Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ կառավարության այսօրվա նիստում քննարկվեց «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումն արգելելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը նշեց, որ ՀՀ պետական կառավարման շահագրգիռ մարմինների և «Ղեկը աջ» նախաձեռնության անդամների հետ քննարկումների արդյունքում մշակվել է «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումն արգելելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:
«Նախագծի ընդունման դեպքում հնարավորություն կընձեռվի ՀՀ մաքսային տարածքներում տեղակայված աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցները, ինչպես նաև այն աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցները, որոնց ձեռք բերման համար վճարումները կատարվել են մինչև 2018 թվականի դեկտեմբերի 30-ը, ՀՀ տարածք ներմուծել մինչև 2019 թվականի ապրիլի 1-ը», - նշեց նա։
Ըստ նախարարի` հանգել են տեղային լուծման, քանի որ հստակ չգիտեին, թե որքան տնտեսվարող սուբյեկտների է վերաբերում հարցը, և ներկայումս պարզվել է, որ խոսքը 830 մեքենայի մասին է:
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Այրումում պայմանավորվածությունը հետևյալն է` խոսքն այն մեքենաներին պետք է վերաբերի, որոնք այն օրվա դրությամբ արդեն գտնվել են մաքսային գոտում:
Հակոբ Արշակյանը արձագանքեց. «Քանի որ չափելիությունը հստակ չեն կարող իրականացնել, այդ պատճառով գնման ժամկետի վերաբերյալ կարող են սահմանափակում իրականացնել: Հիմա լղոզված ձևակերպումներով տալով՝ մենք հարցը ոչ թե լուծում ենք, այլ` հակառակը: Եղել է պայմանավորվություն, որ VIN կոդերով գնված մեքենաների հարցը լուծում ենք և այդ հարցերին չենք անդրադառնալու: Ես համաձայն չեմ, որ մի բան պայմանավորվենք և այլ բան իրականացնենք։ Խոսքն այն մեքենաներին պետք է վերաբերի, որոնք գտնվում են մաքսայինում»:
Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ բանակցությունները եղել են նախընտրական քարոզարշավի շրջանակներում, ու կան ձայնագրություններ:
Նախարարը միևնույն ժամանակ նշեց, որ նախագծի վերամշակման դեպքում կստացվի, որ 442 մեքենայի մասին է խոսքը:
Այսպիսով` լրամշակելու համար հարցը հանվեց օրակարգից։ Վարչապետը նշեց, որ եթե այսպես շարունակվի, ապա աջակողմյան մեքենաները կգերազանցեն ձախակողմյան մեքենաների քանակը, և ստիպված կլինեն երթևեկության կանոնների ամբողջ համակարգը փոխել, որը միլիարդավոր դոլարների ծախս կլինի բյուջեի համար: