Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վաշինգտոն-Անկարա հակասությունները պահպանվում են
Վերջին շրջանում Թուրքիայի նկատմամբ արտաքին ճնշումները ոչ միայն պահպանվում են, այլև նկատելի են դառնում ճնշումների ընդլայնման միտումներ։ Առանձնակի կարևորություն է ներկայացնում հատկապես Վաշինգտոնի ու Անկարայի միջև քաղաքական բնույթի տարակարծությունների հարցը։ Փորձագետներից ոմանք առաջ են քաշում այն համոզմունքը, թե հենց ԱՄՆ-ի հետ հակասություններն են էական ազդեցություն թողնում Թուրքիայի միջազգային ու տարածաշրջանային մեկուսացման գործընթացի վրա։ Հիշեցնենք, որ Վաշինգտոնը կիրառական քայլերի անցավ և 2018թ. օգոտսոսին տնտեսական պատամիջոցներ սահմանեց Անկարայի նկատմամբ՝ պայմանավորելով դա Թուրքիայում ամերիկացի հոգևոր հովիվ Էնդրյու Բրանսոնի ձերբակալությամբ։
Միամտություն է կարծել, որ քահանայի ձերբակալությունն էր հիմնական առիթը կողմերի միջև լարվածության համար։ Ըստ էության, Վաշինգտոն-Անկարա հակասությունները շատ ավելի խորքային են և թերևս չեն սահմանափակվում զուտ քաղաքական բնույթով։ Իրականում, ամերիկացի քահանայի ձերբակալությունը երկկողմ խորքային անհարթությունների երևացող դրսևորումներից մեկն էր։ Ավելին` թերևս չենք սխալվի, եթե հաստատենք, որ այդ տարակարծություններն անգամ չեն սահմանափակվում Թուրքիայի կողմից ռուսական Ս-400 զենիթահրթիռային համալիրների ձեռք բերման հարցի կապակցությամբ Վաշինգտոնի դժգոհությամբ։ Հարցի առնչությամբ նշենք, որ ամերիկյան կողմը բացահայտ սպառնում է Անկարային պատժամիջոցներով, եթե նա չհրաժարվի այդ գործարքից։
Հակված ենք այն տեսակետին, որ Միացյալ Նահանգների ու Թուրքիայի միջև տարակարծությունները Վաշինգտոնի մերձավորարևելյան ռազմավարությունում շեշտադրումների փոփոխության հետևանք են։ Իհարկե, այստեղ խոսք անգամ չի կարող լինել այն մասին, որ Սպիտակ տունը վերանայում է Մերձավոր Արևելքում իր ռազմավարական դաշնակցի հետ նախկին համագործակցային ձևաչափը։ Սակայն այն, որ Թրամփի վարչակազմում Մերձավոր Արևելքում ամերիկյան ռազմավարության «տեղայնացման» նախկին գործելակերպը դարձել է ավելի պրագմատիկ, «չոր» հաշվարկված, երկու կարծիք լինել չի կարող։ Վաշինգտոնում համարում են, որ, շահերի արագ փոփոխման տրամաբանությունից ելնելով, Մերձավոր Արևելքում երկկողմ ձևաչափով նախկին ռազմավարական դաշինքները կարող են վերաձևակերպվել։
Առավելություն է տրվում բազմաձևաչափ կամ, այլ կերպ ասած, կոալիցիոն սկզբունքով ստեղծվող դաշինքներին, որոնցում ներկայացված են տարբեր շահեր։ Նման դաշինքները հնարավորություն են տալիս Վաշինգտոնին նվազեցնելու մեկ կենտրոնից կախվածության ռիսկերը, որոնք երբեմն խնդրահարույց են երկկողմ դաշինքների դեպքում։ Օրինակ` Վաշինգտոնում մեծ են ակնկալիքները հակաիրանական կոալիցիայի ստեղծման հարցում։ Մյուս կողմից` Միացյալ Նահանգները քաղաքական զգալի աջակցություն է ցույց տալիս Հունաստան-Իսրայել-Կիպրոս եռակողմ դաշինքին, որը փորձագիտական դաշտում հայտնի է հակաթուրքական առանցք անվանումով։ Ակնհայտորեն, Հունաստանն ու Կիպրոսը, որոնք ընկալում են Թուրքիան որպես իրենց բնական հակառակորդ, դաշնակցային համագործակցություն են հաստատել Իսրայելի հետ՝ մի երկրի, որը վերջին տարիներին նույնպես հակասություններ ունի Անկարայի հետ։ Ավելին` այսօր Վաշինգտոնում բացահայտ խոսում են այն մասին, որ ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունների սառեցման դեպքում Վաշինգտոնը կարող է Թուրքիայի «Ինջիրլիք» ավիաբազայում գտնվող ամերիկյան զորքերը և սպառազինությունը տեղակայել Հունաստանում։ Ի դեպ, ասվածի հաստատումն է այն, որ, խոշոր հաշվով, այսօր այլևս դադարել է գործել Իսրայել-Թուրքիա երկկողմ ռազմավարական դաշինքը, որը ժամանակին կարևորագույն նշանակություն ուներ Վաշինգտոնի մերձավորարևելյան ռազմավարության ճարտարապետությունում։
Խնդիրներ Սաուդյան Արաբիա-Թուրքիա հարաբերություններում
Սաուդյան Արաբիայի ու Թուրքիայի միջև տնտեսական համագործակցության տրամաբանությունը չի արտացոլում երկկողմ գործակցությունը քաղաքական հարթությունում։ Սաուդյան Արաբիային մտահոգում է նաև Մերձավոր Արևելքում Թուրքիայի հեղինակության ու դերի մեծացման հարցը։ Տարածաշրջանում երկու տերությունները մշտապես մրցակցել են արաբական, իսլամական աշխարհում առաջնորդության «տիտղոսի» համար։ Այս ճամբարում Անկարայի դերակատարման հնարավորություններն ընդլայնվել են՝ պայմանավորված Իսրայելի հետ Անկարայի հարաբերությունների սառեցման հանգամանքով։ «Արաբական գարնան» ալիքը լավ հնարավորություն է Անկարայի համար՝ ամրապնդելու դիրքերը տարածաշրջանում։ Մինչ վերջերս հարթ էին ընթանում ինչպես Սաուդյան Արաբիայի, այնպես էլ Թուրքիայի ռազմավարական գործակցային հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ։ Մինչ վերջերս երկու երկրներն էլ ամերիկյան սպառազինությունների մատակարարման խոշոր շուկաներից էին։ Իրավիճակը որոշակիորեն փոխվեց հենց Թուրքիայի պարագայում. պաշտոնական Անկարան փորձում է դիվերսիֆիկացնել սպառազինության մատակարարման ուղիները` մասնավորաբար ոլորտում զարգացնելով երկխոսությունը Մոսկվայի հետ։ Արդյունավետ է ընթանում նաև Անկարա-Մոսկվա քաղաքական գործակցությունը։
Վերջին շրջանում կողմերի միջև հարաբերությունները սառեցին՝ կապված 2018թ. հոկտեմբերի սկզբին Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսության տարածքում սաուդցի լրագրող Ջամալ Խաշուկջիի սպանության հետ։ Լրագրողն իր հրապարակախոսականներում քանիցս քննադատել էր ինչպես Սաուդյան Արաբիայի, այնպես էլ ԱՄՆ ղեկավարությանը։ 2017թ.-ից Սաուդյան Արաբիայի իշխանությունների ճնշումների հետևանքով նա լրագրողական գործունեությունը ծավալում էր ԱՄՆ-ում։ Պետք է նշել, որ Խաշուկջիի սպանությունը բացասաբար անդրադարձավ նաև Սաուդյան Արաբիայի ու Միացյալ Նահանգների փոխհարաբերությունների վրա։ Վաշինգտոնում չեն բացառում սպանության հարցում Սաուդյան Արաբիայի իշխանությունների ներգրավվածությունը։ Շրջանառվում էր այդ երկրի գահաժառանգ Մուհամադ իբն Սալմանի անունը, որի հասցեին բացահայտ քննադատություն էր հնչեցնում սաուդցի լրագրողը։ Կա փորձագիտական կարծիք, որի համաձայն` Սաուդյան Արաբիայի իշխանությունների նկատմամբ ամերիկյան դժգոհությունները նոր չեն, և Վաշինգտոնում տարբերակներ են քննարկվում այդ երկրում նույնպես հեղաշրջման ալիք «տեղայնացնելու» հնարավորություն։ Շրջանառվող այլ վարկածով` սաուդցի լրագրողի սպանությունը կազմակերպել են Թուրքիայի հատուկ ծառայությունները՝ Վաշինգտոն-Էր-Ռիադ հարաբերություններում լարվածության հրահրման, տարածաշրջանում Սաուդյան Արաբիայի դիրքերը թուլացման նպատակներով։ Կարծում ենք, որ լրագրողի սպանությանը Սաուդյան Արաբիայի իշխանությունների մասնակցության հավանականությունն այնքան էլ մեծ չէ։ Հասկանալի էր, որ լրագրողի սպանությունն արժանանալու էր Վաշինգտոնի սուր քննադատությանը։ Սպասելի էր նաև, որ այդ քննադատությունների հասցեատերը լինելու էին Սաուդյան Արաբիայի իշխանությունները, որոնց քաղաքական օրակարգում չէր կարող լինել Վաշինգտոնի հետ հարաբերությունների սառեցման հարց։
Ինչևէ, վերադառնալով Սաուդյան Արաբիա-Թուրքիա հակասություններին, նշենք, որ վերջերս Սաուդյան Արաբիայի իշխանությունները մեծացնում են Անկարայի նկատմամբ արտաքին ճնշումները՝ օգտագործելով Օսմանյան կայսրությունում հայերի դեմ իրականացված Ցեղասպանության ճանաչման հարցը։ Ընթացիկ տարվա ապրիլի սկզբին Լիբանանում ՍաուդյանԱրաբիայի դեսպան Վալիդ Բուհարին այցելեց Մեծի Տանն Կիլիկո կաթողիկոսարան, հանդիպում ունեցավ Արամ Առաջինի հետ և Հայոց ցեղասպանության մատուռում հարգանքի տուրք մատուցեց Ցեղասպանության նահատակների հիշատակին: Իհարկե, դատապարտելի է, երբ հայերի դեմ իրականացված ցեղասպանության ճանաչման հարցը դառնում է միջազգային հարաբերություններում քաղաքական գործիք և չի դիտարկվում հարցի լուծման համամարդկային, բարոյական կողմերից, այդուհանդերձ, արձանագրենք, որ Սաուդյան Արաբիայի նման նախաձեռնությունը խորհրդանշական է` մի երկրի, որն այդպես էլ չի ճանաչել ՀՀ անկախությունը։ Կարծում ենք, որ հայկական կողմի համար սա լավ առիթ է Սաուդյան Արաբիայի հետ քաղաքական երկխոսություն հաստատելու համար։
Անորոշ հեռանկարներ ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության հարցում
Պահպանվում է Թուրքիա-ԵՄ համագործակցության հեռանկարի անորոշությունը։ Այս տարվա փետրվարի 20-ին Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ընդունված բանաձևի նախագծով` Եվրահանձնաժողովին և Եվրամիության անդամ երկրներին առաջարկվում էր սառեցնել այդ կառույցին Թուրքիայի անդամակցության հարցի շուրջ տարվող բանակցությունները: Նման որոշումը հիմնավորվում է Թուրքիայում մարդու իրավունքների խախտման, դատական համակարգի գործունեությանը գործադիր իշխանության միջամտության, կոռուպցիայի և այլ պատճառներով: Պաշտոնական Անկարան ակնկալում է, որ մայիսին նախատեսվող` Եվրախորհրդարանի ընտրությունների արդյունքում նոր կազմը դրական գնահատական կտա ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության գործընթացին։
Ամփոփում
Անհրաժեշտ է նշել, որ այս ամենի համատեքստում համեմատաբար հարթ են ընթանում Թուրքիայի քաղաքական հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Կարծում ենք, որ դա կարող է պայմանավորված լինել երկու հանգամանքով՝ Թուրքիայի կողմից ռուսական Ս-400 զենիթահրթիռային համալիրների ձեռք բերման հարցի շուրջ ընթացող բանակցություններով և Անկարայի նկատմամբ Մոսկվայի «փափուկ» դիրքորոշմամբ։ Ռուսական կողմի տեսանկյունից` գործարքն ունի ոչ միայն ռազմատեխնիկական, այլև ռազմավարական հետևանքներ, եթե հարցը դիտարկենք Թուրքիայի նկատմամբ ԱՄՆ-ի, ՆԱՏՕ-ի ազդեցության նվազեցման հնարավորության համատեքստում։ Մեր գնահատմամբ` նման հավանականությունը բավական ցածր է կամ, լավագույն դեպքում, իրավիճակային բնույթ կունենա։ Եվ երկրորդ` Ռուսաստանը կարևորում է Թուրքիայի մասնակցությունը սիրիական ճգնաժամի հաղթահարման գործին։ Այդ ամենով հանդերձ, նույն սիրիական ուղղությամբ թեև կողմերը ունեն գործակցային հիմքեր, առկա են նաև քաղաքական, ռազմական անհամաձայնություններ. հակադրվում են կողմերի շահերը քրդերի, Սիրիայի նախագահ Բաշար Ասադի իշխանության պահպանման և, առհասարակ, Սիրիայում դիրքերի ու ազդեցության ուղղությամբ մրցակցության հարցերում։ Մոսկվան բավական ցավոտ է ընկալում Սիրիայում ինչպես Իրանի, այնպես էլ Թուրքիայի դիրքերի ընդլայնումը, որի զսպման ուղղությամբ Մոսկվան փորձում է զարգացնել գործակցությունը Իսրայելի հետ։
Ամփոփելով վերը շարադրվածը` հավելենք, որ միջազգային հարաբերություններում Թուրքիայի համար ստեղծված ոչ այնքան բարենպաստ իրավիճակում հայկական կողմի համար հնարավորություններ են բացվում աշխատանքներ տանելու հակաթուրքական բնույթի գործընթացներում ու ճամբարներում։ Միաժամանակ նշենք, որ որևէ երաշխիք չկա, որ այդ իրավիճակը կպահպանվի առաջիկայում ևս։ Ասենք ավելին` փոքր չէ հավանականությունը, որ Անկարան ստեղծված իրադրությունը կարող է «զարգացնել»՝ Վաշինգտոնից առավելագույնը ստանալու ակնկալիքով։ Ուստի, թեև կողմերի միջև պահպանվում է լարվածությունը, սակայն չենք բացառում հարաբերություններում կտրուկ շրջադարձի հնարավորություն՝ հօգուտ Անկարայի։
Պակաս կարևոր չէ նաև այն հարցը, որ հայկական կողմը կարող է և պետք է մեզ համար ձևավորվող նման բարենպաստ քաղաքական, դիվանագիտական միջավայրն օգտագործել հակաթուրքական միտումներում Թուրքիայի հետ Ադրբեջանի ասոցացման, ադրբեջանական կողմի ներգրավման քաղաքականության առաջ մղման համար։
Կարեն Վերանյան
Տարածաշրջանային հարցերով փորձագետ