կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-06-13 17:12
Քաղաքական

Կլինեն պատիժներ. Իշխան Զաքարյանն անակնկալներ է խոստանում

Կլինեն պատիժներ. Իշխան Զաքարյանն անակնկալներ է խոստանում

Ուշագրավ է, որ այսօր ԱԺ-ում Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի կողմից իր գերատեսչության տարեկան հաշվետվության ներկայացումից հետո, իրենց զայրույթն ու զարմանքը առավել շատ չէին կարողանում թաքցնել ՀՀԿ-ականներն ու ՕԵԿ-ականները: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն էլ բավականին կոշտ ելույթ ունեցավ եւ չթաքցրեց իր բարկությունը:

 

Yerkir.am-ը Իշխան Զաքարյանից հետաքրքրվեց, թե անակնկալ չէ՞ր նման արձագանքը: Ի պատասխան ՎՊ նախագահը նշեց, որ ՀՀԿ-ականների եւ ՕԵԿ-ականների ելույթները ամենեւին էլ անակնկալ չէին, ավելին` խոսում են իշխանությունների համարձակության մասին, որ մտնում են այդ դաշտ:

 

«Մենք չորս տարի շարունակ խոսում էինք տնտեսության բոլոր ոլորտների մասին եւ հստակ ընդգծում էինք երեք ուղղություն, որտեղ կան լուրջ կոռուպցիոն ռիսկեր` սոցիալական ոլորտ, շինարարություն եւ գնումներ: Իշխանությունը համարձակ մտավ եւ սոցիալական ոլորտը շտկեց. այսօր որեւէ մեկը չի կարող ասել, որ այդպես չէ, դա նշանակում է պետական բյուջեի ծախսային մասի 30 տոկոս: Հիմա մենք մտնում ենք մնացած 70 տոկոսով, որը վերաբերում է քաղաքաշինությանը եւ գնումներին: Ես սա շատ համարձակ քայլ եմ համարում իշխանության կողմից` մտնել այդ դաշտ, շտկել, փոխել, ձեւափոխել եւ հասնել նրան, ինչին մենք հասանք թոշակների մասով»,- հայտարարեց Զաքարյանը:

 

Հարցին, թե ինչո՞ւ իշխանությունների համարձակությունը թույլ չի տալիս բռնել, ԱԺ նախագահի ասած, թալանչու ձեռքը, նա պատասխանեց, որ պետք է մինչեւ վերջ բացահայտել կոռուպցիոն ցանցը: Զաքարյանը հայտարարեց, որ շատ հաճախ պատճառն օրենքի անկատարությունն է եւ, որպես օրինակ, հիշեցրեց տարիներ առաջ Արգավանդի հողերի մեկ քառակուսի մետրը կահույքի խանութներին եւ կազինոներին 5-6 դրամով վաճառելը` մինչդեռ շուկայանական գինը եղել է 800-1000 դոլար: «Բայց ո՞ւմ մեղադրել, երբ որ օրենքի մեջ հստակ եղել է, որ ավագանին կարող է որոշում կայացնել եւ վաճառել, ավագանին էլ որոշում է կայացրել եւ վաճառել»,- նշեց նա:

 

Թե հիմա կոնկրետ ինչն է խանգարում իշխանություններին բռնել «թալանչու ձեռքը», ՎՊ նախագահն այնպես էլ չկարողացավ ասել, բայց հայտարարեց. «Ես չեմ կարծում որ հիմա որեւէ բան խանգարում է: Ես, ընդհակառակը, համոզված եմ, որ կլինեն պատիժներ: Ես կարծում եմ` կարեւորը, որ համարձակ մտել ենք այս դաշտ: Համոզված եմ, որ մի օր այս ամբիոնում կանգնելու եւ ասելու ենք, որ այս երկու բնագավառն էլ կոռուպցիոն ռիսկերից ազատվել է»:

 

Լրագրողների դիտարկմանը, թե ինչո՞ւ են մեղավորներին չպատժելու համար միշտ իրեն մեղադրում, գուցե դատախազություն գործերն ընտրողաբա՞ր են ուղարկվում, Զաքարյանն արձագանքեց, որ իրեն չեն մեղադրում, պարզապես վրդովվում են, զայրանում եւ մտահոգվում: Yerkir.am-ի դիտարկմանը, թե ո՞ւմ վրա է զայրանում իշխանությունը, ինքն ի՞ր վրա, ՎՊ նախագահը պատասխանեց, որ, օրինակ, ինքն անձամբ միշտ փորձում է խոսել բացերի մասին, բայց դա չի նշանակում, որ շտկված իրավիճակ չունենք:

 

Կոնկրետ մեղավոր պաշտոնյաների անուններ ՎՊ նախագահն այդպես էլ չտվեց:

 

Մեր այն դիտարկմանն էլ, թե այսօրվա ՀՀԿ-ականների ելույթներից, զարմանքից եւ զայրույթից կարող ենք ենթադրել, որ առաջընթաց է գրանցվելու պատժելու տեսանկյունից, սպասե՞նք անակնկալների, ՎՊ նախագահը դրական պատասխան տվեց. «Այո, երկուսուկես տարի ես խոսում էի թոշակների մասին, կար հեգնանք, անվստահություն, անհավատություն, ընդհուպ` ՎՊ նախագահի զեկույցները համարում էին բեմականացված շոուներ, ինչ ասես ինձ չէին ասում, հիմա ինչո՞ւ չեն գրում: Հիմա բոլորը հասկացան, որ շոու չէր, ոչ էլ` թատերականացված միջոցառում: Դա դաշտը մտնելու, շտկելու համարձակ քայլ էր»: