կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-01-20 18:11
Հասարակություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՃՈ տեսուչներն իրավունք չունեն բալ հանելու․ բալայինը հա՛մ կա, հա՛մ չկա

ՃՈ երթևեկության բալային համակարգի մասին օրենքը, պարզվում է, փաստացի չի գործում լիարժեք։ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը, որն օրենքի հեղինակներից է, հաստատեց, որ ՃՈ տեսուչներն իրավունք չունեն որևէ բալ հանելու իրենց արձանագրած խախտումների դեպքերով։ Նրանք միայն արձանագրում են խախտումը, տուգանում և վերջ։

Սա, փաստորեն, ևս մեկ օրենք է, որն ուժի մեջ է մտել կիսատպռատ վիճակով (հիշենք կենդանիների մորթը միայն սպանդանոցում թույլատրելու օրենքը, որն ուժի մեջ է մտել առանց բավարար քանակով սպանդանոցներ կառուցելու, պոլիկլինիկաների էլեկտրոնային կառավարմանն անցնելու որոշումը՝ առանց պոլիկլինիկաները համապատասխան համակարգերով հագեցնելու և այլն)։

Աբսուրդն այն է, որ ՃՈ տեսուչն այս պահին խախտումն արձանագրելու դեպքում բալ հանելու իրավունք չունի, բայց 8 ամիս հետո՝ սեպտեմբերի 1-ից, երբ ոստիկանանական մեքենաները վերազինված լինեն խախտումն արձանագրող սարքերով, նույն տեսուչի արձանագրած խախտումով թույլատրելի կլինի բալ հանել։ Անհասկանալի է՝ ինչու մինչև սարքերի տեղադրելը տեսուչի արձանագրած խախտումն ուժ չունի, իսկ սարքերը տեղադրելուց հետո՝ ունի։

Բացի այդ, տրամաբանական հարց է առաջանում՝ ի՞նչն էր ստիպում օրենքն ուժի մեջ մտցնել հունվարի 1-ից, եթե ոստիկանական մեքենաները խախտումն արձանագրող սարքերով հագենալու են սեպտեմբերի 1-ից։ Արմեն Խաչատրյանի բացատրությունը հետևյալն է․ «Քանի որ օրենքը հեղափոխական փոփոխություններ է նախատեսում վարչարարության մեջ, հունվարի 1-ից է ուժի մեջ մտել, որ մարդիկ ադապտացվեն նոր վարչարարությանը և սեպտեմբերի 1-ից կիրառվի ամբողջ համակարգով»։

Ստացվում է, որ այս պահին օրենքի գործողությունը տարածվում է միայն տեսահսկման սարքերով արձանագրված խախտումների վրա, այսինքն, միայն տեսանկարահանող սարքերի արձանագրած խախտումների հիմքով կարելի է բալեր հանել, տեսուչի արձանագրածով չի կարելի, ավտոմեքենաներն էլ սարքեր դեռ չունեն։

Շղթայական ռեակցիայով անհավասար պայմաններ են ստեղծվում մայրաքաղաքի ու մարզերի վարորդների միջև․ մարզերում, որտեղ տեսանկարահանող սարքեր չկան, կան միայն արագաչափեր, քիչ են արձանագրվում նաև խախտումները, հետևապես, մարզում խախտումներ կատարողներից ավելի քիչ բալեր են հանվում։ Վարորդներն էլ ձևը սովորել են՝ մարզերում վարում են ինչպես կուզենան և մայրաքաղաքում միայն հետևում կանոններին։

«Մարզերում միայն բացակայում են տեսախցիկները՝ տեսախցիկներ չկան, բայց արագաչափերը  կան․ եթե խախտումները ֆիքսվեն արագաչափերով, ապա բալերը կհանվեն, եթե ոչ՝ ոչ»,-հաստատեց Արմեն Խաչատրյանը։

Նա նաև տեղեկացրեց, որ որևէ մեկից որևէ բալ առայսօր չեն հանել, քանի որ արձանագրված խախտումներն ակտ դառնալու համար առնվազն մեկ ամիս պահանջվում է։

Պարեկային ավտոմեքենաները զինելու սարքերը ձեռք բերելու գործընթացը, նրա խոսքով, ակտիվ ընթանում է՝ մի քանի հարյուր սարք և ավտոմեքենա ճիշտ ժամանակին՝ սեպտեմբերի 1-ին պատրաստ կլինեն։

«Կառավարությունը միջոցներ է ձեռնարկում․ որակապես նոր ծառայություն է ստեղծվելու՝ պարեկային ծառայություն, որն արձագանքելու է բոլոր իրավախախտումներին և հանցագործության դեպքերին։ Այսինքն, ոչ միայն երթևեկության կանոններն է պահպանելու, այլև իր գործառութային պարտավորությունների մեջ մտնելու է արձագանքել բոլոր իրավախախտումների դեպքերին։ Նրանք զինված են լինելու լավ տեխնիկական միջոցներով, լավ տրանսպորտային միջոցներով, համապատասխան ծրագրատեխնիկական հնարավորություններով։ Մի քանի հարյուր տրանսպորտային միջոց պետք է ձեռք բերվի այս նպատակի համար»,-պարզաբանեց նա։

Բայց սա էլ դեռ ամբողջը չէ․ աբսուրդի գագաթնակետն այն է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ արագաչափերին ու կարմիր գծերին նետած նախընտրական մարտահրավերի հետևանքով 29 արագաչափ հանվել է։ Սա նշանակում է՝ ՃՈ բալային համակարգի մասին նոր օրենքն ուժի մեջ մտնելուց հետո պարզվել է, որ այն արագաչափերը, որոնց գրանցած խախտումներով պետք է բալեր հանվեին, հենց այդ արագաչափերն են հանվել նախընտրական մրցավազքում։

Աննա Բալյան

Առավել մանրամասն՝ տեսանյութում․