի բանդայի անդամին վաղաժամ արձակելու վերաբերյալ դատական նիստ. տուժողի որդու դիտարկումները

Բանդայի՝ ցմահ ազատազրկված անդամներից մեկի ազատ արձակման պատմությունը սկսվել է անցյալ տարվա մարտ ամսից, և նույն բանդայի կատարող անդամներից մեկի՝ Ալիկ Գրիգորյանի հարցը վաղը քննվելու է Երևանի Առաջին ատյանի դատարանի Ավան-Նոր Նորք նստավայրում. այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում նշեց Վանո Սիրադեղյանի հայտնի բանդայի զոհերից մեկի՝ Աշտարակի շրջխորհրդի գործկոմի նախագահ, ՀՅԴ անդամ Հովհաննես Սուքիասյանի որդին՝ Թադևոս Սուքիասյանը, ով նշեց, որ ազատ արձակման վերաբերյալ առաջին նիստը տեղի է ունեցել 2019 թ. հոկտեմբեր ամսին և հետաձգվել է  պրոբացիոն ծառայության աշխատակցի չներկայանալու պատճառով։

Հիշեցնենք, որ անցյալ տարի Երևանի ընդհանուր իրավասության դատարանը վարույթ էր ընդունել «Նուբարաշեն» ՔԿՀ դատապարտյալ Ալիկ Գրիգորյանին պայմանական վաղաժամկետ ազատելու հարցը քննելու վերաբերյալ, ինչը մեծ դժգոհություն էր առաջացրել։ Ալիկ Գրիգորյանի և բանդայի ղեկավար անձանցից Արմեն Տեր-Սահակյանի կողմից քաղաքական հողի վրա իրականացված ծանրագույն հանցագործությունների թվում, ի շարս այլ հանցագործությունների և սպանությունների, 1992 թ. սեպտեմբերի 18-ին Աշտարակի շրջխորհրդի գործկոմի նախագահ, ՀՅԴ անդամ Հովհաննես Սուքիասյանի ու նրա քրոջ որդու՝ վարորդ Վարուժան Աբրահամյանի սպանությունն է:

Թադևոս Սուքիասյանը նշեց, որ հաջորդ նիստը վերանշանակվել էր դեկտեմբերին, սակայն դատարանը, առանց տուժող կողմին տեղեկացնելու, անորոշ ժամանակով հետաձգել էր նիստը՝ դատավորի թոշակի գնալու պատճառաբանությամբ։

«Բոլորիս այժմ մտատանջում է մեկ հարց. ինչո՞ւ այս պայմաններում, երբ հանրապետությունում մինչև մայիսի 14-ը հայտարարված է արտակարգ դրություն և նույնիսկ հուղարկավորության կամ հոգեհանգստի ժամանակ չի թույլատրվում 20-ից ավել մարդկանց ներկայությունը, արգելում են հարսանիքներն ու այլ միջոցառումները, դատարանը քննելու և լսելու է այս ստահակների գործը, և նիստին ներկա են լինելու տուժող 26 կողմ։ Միայն 26 տուժող կա, գումարած դատավոր, նիստերի քարտուղար, մեղադրող կողմ, պրոբացիոն ծառայության աշխատակիցներ, դատապարտյալ, նրա պաշտպան, և թիվը մոտավորապես հասնում է 30-35-ի։ Ես չեմ կարողանում հասկանալ այս շտապողականությունը», - նշեց Սուքիասյանը՝ հավելելով, որ, չցանկանալով որևէ մեկին մեղադրել, այդուհանդերձ, այս ամենում միտում է տեսնում։

Հարցին՝ հնարավոր համարու՞մ է դատարանի կողմից դատապարտյալի օգտին որոշում կայացնելու տարբերակը, Սուքիասյանն ասաց, որ ցավոք ՀՀ օրենսդրությունն այս մասով շատ թերի է. երբ մահապատիժը վերածվեց ցմահ ազատազրկան, ցենզերը չառանձնացվեցին, և բոլոր մահվան դատապարտվածները կամ դրանից հետո ցմահ ազատազրկվածները իրավունք ստացան 20 տարին լրանալուց հետո դիմել դատարան՝ պայմանական վաղաժամկետ արձակման համար։  

«Այս բանդան գործել է 90-ական թվականների սկզբին և, օրվա իշխանությունների անմիջական հովանավորությամբ և թողտվությամբ, կատարել է իշխանավորների կոնկրետ քաղաքական պատվերները. սպանություններ, որոնց նաև զոհ դարձան 37-ամյա հայրս և հորաքրոջս 23-ամյա որդին։ Ցանկացած հանցագործություն ունի իր մոտիվները, պատճառահետևանքային կապը։ Այս մարդիկ (հանցագործները) ոչ մի շարժառիթ չեն ունեցել՝ սպանելու հորս կամ հորաքրոջս որդուն և այլոց։ Սրանք կատարել են 90-ական թվականների քաղաքական վերնախավի՝ ՀՀՇ-ի կոնկրետ առաջադրանքները, մարտական շների պես՝ ասել են՝ հարձակվել, հարձակվել են։ Իսկ մարդիկ սպանվել են այն բանի պատճառով, որ եղել են այլախոհ։ 1990-ականներին Աշտարակի շրջանը միակ շրջանն էր, որի ղեկավարը կուսակցական պատկանելությամբ Հայ Յեղափոխական Դաշնակցության անդամ էր, իսկ դա ոսկոր էր դրանց կոկորդին, և հորիցս հետո սկսեցին Աշտարակում ամեն ինչ մաս-մաս անել», - ասաց Սուքիասյանը։

Զրուցակիցը հիշեցրեց, որ այս բանդայի գործով պատժվել են միայն բանդայի կատարող անդամները և դա նույնն է, երբ, օրինակ, մարդ որևէ առարկայի միջոցով մարդ սպանի, դատապարտեն այդ առարկան և ասեն՝ «հանցագործությունը բացահայտված է, հանցագործները պատժված»։

«Ցուցմունքների մեջ հստակ անուններ է նշվում, ովքեր են շահագրգռված սպանության մեջ, սպանության որոշումը կայացնելուց, երբ Վանո Սիրադեղյանը Արմեն Տեր-Սահակյան կոչեցյալին կանչում է ՀՀՇ վարչության ղեկավարների կաբինետ, ովքեր էին նստած, ում ներկայցությամբ է տալիս այդ հանձնարարությունը, բայց առ այսօր ոչ-ոք, բացի կատարողներից, այն է՝ մարտական շներից, չի պատժվել», - նշեց Սուքիասյանը՝ ընդծելով, որ դատապարտյալները փորձում են օգտվել ստեղծված իրավիճակից և օրենսդրական բացից։

Ըստ Թադևոս Սուքիասյանի՝ Արմեն Տեր-Սահակյանը ելույթներից մեկում փորձում է մեղքը բարդել Ռոբերտ Քոչարյանի վրա, այն դեպքում, երբ մահապատժի ենթարկված այս մարդիկ Ռոբերտ Քոչարյանի օրոք դարձան ցմահ դատապարտյալներ. «Այս բանդան 1992 թվականից մինչև 1998 թվականը՝ իրենց ձերբակալելը, գործել է անխափան։ Կոնկրետ սրանք մեղադրվում են 5 սպանության, երկու սպանության անհաջող փորձի և բազմաթիվ ավազակային գործողությունների մեջ», - ասաց զրուցակիցը։

Ըստ Սուքիասյանի՝ դատական իշխանությունները գործում են անհատական և կոլեկտիվ շահերից ելնելով, այլ ոչ օրենքի պահանջով և հանրության համար կարևոր խնդիրները լուծելու համար, ինչից ելնելով էլ դատարաններ փակվեցին, դատավորների դեմ բողոքի ակցիաներ կազմակերպվեցին։

Անդրադառնալով այն հարցին, թե արդյո՞ք Ալիկ Գրիգորյանի ազատ արձակումը վտանգ չի դառնա հասարակության համար՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Արմեն Տեր-Սահակյանը ԽՍՀՄ տարիներին ազատազրկվել էր և, անկախացումից հետո ազատ արձակվելով, դարձյալ շարունակել է հանցագործ գործունեությունը՝ Սուքիասյանը նշեց, որ Արմեն Տեր-Սահակյանը և Ալիկ Գրիգորյանը անուղղելի հանցագործներ են։ Ըստ բանախոսի՝ եթե մարդը մեղավոր է և ընդունում է իր մեղքը՝ գիտակցելով, որ ինքը մեղավոր է, փորձում է որևիցե ձևով ներողամտություն հայցել հասարակությունից, այն մարդկանցից, ում նկատմամբ կատարել է հանցագործություններ:

«Հինգ մարդու կյանք են խլել, ամեն մարդու համար նստում են փաստորեն չորսը տարի: Խլել են դիտավորյալ, ուղղորդված ձևով, հստակ գիտակցելով որ կատարում են քաղաքական պատվեր, Վանո Սիրադեղյանի և ՀՀՇ–ի ղեկավարության հստակ քաղաքական պատվերը։ Անկախությունից հետո ազատ արձակվելով՝ Տեր-Սահակյանը Վանո Սիրադեղյանի հանձնարարությամբ կազմում է բանդա՝ առանձին քաղաքացիների ու պետական գործիչների վրա հարձակում գործելու, վերջիններիս ծառայողական  պարտքը կատարելու կապակցությամբ սպանելու  դիտավորությամբ ու մտադրությամբ: Զինվում են, ստանում են էն ժամանակ Ներքին գործերի նախարարության աշխատակիցների վկայականներ և գործում են անխափան ու անարգել: Նման մարդը ո՞նց կարող է ուղղվի,», - ասաց զրուցակիցը։

Սուքիասյանը ընդգծեց, որ Արմեն Տեր Սահակյանի պաշտպանները փորձում են  նրան ներկայացնել որպես զոհ ու խոսում են բանդայի մասին թռուցիկ ձևով, և կա իրավապաշտպան՝ Արսեն Գալստյան անունով, ով Տեր-Սահակյանի հարազատների կողմից կառավարության դիմաց ցույցի ժամանակ լրատվամիջոցներով հայտարարել է, որ մեղադրյալին ավարտված հանցագործություն մեղսագրված չէ, և Արմենը որպես օժանդակող է եղել։

«Էդ նույն մարդը, ով իրեն իրավունք է վերապահում նման հայտարարություններ անել, Ալիկ Գրիգորյանի առաջին դատական նիստում, երբ դատավորը հարց է տալիս՝ «դուք ո՞վ եք», ասում է՝ ես դատապարտյալի իրավահաջորդն եմ: «Դատապարտյալի իրավահաջորդ» հասկացություն քրեական դատավարության մեջ չկա: Քրեական դատավարության մասնակիցների մեջ նման անձ գոյություն չունի: Ի՞նչ է նշանակում դատապարտյալի իրավահաջորդ, դատապարտյալը ինչը կիսատ թողեց ի՞նքն է ավարտելու, թե՞ ինքն է շարունակելու նստել նրա փոխարեն։ Նման մարդը որը տարրական պատկերացում չունի քրեական իրավունքի ու քրեական դատավարության մասին, կարծում եմ նման արտահայտություններ անելու իրավունքը չունի», - ասաց Սուքիասյանը։

Ըստ Սուքիասյանի՝ իրենք չեն լռելու, ոչ մի բանի առաջ չեն կանգնելու,  օրինական պահանջն ու շահը ներկայացնելու համար. «Մենք ոչ մեկից ոչինչ չենք պահանջում, ցանկանում ենք արդարության վերականգնում։ Թող իրավապահ մարմինները հետամուտ լինեն՝  բացահայտելու այն շրջանակը, ովքեր մեղավոր են այս հանցագործության համար», - եզրափակեց Թադևոս Սուքիասյանը։