Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Նիկոլ Փաշինյանի առաջարկով Բագրատաշենի և Բավրայի մաքսային կետ-բաժինների տարածքներից «Դյութի ֆրի մարկետ Արմենիա» ՍՊԸ-ին կառուցապատման իրավունքով հողամաս տրամադրելու մասին որոշման նախագիծը հանվեց օրակարգից:
Նախագծով նախատեսված էր՝ 49 տարի ժամկետով, առանց մրցույթի, կառուցապատման իրավունքով պետական եկամուտների կոմիտեի Արևելյան մաքսատուն-վարչության Բագրատաշենի մաքսային կետ-բաժնին 1036 քառ. մետր, իսկ Հյուսիսային մաքսատուն-վարչության Բավրայի մաքսային կետ-բաժնի կողմից 565.3 քառ. մետր հողամաս տրամադրել «Դյութի ֆրի մարկետ Արմենիա» ՍՊԸ-ին:
Ընկերությունը նախատեսում է նշված տարածքներում անմաքս առևտրի խանութներ կառուցել: Նախատեսվում էր ներդնել մոտ 3.5 մլն եվրո և ստեղծել 250 աշխատատեղ:
Վարչապետ Փաշինյանը առարկեց, այսուհետ որևէ հողատարածք չի տրամադրվելու առանց մրցույթի:
«Եկեք բացառենք, որ կառավարության որոշմամբ որևէ հողատարածք տրամադրվի որևէ ընկերության: Պետք է ասենք, որ իքս ընկերությունը նման առաջարկ է արել և ով ունի ավելի լավ առաջարկ»,-ասաց կառավարության ղեկավարը:
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նշեց, որ խնդիրը տեղավորվում է պետական-մասնավոր համագործակցության տիրույթում:
Ըստ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի՝ «Դյութի ֆրի մարկետ Արմենիա» ՍՊԸ-ն փորձառու կազմակերպություն է, ունի միջազգային փորձ: «Մենք կարող ենք մրցույթ հայտարարել, սակայն ունենք չորս ընկերության առաջարկ և ունենք նպատակ չորսին էլ բավարարել»,-նշեց Անանյանը:
Վարչապետ Փաշինյանի խոսքով՝ կառավարության որոշմամբ պետք է հողը դրվի աճուրդի, կհաղթի առավելագույն գին առաջարկողը:
«Ես առաջարկում եմ հարցը հանենք օրակարգից, և, ով հետաքրքրված է այսպիսի ծառայությամբ, թող գա մասնակցի, սահմանենք խիստ աճուրդային պայմաններ: Ընդհանրապես եկեք վերացնենք առանց մրցույթի հող տալու պրակտիկան»,- հորդորեց նա:
Հարցը հանվեց օրակարգից, իսկ վարչապետը սպասում է նոր նախագծի: