կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-02-27 16:42
Հասարակություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Միավորները հաճախ հանվում են վարորդի կամքից անկախ խախտումների համար․ ՃՈ բալայինը հասավ մարդու իրավունքների պաշտպանին

ՃՈ բալային համակարգի անցնելու գլխավոր խնդիրներից մեկն այն է, որ այդպես էլ չիրականացվեցին պատշաճ իրազեկման աշխատանքներ՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Խորհրդարանում՝ ԲՀԿ խմբակցության նախաձեռնած՝ «Ճանապարհային երթեւեկության արդի հիմնախնդիրները եւ դրանց լուծման ուղիները» լսումների ժամանակ։

Լսումներին մասնակցում էին նաև ՀՀ ՃՈ պետ, ոստիկանության գնդապետ Եգոր Կարապետյանը, ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանը և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը։

Մարդու իրավունքների պաշտպանը նշեց, որ ճանապարհային կանոնների որոշ խախտումներ, որոնք առաջացնում են միավորների զրկում բացառապես կախված են վարորդի վարքագծից, օրինակ՝ առանց հաշվառման համարանիշի վարելը, ալկոհոլի ազդեցության տակ վարելը, ամրագոտի չօգտագործելը և այլն։

Բայց կան նաև այնպիսի խախտումներ, որոնք մարդու կամքից դրանք կախված չեն առհասարակ և դրանց կատարմանը նպաստում է երթևեկության անհրաժեշտ պայմանների բացակայությունը։

«ՄԻՊ ներկայացված բողոքների ուսումնասիրության համաձայն՝ մեր երկրում առկա են ճանապարհների կահավորման հետ կապված խնդիրներ․ մասնավորապես՝ ճանապարհային գծանշումների, օրինակ, հետիոտնային անցումներ, հոսքագծեր, տեսանելիության անբավարարություն, ասֆալտապատումից հետո նոր գծանշումներ չկատարաելը, երթևեկության ծանրաբեռնվածությունը հատկապես Երևանում, ինչը հանգեցնում է, ասենք՝ կայանման խնդրի։ Սրան բախվում են մեծամասամբ տաքսիների վարորդները և առաքիչները, որոնք ստիպված են կայանել «երկրորդ գծում»։ Նշված խնդիրն առաջացնում է նաև այլ վարորդների կողմից երթևեկության կանոնների խախտման հարց, քանի որ վարորդները ստիպված շրջանցում են մեր երկրորդ գծում կայանված մեքենային՝ հանդիպակաց հոսքագծով դուրս գալու միջոցով»,-ասաց Արման Թաթոյանը։

Նա ընդգծեց, որ այս խախտումների համար մարդու նկատմամբ ներգործության միջոցներ կիրառելը, իսկ տուգանքը ներգործության միջոց է, արդարացված չէ, որովհետև սա չափազանց բարձր աստիճանի միջամտություն է մարդու իրավունքին։ Իսկ որքան բարձր է  միջամտությունը մարդու իրավունքին, պետք է պետությունը այնքան մեծ պարտավորություն ու ջանքեր գործադրի մինչև այդ համակարգի ներդրումը, որպեսզի համաչափության կանոնը հաղթահարի։

«Ես կարծում եմ, մեր պետությունը պետք է ջանքերը շատ ինսենսիվ գործադրի ճանապարհային նշանների կահավորման ուղղությամբ, որովհետև ստացվում է, որ մարդը իր կամքից անկախ հանգամանքերով ենթարկվելու է ներգործության միջոցների»,-ասաց Արման Թաթոյանը։

Պետական մարմինները մեկը մյուսի վրա են դնում պատասխանատվությունը՝ նակտեց նա, բայց հավելեց, որ թե՛ իրեն՝ որպես մարդու իրավունքների պաշտպան, թե՛ քաղաքացուն չի հետաքրքրում՝ որ մարմինն է պատասխանատու․ կա պետություն, որը կիրառում է ներգործության միջոց և այդ միջոցը պետք է լինի համաչափ։

«Բալային համակարգն, իհարկե, աշխարհում համարվում է արդյունավետ, բայց այլ երկրներում այլ բաղադրիչների հետ համատեղ է դա արվում, մեր երկիր ներմուծելու պարագայում պետք է մյուս բաղադրիչները ևս ապահովված լինեն»,-ընդգծեց Արման Թաթոյանը։

Մանրամասն՝ տեսանյութում․