Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքիայի Ռազմածովային ուժերը թուրք զինվորներին և տանկերին իջեցրել է Տրիպոլի: Այս մասին, ըստ Yerkir.am-ի, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ լիբիական 218tv հեռուստաընկերության հղումով:
Ըստ լրատվամիջոցի՝ թուրքերը ժամանել են երեքշաբթի, իսկ չորեքշաբթի ռազմանավերը ափ են հասել:
«Ահմար Լիբիա» կայքի հավաստմամբ ամբողջ զինտեխնիկան ուղարկվում է Տրիպոլիի կենտրոնում գտնվող ռազմաօդային բազա: Նույն լրատվամիջոցը նաև օրեր առաջ հայտնել էր, որ 40 թուրք սպա Afriqya Airways-ի ինքնաթիռով ժամանել է Լիբիա:
Լիբիայում ռազմական հակամարտությունը սկսվել էր 2011 թ., որի արդյունքում երկիրը տասնամյակներով ղեկավարող Մուամար Քադդաֆիի իշխանությունը տապալվեց, իսկ ինքը սպանվեց: Դրանից հետո երկիրը ընկղմվեց խորը ճգնաժամի մեջ, մասնատվեց առանձին խմբավորումների: ՄԱԿ-ի, ԵՄ-ի աջակցությունը վայելող Ազգային համաձայնության կառավարության ղեկավար Ֆայեզ Սարաջի և Լիբիայի Ազգային բանակի հրամանատար Հալիֆե Հաֆթարի միջև տևական ժամանակ ընթացող հակամարտությունը լուծելու համար այս տարի կազմակերպվել է Լիբիական հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված երկու հանդիպում: Առաջինը կայացավ հունվարի 13-ին Մոսկվայում՝ ՌԴ և Թուրքիայի նախաձեռնությամբ, իսկ երկրորդը Բեռլինում՝ հունվարի 19-ին: Բեռլինի խորհրդաժողովում համաձայնություն էր ձեռք բերվել զենքերի մատակարարման վրա էմբարգո սահմանելու, դրա իրականացման ուղղությամբ վերահսկողության սահմանման և բացառապես քաղաքական ճանապարհով խնդրի լուծման ուղղությամբ: Մեկ այլ կարևոր կետ սահմանում էր, որ մասնակից պետությունները չպետք է ոչ մի օժանդակություն ցուցաբերեն հակամարտող կողմերից մեկին:
Դա, մասնավորապես, վերաբերում էր Թուրքիային, ով 2019 թ. դեկտեմբերի վերջին սկսել էր զորք ուղարկել Լիբիա: Սիրիայում թուրքերի աջակցությունը վայելող մոտ 2000 զինյալ տեղափոխվել էր Տրիպոլի, իսկ թուրքական բանակը պետք է ժամաներ հունվարին:
Թվում էր, որ Բեռլինի խորհրդաժողովը կկասեցներ Թուրքիայի գործողությունները, սակայն թուրքերը, փաստորեն, խախտում են համաձայնությունը: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն արդեն քննադատել է Թուրքիային՝ ձեռք բերված համաձայնությունը խախտելու մեջ. «Էրդողանը խախտում է սեփական խոստումը», - նշել է Մակրոնը:
Ա. Եղիազարյան