կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-03-28 13:08
Հասարակություն

Մեծ քանակությամբ սառեցված ֆրի ենք ներկրում, մինչդեռ գյուղացին չի կարողանում իր կարտոֆիլն իրացնել. նախարար

Մեծ քանակությամբ սառեցված ֆրի ենք ներկրում, մինչդեռ գյուղացին չի կարողանում իր կարտոֆիլն իրացնել. նախարար

Աղքատության մակարդակը գյուղական համայնքներում բարձր է, որովհետև մենք մարդուն հնարավորություն չենք տալիս արտադրել մի բան, որի մեջ կա ավելացված արժեք: Այս կարծիքին է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը:

«Երբ մտնում եմ գյուղեր, թեկուզ` սահմանամերձ, տեսնում եմ, որ պետությունը մեծ ջանքեր է թափել, որ գյուղը նորմալ գյուղապետարան ունենա, գազ ունենա, բայց մարդկանց դեռ մտահոգում է այն հարցը, թե ինչպե՞ս իրենք պետք է ապրեն, արդյո՞ք մեկ հեկտար հողը բավարար է, որ մարդը եկամուտ ստանա և ապրի: Երբ մենք խոսում ենք արտագաղթից և ասում՝ գիտեք` գյուղում ակումբ կամ այլ հարմարություն չկա, դրա համար են արտագաղթում, ես չեմ հավատում: Այո, դա էլ է պատճառ, բայց դա փոքր պատճառ է: Մեր քաղաքներում ասֆալտ էլ կա, ակումբ էլ կա, այգի էլ, բայց մարդիկ չունեն աշխատանք, չունեն եկամուտ, ու արտագաղթում են: Իհարկե, լավ է, որ այդ ամենը մենք ունենանք, բայց եթե ընտանիքը եկամուտ չունեցավ, պետք է փնտրի, գտնի ինչ-որ տեղ, որտեղ կկարողանա իրեն պահել: Մենք պետք է մտածենք, թե ինչպես գյուղացին եկամտի աղբյուր ստանա, պետք է գնանք գյուղ առ գյուղ, շրջենք, հասկանանք ինչ կարելի է գյուղում անել»,-Արագածոտնի մարզի համայնքապետերի հետ հանդիպման ժամանակ նշեց նախարարը:

Նրա խոսքով՝ զարգացման համար գյուղական համայնքներում արտադրական ձեռնարկություններ պետք է ստեղծվեն: «Իհարկե, բարդ բան ենք ասում, դա իրագործելու համար ծրագրել, չարչարվել է պետք: Եթե նայենք Հայաստանի Հանրապետություն ներկրվող ապրանքների ցանկը, կգտնենք 100 ապրանք, որի վաճառքի ընդհանուր ծավալը Հայաստանում 2 մլն-ից ավելի է, և որի հումքը Հայաստանում կա»,- նշեց Լոքյանը` օրինակ բերելով տարեկան մեծ քանակությամբ Հայաստան ներկրվող սառեցված կարտոֆիլը ` ֆրիի համար, և սխտորի փոշին:

«Կարտոֆիլը համապատասխան սարքով կտրատում ու սառեցնում են և ուղարկում Հայաստան, այն դեպքում, երբ աշնանը մեզ մոտ կարտոֆիլի ավելցուկ է լինում, և գյուղացին չի իմանում` ինչպես այն իրացնել»,- ասաց նա:

Նախարարի խոսքով` եթե գտնվեն մարդիկ, ովքեր այդ սարքերից ձեռք կբերեն, պետությունը կօժանդակի, որպեսզի այդ արտադրանքը լինի Հայաստանում:

Դավիթ Լոքյանը նշեց, որ Խորվաթիայի, Մակեդոնիայի, Վրաստանի և Ալբանիայի օրինակով են առաջիկայում փորձելու ապահովել համայնքների զարգացումը: