կարևոր
5188 դիտում, 8 ամիս առաջ - 2024-02-26 15:46
Իրավական

Եթե կան տուժողներ ինչո՞ւ ներկա չեն․ դատական նիստն առանց տուժողի, ոնց որ՝ հարսանիքն առանց հարսի․ Աշոտյան

Հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ, մեկնարկել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի և մյուսների գործով դատական նիստը։

Նիստի ժամանակ Արմեն Աշոտյանը նշեց, որ դահլիճում հիմա քննարկվում է ոչ թե զուտ իրավական  գործընթաց, այլ գործընթաց, որ իրավաբանության մեջ փաթեթավորած քաղաքական հետապնդման արգասիք է։ Նա նաև ուշադրություն հրավիրեց այն բանի վրա, որ նիստին ներկա չեն տուժողները։ «Մենք ունենք գործ, որտեղ 2 տուժող կա, եթե կան տուժողներ ինչո՞ւ ներկա չեն․ դատական  նիստն առանց տուժողի, ոնց որ՝ հարսանիքն առանց հարսի»,-ասաց Աշոտյանը՝ հավելելով․ « էնքան սարքած, թքած, կպցրած գործ ա․․․»։

Հիշեցնենք, որ քրեական վարույթի շրջանակներում կալանքի տակ է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։ Արմեն Աշոտյանի նկատմամբ հնարավոր հետապնդում հարուցելու հարցը լայն տարածում ստացավ հատկապես նախորդ տարվա վերջերին, երբ ԵՊԲՀ նախկին ռեկտոր Միքայել Նարիմանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցվեց՝ դեռեւս 2015 թ. համալսարանից խոշոր չափերի ենթադրյալ հափշտակության առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում։ Դեռևս այդ ժամանակ մամուլը գրել էր, որ Նարիմանյանին ձերբակալելու հիմնական նպատակն Արմեն Աշոտյանի դեմ ցուցմունք կորզելն էր։ 2022թ. նոյեմբերի 16-ի կեսգիշերին Արմեն Աշոտյանին «Զվարթնոց» օդանավակայանում թույլ չեն տվել մեկնել ՀՀ-ից՝ պատճառաբանելով, թե նա մեղադրյալ է։ Նույն օրը երեկոյան Արմեն Աշոտյանը հրավիրվել է ՀՀ ՔԿ, որտեղ նրան մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և փողերի լվացման հատկանիշներով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը։