կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-02-24 16:36
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երբ Վրաստանում ԳԱԱ-ն միացվեց բուհերին, վրացի գիտնականն ասաց՝ «Վրաստանում գիտությունը մահացավ». Աշոտ Մելքոնյան

Ես ոչ մի տարբերություն չեմ տեսել աշխատանքային օրինակի և այժմ քննարկվող օրինակների միջև և այն դիտողությունները, որոնք ակադեմիական ինստիտուտներում արվել էին, չեն փոխվել. ըստ Yerkir.am-ի՝ հայտարարեց ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը ԱԺ-ում՝ «Բարձրագույն կրթության և գիտության ոլորտի օրենսդրական բարեփոխումներն ու հիմնախնդիրները» թեմայով լսումների ժամանակ:

«Ինձ համար և՛ ելույթներից, և՛ փաստաթղթերից պարզ չէ ԳԱԱ-ի կարգավիճակի հարցը: Երբ Վրաստանում ակադեմիական ինստիտուտները տարվեցին բուհեր, վրացի ակադեմիկոս Միխայիլ Քուրդիանին ինձ զանգեց և ասաց՝ «մեր գիտությունը մեռավ, որովհետև չունենք ԳԱԱ»: ԳԱԱ նախագահությունը և նրա բաժանմունքները այն կամուրջն են, որոնց միջոցով մենք կարողանում ենք միջգիտակարգային աշխատանքներ իրականացնել: Վերջերս Հայագիտության բաժանմունքը մի հրաշալի աշխատանք կատարեց. Հայոց ցեղասպանության հարցում կառուցակարգերի մշակման վերաբերյալ՝ 600 էջանոց ծանրակշիռ աշխատանք ներկայացրեց, որն իրականացվել է բուհերի և մեր գիտահետազոտական ինստիտուների մասնակցությամբ», - նշեց Մելքոնյանը:

Աշոտ Մելքոնյանն ընդգծեց, որ շատ են խոսում ԳԱԱ-ի և նրա համակարգի՝ խորհրդային ժամանակներից ժառանգված կառույց լինելու մասին, բայց ԳԱԱ-ն եվրոպական համակարգ է և դա այն կառույցն է, որտեղ գիտնականը իսկապես գիտական արդյունք է տալիս:

Անդրադառնալով գիտական աստիճանների քննադատություններին՝ Մելքոնյանն ասաց, որ շատ են խոսում դոկտորների ու թեկնածուների՝ շատ լինելու մասին. «Եթե PhD (ասպիրանտ) դառնում է նույն գիտության դոկտոր, մոտիվացիան պակասում է գիտաշխատողի մոտ: Այս օրենքով պարզ չէ՝ արդյո՞ք բոլոր թեկնածուները դառնում են դոկտոր և ինչո՞ւ է սա համարվում դարձյալ խորհրդային ժամանակներից մնացած»:

Մելքոնյանը վերջում հավելեց, որ շատ ուրախ կլինեն, եթե այս դիտողություններից գոնե մեկը ընդունվի, քանզի ինստիտուտներից ներկայացված դիտողությունները այդպես էլ տեղ չեն գտել նոր նախագծում:

Մանրամասն՝ տեսանյութում․