Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արտակարգ դրության ժամանակ մեկուսացման կամ ինքնամեկուսացման պահանջի խախտումը քրեականացնող և լրատվամիջոցների՝ արտակարգ դրության կանոնների խախտմամբ հրապարակումների համար վարչական պատիժ սահմանող օրինագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ ընդունվեց առաջին ընթեցման համեմատ լրացումներով ու փոփոխություններով՝ հայտնում է Yerkir.am-ը։
Մասնավորապես, «ԶԼՄ» հասկացությունը փոխարինվել էր «լրատվական գործունեություն իրականացնող» արտահայտությամբ, որպեսզի ավելի լայն ընդգրկում ունենա։
ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն ասաց, որ կառավարությունը քննարկում է խոսքի ազատության սահմանափակման դրվագով փոփոխություններ կատարելու նախաձեռնությունը, որպեսզի որոշեն՝ արտակարգ դրության պայմաններում խոսքի ազատության սահմանափակման շրջանակ լինի՞, թե՞ առհասարակ չլինի․ «Առաջիկայում պարզ կլինի։ Կարող ենք արձանագրել, որ այս օրենսգրքով կատարվող փոփոխությունը ավելի շատ ապագային միտված կլինի կամ այլ իրավիճակներին»։
Փոփոխությունների թվում էր նաև այն, որ լրատվամիջոցին՝ կանոնների խախտմամբ արված հրապարակման համար նվազագույն աշխատավարձի 100-ապատիկից 400-ապատիկի չափով տույժի ենթարկելուց հետո էլ խախտումը չվերացնելու դեպքում կրկին տուգանելու են՝ 500-ապատիկից 1000-ապատիկի չափով։
Հարակից զեկուցող Սիսակ Գաբրիելյանն ասաց՝ այնպես չէ, որ կառավարությունը ԶԼՄ-ների նկատմամբ սանկցիաներ կիրառող նախագիծ է բերել․ «ԶԼՄ-ների նկատմամբ սանկցիաներ վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում արդեն 10 տարուց ավելի նախատեսված են եղել․ մենք այսօր երկրորդ ընթերցմամբ ներկայացնում ենք փոփոխություն, որ այդ 500-800 հազարը մի բան էլ նվազեցնում է 100-400 հազար դրամ»։
Երկրորդ ընթերցման դրված փաստաթղթում, ինչպես պահանջել էին պատգամավորները, տրվել էր «մեկուսացում» և «ինքնամեկուսացում» հասկացությունների սահմանումները՝ իրավական որոշակիությունը ապահովելու համար․ ըստ դրանց՝ «մեկուսացում» է համարվում անձանց՝ այդ թվում հիվանդի կամ վարակվածի կամ նրանց հետ շփված անձանց կոնտակտավորների առանձնացումը դրա համար նախատեսված որոշակի տարածքում՝ այլ անձանց հետ անմիջական շփումը բացառելու և վարակի տարածումը կանխելու նպատակով, «ինքնամեկուսացում» է համարվում անձանց՝ այդ թվում հիվանդի կամ վարակվածի կամ նրանց հետ շփված անձանց կոնտակտավորների առանձնացումը իրենց մշտական բնակության կամ նախընտրությամբ՝ մեկ այլ վայրում՝ այլ անձանց հետ անմիջական շփումը սահմանափակելու և վարակի տարածումը կանխելու նպատակով։
Քրեական օրենսգրքում մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները կամ ազատ տեղաշարժման իրավունքի այլ սահմանափակումները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է անձի վարակում ենթադրում է պատիժ՝ տուգանքով նվազագույն աշխատավարձի 300-ապատիկից 500-ապատիկի չափով կամ կալանքով առավելագույնը 1 ամիս ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեության իրավունքից զրկելով՝ առավելագույնը 2 տարի ժամկետով։
Մեկ հոդվածով էլ անդրադարձել են նույն արարքը դիտավորությամբ կատարելուն․ երկար քննարկել են ու որոշել, որ պետք է սահմանվի հենց նոր կորոնավիրուսային վարակով վարակելը՝ ասաց արդարադատության նախարարը․ «Իհարկե, դժվար է տեսականորեն պատկերացնել, որ դիտավորությամբ հնարավոր են նման դեպքեր, բայց պարտավոր էինք կարգավորել»։
Սիսակ Գաբրիելյանը մանրամասնեց․ «Միայն մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնը խախտելն ինքնին բավարար չէ քրեական պատասխանատվության ենթարկելու համար․ եթե խախտել է կանոնները, դա զանցանք է և անձը պարզապես վարչական պատասխանատվության կենթարկվի։ Քրեական օրենսդրության տեսանկյունից այդ արարքը հանցագործություն կհամարվի, եթե անձն այդ կանոնը խախտելու հետևանքով վարակի մեկ այլ անձի»։
Մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնը պարզապես խախտելու համար առավելագույն պատիժը տուգանքն է կամ կալանքը 1 ամիս ժամկետով։ Այդ նույն արարքը, եթե, օրինակ, ծանր վնաս պատճառի մեկ այլ մարդու առողջությանը, կպատժվի նվազագույն աշխատավարձի 500-ապատիկից 700-ապատիկի չափով տուգանքով, կամ կալանքով 1-3 ամիս ժամկետով կամ ազատազրկմամբ առավելագույնը 2 տարի ժամկետով։ Իսկ այդ նույն արարքը, եթե անզգուշությամբ մահ պատճառի մեկ այլ մարդու, այս դեպքում պատիժը կլինի 2-4 տարի ազատազրկում՝ որոշակի պաշտոններից կամ որոշակի գործունեության իրավունքից զրկելով։
Նախարարը նաև ներկայացրեց՝ ինչ է նշանակում «արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրություն» արտահայտությունը, որի ժամանակ էլ կիրառվելու են այս պատիժները․ «Գիտեք, որ արտակարգ դրություն է հայտարարված և գործում է արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին ՀՀ օրենքը, որով, ի թիվս այլոց, թույլատրվում է արտակարգ դրության ժամանակ սահմանափակել այլոց ազատ տեղաշարժի իրավունքը։ Կառավարության որոշմամբ սահմանվել են այն կոնկերտ միջոցառումները, որոնք այս իմաստով կիրառվում են։ Դրանց թվում է մեկուսացումը, ինքնամեկուսացումը, որոշակի վարչական տարածք մուտք գործելու սահմանափակումները։ «Կանոններ» ասելով նկատի ունենք ազատ տեղաշարժի իրավունքի սահմանափակումները»։
Առաջինից երկրորդ ընթերցում առաջարկներ ներկայացրել էին թե՛ ԼՀԿ, թե՛ ԲՀԿ խմբակցությունները, ՄԻՊ-ը, ԵՊՀ դասախոսներ։ Շաբաթ-կիրակի աշխատելուց և բոլոր դիտարկումներն ընդունելուց հետո փաստաթուղթն ընդունվեց ներկա տեսքով՝ 117 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայներով։
Ավելի վաղ Yerkir.am-ը տեղեկացրել էր, որ ուրբաթ ուշ երեկոյան ԱԺ-ն արտահերթ նիստ էր արել և առաջին ընթերցմամբ ընդունել Վարչական իրավախախտումների մասին և Քրեական օրենսգրքում փոփոխությունների նախագծերի փաթեթը։ Ըստ այդմ՝ Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում առաջարկվում էր սահմանել, որ արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության ժամանակ մեկուսացման կամ ինքնամեկուսացման պահանջները խախտելը պատժվի սահմանված նվազագույն աշխատավարձի 300-ապատիկից մինչև 500-ապատիկի չափով, արտակարգ դրության ժամանակ սահմանված տեղեկությունների հրապարակման կամ տարածման սահմանափակումները խախտելը առաջացներ տուգանք նվազագույն աշխատավարձի 50-ապատիկից մինչև 300-ապատիկի չափով, իսկ Քրեական օրենսգրքում լրացումը ուներ հետևյալ տեսքը․ արտակարգ իրավիճակի հիմքով արտակարգ դրության ժամանակ մեկուսացման կամ ինքնամեկուսացման պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդկանց զանգվածային հիվանդացում, պատժվեր կալանքով մինչև 3 ամիս ժամկետով կամ ազատազրկմամբ առավելագույնը 5 տարի ժամկետով։
Առաջինից երկրորդ ընթերցում փաստաթուղթը փոփոխվեց և ընդունվեց հետևյալ տեսքով. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին:
Մանրամասն՝ տեսանյութում․