Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վանո Սիրադեղյանի ստեղծած բանդայի գործով «Նուբարաշեն» ՔԿՀ-ում պատիժը ցմահ կրող դատապարտյալ Ալիկ Գրիգորյանին պայմանական վաղաժամկետ ազատելու հարցով դատական նիստը հետաձգվեց կողմերից մեկի՝ դատարան չներկայանալու հիմքով՝ Yerkir.am-ին հայտնեց տուժողի իրավահաջորդ Հարություն Սուքիասյանը։
Ավելի վաղ նա հարցազրույցում պարզաբանել էր, որ Վանոյի բանդայի ոչ միայն դահիճը, այլև բանդայի ղեկավար Արմեն Տեր-Սահակյանը և գործով անցնող մյուս դատապարտյալները փոխկապակցված են և հանրության համար առանձնակի վտանգավորություն են ներկայացնում, այս պատճառով որևէ մեկի հանդեպ՝ ազատազրկումն այլ պատժով փոխարինելու, մարդասիրական վերաբերմունք դրսևորելն անթույլատրելի է։
Նախորդ՝ հոկտեմբերի 18-ին, նշանակված դատաքննությունը ևս հետաձգվել էր։ Դատարանի շենքի առջև տուժողների հարազատները բողոքի ակցիաներ էին իրականացրել:
Այս անգամ ևս նրանք Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրի դիմաց իրենց բողոքի ձայնը բարձրացրին։
Հիշեցնենք, որ այն ժամանակ ՆԳ նախարար Վանո Սիրադեղյանի կողմից ստեղծված և ուղղորդվող բանդայի ղեկավարը ներկայումս ցմահ դատապարտյալ Արմեն Տեր-Սահակյանն է, իսկ Ալիկ Գրիգորյանը՝ վերոնշյալ բանդայի անդամ-դահիճը, որն անձամբ իրականացրել է բոլոր քաղաքական սպանությունները և սպանության փորձերը: Նրանց կողմից քաղաքական հողի վրա իրականացված ծանրագույն հանցագործությունների թվում է նաև 1992 թ. սեպտեմբերի 18-ին Աշտարակի շրջխորհրդի գործկոմի նախագահ, ՀՅԴ անդամ Հովհաննես Սուքիասյանի ու նրա քրոջ որդու՝ վարորդ Վարուժան Աբրահամյանի սպանությունը:
Տուժողների իրավահաջորդներ Հարություն Սուքիասյանն ու Մերուժան Աբրահամյանը ծանուցագրեր էին ստացել Երևանի ընդհանուր իրավասության դատարանից՝ տեղեկանալով, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրի վարույթում է գտնվում «Նուբարաշեն» ՔԿՀ դատապարտյալ Ալիկ Գրիգորյանին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու հարցը քննելու վերաբերյալ միջնորդությունը։