Փոխարժեքներ
12 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.35 |
EUR | ⚊ | € 413.87 |
RUB | ⚊ | ₽ 3.8 |
GBP | ⚊ | £ 501.73 |
GEL | ⚊ | ₾ 139.79 |
Վանոյի բանդայի ոչ միայն դահիճը, այլև բանդայի ղեկավար Արմեն Տեր-Սահակյանը և գործով անցնող բոլոր դատապարտյալները փոխկապակցված են և հանրության համար առանձնակի վտանգավորություն են ներկայացնում՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց այդ բանդայի զոհերից մեկի՝ Հովհաննես Սուքիասյանի որդին՝ Թադևոս Սուքիասյանը, մեկնաբանելով հորը սպանող Ալիկ Գրիգորյանին պայմանական վաղաժամկետ ազատ արձակելու հարցի քննարկումը դատարանում։
Նա նշեց, որ սկսած 1992 թվականից մինչև բանդայի անդամների ձերբակալվելը՝ 1998 թվականը, նրանք գործել են առանձնակի լկտիությամբ և անպատժելիության մթնոլորտում, այսինքն՝ այդ սպանությունները ուղղված են հանրության դեմ։
Դահիճ Ալիկ Գրիգորյանը և բանդայի պարագլուխ Արմեն Տեր-Սահակյանը քեռու և հորաքրոջ որդիներ են․ Արմեն Տեր-Սահակյանը 1992 թ-ի ամռանը Վանո Սիրադեղյանի հանձնարարությամբ և առաջադրանքով քաղաքական գործիչներին սպանելու համար բանդան կազմավորել է բարեկամ-ծանոթ սկզբունքով, որպեսզի իրեն հավատարիմ լինեն՝ ասաց Թադևոս Սուքիասյանը։ Արմեն Տեր-Սահակյանի հանդեպ Հայաստանի Հանրապետությունը մի անգամ մարդասիրական վերաբերմունք դրսևորել է՝ Հայաստանի անկախության հռչակման տարեդարձի առթիվ, բայց այդ մարդը չի ուղղվել․ «Ինչպես գիտենք, ամենալավ ապացույցը ժամանակն է, որն ապացուցել է, որ այս մարդիկ անուղղելի են»։
Նա ընդգծեց, որ բանդան գործել է Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանության բարձրագույն հովանավորության պայմաններում։
«Բանդան այնքան անպատժելիության մթնոլորտում է գործել, որ 1992 թվականին հորս քաղաքական սպանությունը կատարվել է նույն թվականի օգոստոսի 18-ին ռուսական զորամասից առևանգված ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայի միջից հափշտակած ԱԿՍ տեսակի ինքնաձիգով։ Այդ սպանության բացահայտման խնդիրն ընդամենը ժամերի հարց էր, բայց քանի որ ունեին հզոր քաղաքական հովանավորներ, բացահայտումը տևեց տարիներ»,-ասաց Թադևոս Սուքիասյանը։
Նա նշեց, որ անգամ որևէ գրություն չի պահպանվել այն մասին, որ առևանգվել է զինվորական ավտոմեքենա, որի միջից առևանգվել է հրազեն՝ ինքնաձիգ։ Մինչդեռ մեքենան մի քանի օր անց, այդ գործին ինչ-ինչ մարդկանց խառնվելով, վերադարձվել է ռուսական զորամաս․ «Այս բանդան բազմաթիվ անգամներ և՛ զենքով, և՛ ավազակային հարձակում կատարելու կասկածով, բռնվել և տարվել է այն ժամանակ ներքին գործերի բաժիններ։ Բայց ընդամենը 2 ժամ հետո, Վանո Սիրադեղյանի անմիջական միջամտությամբ, այդ բանդայի անդամներն ազատ են արձակվել, նորից գործել են անխափան, ավելի հանդուգն, ավելի լկտի ձևով»։
Այս ամենը հաշվի առնելով՝ Վանո Սիրադեղյանին արդարացնելու խոսակցությունները Թադևոս Սուքիասյանը նմանեցնեմում է Թալեաթ փաշային կամ Ջեմալին արդարացնելու հարցը բարձրացնելուն։
Սպանվածի՝ Աշտարակի նախկին շրջխորհրդի գործկոմի նախագահ Հովհաննես Սուքիասյանի որդին նաև մի մեջբերում է անում քրեական գործի ցուցմունքներից, որը զավեշտի է ձգտում․ Արմեն Տեր-Սահակյանն իր ցուցմունքներում նշում է, որ Հովհաննես Սուքիասյանին և քրոջ որդուն՝ ծառայողական մեքենայի վարորդ՝ Վարուժան Աբրահամյանին, սպանելու հանձնարարությունը տրվել է, քանի որ Հովհաննես Սուքիասյանը, իշխանությունների հեղինակությունը գցելու համար, իբր, ցանկացել է հողեր տալ թուրքերին։
«Աշտարակի շրջխորհրդի գործկոմի նախագահը հողե՞ր տա թուրքերին։ Աշտարակը ո՛չ Ադրբեջանի, ո՛չ Թուրքիայի հետ սահմանակից հողեր չունի։ Բացի այդ՝ եթե անգամ շատ մեծ ցանկություն էլ ունենար, չէր կարող մի թիզ անգամ հող տալ, որովհետև Հովհաննես Սուքիասյանը ո՛չ երկրի նախագահն էր, ո՛չ երկրի պաշտպանության նախարարը, ո՛չ վարչապետը․ շրջանի ղեկավար էր, որը նույնիսկ մի թիզ հող չուներ Թուրքիայի և Ադրբեջանի հետ սահմանակից»,-վրդովված է Թադևոս Սուքիասյանը։
Դահճին պայմանական վաղաժամկետ ազատ արձակելու անթույլատրելիությունը Թադևոս Սուքիասյանը հիմնավորում է նաև այն հանգամանքով, որ սպանությունը խեղաթյուրել է իր, իր ընտանիքի և իր բոլոր ազգականների ճակատագիրը, խեղաթյուրել է իր ու քրոջ մանկությունը, քանի որ 1990-ականների այդ համատարած չքավոր պայմաններում, երբ ինքն ընդամենը 11 տարեկան էր, կորցրեց հորն ու ընտանիքի հոգսը վերցրեց իր ուսերին։
«Տարբեր իրավապաշտպաններ խոսում են հանցավորի իրավունքների, հանցագործի նկատմամբ մարդասիրական վերաբերմունքի մասին։ Իսկ ո՞վ պետք է մտածի մեր մասին, այն հոգեկան ցավի մասին, որ մենք ամեն անգամ այս ամեն ինչը լսելիս ու տեսնելիս ապրում ենք»,-ասաց նա։
Նա նշեց, որ հոկտեմբերի 18-ին, երբ բանդայի դահիճ Ալիկ Գրիգորյանին պատժից վաղակետ ազատման հարցի առաջին քննությունն էր նշանակված, ինքն ու բոլոր հարազատները վերապրեցին 1992 թվականի մղձավանձը․ «Շատ ենք ուզում անունը լսենք, որ մի հատ էլ՝ գնանք դատարանում դեմքը տեսնենք»։
Սպանվածների հարազատներին փորձել են համացանցով սպառնալ և լռեցնել, բայց Թադևոս Սուքիասյանն ասաց՝ անգամ իր 4 տարեկան որդին, որը կրում է իր հոր՝ Հովհաննես Սուքիասյանի անունը, այս հարցով պահանջատեր է․ «Չեն կարող մեզ լռեցնել»։
Ավելի վաղ Yerkir.am-ը հայտնել էր, որ Վանո Սիրադեղյանի ստեղծած բանդայի գործով տուժողների իրավահաջորդներ Հարություն Սուքիասյանն ու Մերուժան Աբրահամյանը ծանուցագրեր էին ստացել Երևանի ընդհանուր իրավասության դատարանից՝ տեղեկանալով, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրի վարույթում է գտնվում «Նուբարաշեն» ՔԿՀ դատապարտյալ Ալիկ Գրիգորյանին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու հարցը քննելու վերաբերյալ միջնորդությունը։ Հոկտեմբերի 18-ին նշանակված քննությունը հետաձգվել էր, բայց դատարանի շենքի առջև տուժողների հարազատները բողոքի ակցիաներ էին իրականացրել: Դատական հաջորդ նիստը վաղն է՝ դեկտեմբերի 19-ին, ժամը 16։00-ին։
Աննա Բալյան