Փոխարժեքներ
24 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Աթոռակռվով սկսվեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի աշխատանքը՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության առաջադրած անդամ Էդգար Շաթիրյանը հրաժարական ներկայացրեց՝ երբ պարզ դարձավ, որ հանձնաժողովի նախագահ է ընտրվել ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության առաջադրած՝ Հայկուհի Հարությունյանը։
«Սկիզբը, իհարկե, հաճելի չէր, որ այսպես սկսվեց, ես Էդգար Շաթիրյանին դեռ շատ վաղուց եմ ճանաչում, նա բարձր մարդկային հատկանիշների և մեծ պրոֆեսիոնալիզմի տեր անձնավորություն է, եթե ինքն այդպես է որոշել, ես հարգում եմ նրա որոշումը»,- Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը։
Դեռ 2017թ-ի օրենքով, հանձնաժողովը պետք է ձևավորվեր մրցութային կարգով։ Օրենքը փոխվեց, մրցութային պայմանը հանվեց, ներկա կազմն ընտրվեց։ Հիմա նորից կառավարությունը հաստատել և ԱԺ է ուղարկել փաթեթ, որով վերադարձ է կատարվում հանձնաժողովի ձևավորման՝ 2017-ի՝ մրցութային կարգին։
Տարոն Սիմոնյանը նորմալ չի համարում անընդհատ հետուառաջ անելը․ «Եթե մենք չենք հասկանում՝ ինչ ենք ուզում, ինչպես ուզելը, բնականաբար, չենք կարող հասկանալ։ Եթե այդպիսի՝ պահով պայմանավորված որոշումներ են ընդունվում գործադիր իշխանության կողմից, ես խորհուրդ կտամ մի քիչ ավելի շատ մտածեն, հետո նոր այդ որոշումները կայացնեն, որ հետո ստիպված չլինեն փոխել իրենց որոշումները»։
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի գործառույթը, մեկ այլ օրինագծով, մտադիր են ընդլայնել այնքան, որ հանձնաժողվի համար հասանելի լինի նաև բանկային գաղտնիքը․ արդարադատության նախարարը փաթեթը ներկայացրել է ԱԺ-ի հաստատմանը։ Կենտորնական բանկը սա մտահոգիչ է համարում։
Տարոն Սիմոնյանի համար հասկանալի է՝ նպատակը ուր է տանում, բայց գտնում է, որ այդ նպատակը, եթե անգամ արդարացի է և լեգիտիմ, դրան հասնելու միջոցները ևս պետք է լինեն հղկված, որպեսզի անմեղ մարդկանց չառնչվեն։
«Ներդրումների վրա սա շատ բացասական կազդի։ Եթե դուք ուզում եք տնտեսական թռիչքաձև զարգացում ապահովել, ներդրումներ խրախուսել… ներդրողը երբ գալիս, տեսնում է՝ օրենսդրությունում գրված է, որ իրավապահ համակարգը ո՛ր րոպեին ուզենա իր բանկային գաղտնիքը կարող է ստուգել, անկախ նրանից՝ ինքը կասկածյալ է, մեղադրյալ է կամ ընդհանրապես որևէ կարգավիճակ չունեցող անձ է, միանգամից ինչո՞ւ պիտի իր փողերը բերի՝ երկրում ներդրում կատարի։ Անգամ բարեխիղճ ներդրողը այդ հոդվածը տեսնելիս՝ վախենում է։ Եվ դրա համար ենք ուզում հասկանալ՝ դուք ի՞նչ եք ուզում․ որ ներդրում չկատարվի, բայց ասենք՝ իրավապահ համակարգը մեծ լծակներով օժտել եքն և նա կպայքարի հանցավորության դեմ, թե՞ ուզում ենք, որ հանցավորության դեմ պայքարին զուգահեռ ներդրումները ևս զարգացնենք»,-ասաց նա։
Կոռուպցիայի կանխարգելման մի քանի հոգանոց հանձնաժողովի վրա ընկավ նաև դատավորների վեթինգի բեռը։ Տարոն Սիմոնյանը նկատեց, որ հանձնաժողովի իրավասությունը հենց կոռուպցիայի դեմ պայքարով է սահմանափակված․ «Այն մասով, որ կընկնի հանձնաժողովի իրավասության տակ, հանձնաժողովը պետք է այդ բեռը պատվով տանի և, եթե դատական իշխանության ներկայացուցիչների առնչությամբ կհայտնվեն այնպիսի կասկածներ, որ կոռուպցիոն դրսևորումներով դատական ակտեր են ընդունում, ապա դրանով լրջորեն պետք է զբաղվի նաև հենց այս հանձնաժողովը։ Բայց ընդհանուր առմամբ, վեթինգի մի զգալի հատվածը ԲԴԽ-ին է բաժին ընկել»։
Պատգամավորն ընդգծեց, որ սա այն դասական վեթինգը չէ, որի մասին մինչ այս խոսվում էր ամենաբարձր՝ կառավարության ղեկավարի մակարդակով․ «Սա պարզապես այն է, ինչ մնաց այս ընթացքում խոսակցությունների, բանավեճերի արդյունքում։ Հասկացանք, որ դասական վեթինգ իրականացնելու համար սահմանադրական փոփոխություններ են պետք և, քանի որ չենք գնում քաղաքական այդ որոշման, եղած ռեսուրսներով պետք է իրականացնենք, ապա դրա մի մասն է իրականացվելու ընդամենը»։
Սահմանադրական փոփոխություններին Տարոն Սիմոնյանը շուտ չի սպասում․ ժամկետը կանխատեսում է հասցնել նույնիսկ մինչև այս իշխանության ավարտից հետո։ Դատավորների աշխատակազմի ավելացում, աշխատավարձերի բարձրացում, ծանրաբեռնվածության նվազեցում․ դատաիրավական բարեփոխումների ռազմավարության մեջ գրված այս բորեփոխումների ուղղությամբ շարժ չի տեսնում։ Որ դրանք իրական չեն թվում, Տարոն Սիմոնյանի համար ակնհայտ էր այն պահից, երբ պետական բյուջեում այս նպատակների համար որևէ հատկացում չեղավ։
Իր բազմաթիվ բարձրաձայնումներին կառավարությունը, չունենալով որևէ պատասխան, ասաց, որ գրանտների և արտասահմանյան ֆինանսավորման միջոցով այդ քայլերը կարվեն։
«Սա անտրամաբանական է և որևէ ձևով չի պատճառաբանվում, որովհետև եթե անգամ արտաքին ֆինանսավորմամբ պետք է դա տեղի ունենա, համենայն դեպս, բյուջեում դա պետք է նշվի, որովհետև բյուջեից են աշխատավարձ ստանում դատավորները։ Բյուջեով է նախատեսվում, որ դատավորների աշխատակազմը ավելանում է և նրանց համար աշխատավարձ է սահմանվում։ Այլ բան է, որ այդ բյուջեն մուտք գործող գումարները, միգուցե, ներքին չեն, այլ արտաքին են։ Բայց բյուջեում նշում չունենք»,-ասաց պատգամավորը։
Դատավորների՝ արտաքին աղբյուրներից անմիջականորեն աշխատավարձ ստանալու մեջ տրամաբանություն Տարոն Սիմոնյանը չի տեսնում։
Չի տեսնում նաև տրամաբանություն դատական բարեփոխումների շրջանակում Սահմանադրական դատարանը Վճռաբեկ դատարանին միացնելու և Գերագույն դատարան ստեղծելու հարցում՝ միայն այն պատճառով, որ ազատվեն իշխանության համար անցանկալի՝ ՍԴ նախագահից։
«Դա պրոֆեսիոնալիզմի բացակայություն է։ Եթե մենք գնում ենք այդ քայլին և ուզում ենք «վեթինգի» շրջանակներում այլ երկրների փորձը կիրառել, ապա դա չպետք է սահմանափակենք միայն ՍԴ-ով, դա պետք է ամբողջ դատական համակարգի և դատական իշխանության վրա կիրառենք։ Որովհետև քաղաքացիները դատական իշխանության դերն ու նշանակությունը զգում են ոչ թե ՍԴ որոշումենրով, որոնք շատ նեղ իրավասությունների շրջանակ ունեն, այլ առաջին ատյանի դատարանում, որտեղ գնում են, անարդար որոշումներ են ստանում և հասկանում են, որ այս դատավորը, օրինակ, չի համապատասխանում իր դերին ու նշանակությանը»,-պարզաբանեց նա։
Նույն՝ տրամաբանությունից զուրկ նախաձեռնություն է համարում, ասենք, առաջին ատյանի դատարանի դատավորի աշխատանքից բողոքող այդ նույն քաղաքացուն ասել՝ քո գրպանից փող տուր, որ մենք ՍԴ՝ մեզ համար անցանկալի անձին ուղարկենք տուն և նա բարձր թոշակով դեռ երիտասարդ տարիքում հանգիստ վայելի իր երիտասարդությունը․ «Ինչո՞ւ պիտի քաղաքացին փող վճարի ՍԴ դատավորի չվաստական հանգիստը վայելելու համար, եթե ինքը առերեսվում է կոնկրետ առաջին ատյանի դատարանի դատավորի անարդարության հետ»։
Տրամաբանություն չկա, փոխկապակցվածություն չկա, տրամաբանական շղթա չկա՝ եզրափակեց Տարոն Սիմոնյանը։
Աննա Բալյան
Առավել մանրամասն՝ տեսանյութում․