կարևոր
3292 դիտում, 9 ամիս առաջ - 2023-12-16 10:35
Քաղաքական

ՀՀ-ում առաջին քաղաքական սպանությունները կատարած բանդայի պարագլուխը՝ ցմահ դատապարտյալ Արմեն Տեր-Սահակյանը և բանդայի անդամ Ալիկ Գրիգորյանը դիմել են դատարան․ պահանջում են վաղաժամկետ ազատ արձակում

ՆԳՆ նախարար Վանո Սիրադեղյանի կողմից հովանավորվող բանդայի անդամները, որոնց ձեռքով շուրջ 30 տարի առաջ իրականացվել են Հայաստանում քաղաքական առաջին սպանությունները, վաղաժամկետ ազատ արձակման պահանջ են ներկայացրել։ Ցմահ դատապարտյալ Արմեն Տեր-Սահակյանը, որը համարվում էր Վանո Սիրադեղյանի հովանու ներքո գործող բանդայի պարագլուխը, շուրջ 25 տարի անազատության մեջ գտնվելուց հետո դիմել է Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարան՝ պահանջելով վաղաժամկետ ազատ արձակում։ Նույն պահանջով դատարան է դիմել նաև բանդայի անդամ Ալիկ Գրիգորյանը, որը ևս դատապարտված է ցմահ ազատազրկման։ 1992 թ. սպանված Աշտարակի շրջխորհրդի գործկոմի նախագահ Հովհաննես Սուքիասյանի որդին՝ Թադևոս Սուքիասյանը, սակայն, պնդում է՝ նրանք պետք է շարունակեն մնալ անազատության մեջ; Սուքիասյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշում է՝ օրենսդրական բաց է առկա, այլ բան է, երբ կենցաղային հողի վրա ծագած վիճաբանության ընթացքում սպանության համար ցմահ ազատազրկման դատապարտված անձն է 20 տարի անազատության մեջ գտնվելուց հետո դիմի պայմանական վաղաժամկետ ազատազրկման, սակայն բոլորովին այլ բան է, երբ գործում է օրվա իշխանությունների՝ 1990-ականներին ՀՀՇ իշխանությունների կողմից կազմավորված, հովանավորվող բանդան, որն անխափան գործել է մինչև բանդայի վնասազերծումը։

«Բանդան գործել է անմիջապես ՆԳՆ նախարար Վանո Սիրադեղյանի գլխավորությամբ, որը հովանավորել, աջակցել, նույնիսկ՝ ներգրավվել է Միլիացիայի կազմի մեջ՝ որպես Միլիցիայի աշխատակիցներ, ՆԳՆ տարբեր բեռնագրերով զենք է տրամադրել այդ դահիճներին։ Ինչպես կարելի է համեմատել այս երկու օրինակները և նման մարդկանց հավասար իրավունքներ տալ, որ 20 տարի պատիժ կրելուց հետո պայմանական վաղաժամկետ ազատման դիմում ներկայացնեն՝ հաշվի առնելով նաև, որ նրանք երբևէ չեն համագործակցել քննության հետ, չեն զղջացել, թեև նրանց զղջալը հետ չի բերելու ո՛չ հորս, ո՛չ եղբորս»,- ասաց Սուքիասյանը՝ հավելելով, որ մի շարք սպանություններ դեռևս բացահայտված չեն և ոչ ոք դրա համար դեռևս պատասխանատվության չի ենթարկվել։ Սուքիասյանը նաև զուգահեռներ անցկացրեց 1990-ականներին բանդայի կողմից իրականացված քաղաքական սպանությունների համար ցմահ դատապարտյալների և «Հոկտեմբերի 27»-ի ոճրագործության համար ցմահ ազատազրկման դատապարտված Նաիրի Հունանյանի միջև՝ նշելով, որ երկու դեպքում էլ քաղաքական հողի վրա, քաղաքական պատվերով սպանություններ են, ով է երաշխիք տալու, որ բանդայի ցմահ դատապարտյալների ազատ արձակումից հետո Հունանյանը ևս ազատ չի արձակվի։

Թադևոս Սուքիասյանը նաև ուշադրություն է հրավիրում այն հանգամանքին, որ դեռևս 1990-ականներին՝ մինչև բանդայի մաս դառնալն Արմեն Տեր-Սահակյանն արդեն դատվածություն է ունեցել, սակայն նրան ներում էր շնորհվել, ինչից հետո վերջինս ներգրավվել է բանդայում և առավել ծանր հանցանքներ կատարել, ըստ այդմ, Սուքիասյանը համոզված է՝ նա անուղղելի է։

Հիշեցնենք, որ 31 տարի առաջ հենց Աշտարակի շրջխորհրդի գործկոմի նախագահ Հովհաննես Սուքիասյանի սպանությամբ էլ դրվեց Հայաստանում քաղաքական սպանությունների հիմքը։ Մասնավորապես՝ 1992թ. սեպտեմբերի 18-ին հայտնի դարձավ Երևան-Լենինական մայրուղու, Աշտարակից Ագարակ տանող ճանապարհահատվածում սպանվել է Հովհաննես Սուքիասյանը։ Չարագործները՝ վաղ առավոտյան մեկնել էին Աշտարակ, շրջխորհրդի գործկոմի շենքի մոտ դարանակալել ու սպասել Հովհաննես Սուքիասյանին, իսկ երբ նա դուրս է եկել գործկոմի շենքից և նստել իր ծառայական «ԳԱԶ-24» մակնիշի 8450 ԱԴՎ պետհամարանիշի ավտոմեքենան, շարժվել են նրա հետևից և ժամը 16-ի սահմաններում Երևան-Լենինական մայրուղու, Աշտարակից Ագարակ տանող ճանապարհահատվածում վազանցելով Հովհաննես Սուքիասյանի ծառայական ավտոմեքենան՝ երկու ինքնաձիգ հրազենից դիմահար կրակահերթերով ավտոմեքենայի միջից գնդակոծել են նրանց, որի հետևանքով Հովհաննես Սուքիասյանը և վարորդ Վարուժան Աբրահամյանը ստացած բազմաթիվ հրազենային մարմնական վնասվածքներից տեղում մահացել են:

Ավելի ուշ արդեն հայտնի դարձավ, որ սպանությունն իրականացվել է Տեր-Սահակյանի բանդայի անդամների կողմից, որի հանձնարարությունն ստացվել էր 1992թ. օգոստոսի կեսերին՝ Վանո Սիրադեղյանից։ Ստացած առաջադրանքի մասին Արմեն Տեր-Սահակյանը նույն օրը հայտնել է ՀՀՇ վարչության շենքի իրենց հատկված առանձնասենյակում հավաքված բանդայի անդամներին և նրանց միջև կատարել դերաբաշխում, իսկ որպես սպանության գործիք օգտագործելու համար տրամադրել է Վանո Սիրադեղյանի կողմից իրեն տրված ինքնաձիգն ու ռուսական զորամասից հափշտակված մյուս ինքնաձիգ հրազենը:

Օրինական ուժի մեջ մտած դատավճիռներով հաստատվել է բանդայի կողմից իրականացված առնվազն 5 անձի՝ Հովհաննես Սուքիասյանի, նրա վարորդի՝վարորդ Վարուժան Աբրահամյանի, Հայաստանի երկաթգծի վարչության պետ Համբարձում Ղանդիլյան, նրա վարորդի և ուղևորի սպանությունը, ՀՀ դատախազության քննչական վարչության պետ Վլադիմիր Գրիգորյանի և նրա վարորդի սպանության փորձը, ինչպես նաև՝ ավազակային հարձակման մի շարք դրվագներ։

Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

Մանրամասները՝ տեսանյութում