կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-01-09 16:50
Իրավական

Դեպքի պահին ՃՈ տեսուչներն իրականացնում էին գիշերային հերթապահություն. վթարի հանգամանքները պարզվում են

Դեպքի պահին ՃՈ տեսուչներն իրականացնում էին գիշերային հերթապահություն. վթարի հանգամանքները պարզվում են

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ լույս հունվարի 8-ի գիշերը Երևանում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: «ԲՄՎX6» մակնիշի վարորդը ձերբակալվել է:

Հունվարի 8-ին՝ ժամը 04:40-ի սահմաններում, Երևան քաղաքի Սայաթ-Նովա պողոտայի և Աբովյան փողոցի խաչմերուկում բախվել են «ԲՄՎX6» մակնիշի, 35 NT 388 հաշվառման համարանիշի և «Տոյոտա» մակնիշի, 243 II 02 հաշվառման համարանիշի ավտոմեքենաները, որից հետո «ԲՄՎX6» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել  երթևեկելի գոտուց և հարվածել գովազդային վահանակին: Ավտովթարի հետևանքով «Տոյոտա» մակնիշի, 243 II 02 հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վարորդ, ՃՈ 1-ին գումարտակի 6-րդ դասակի տեսուչ, ոստիկանության ավագ լեյտենանտ Ա.Դավթյանն ստացած մարմնական վնասվածքներից մահացել է, իսկ ուղևոր, նույն դասակի տեսուչ, ոստիկանության լեյտենանտ Խ.Գասպարյանը տեղափոխվել թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Ավտովթարից հետո «ԲՄՎX6» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, թողնելով ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը, հեռացել է:

Դեպքի առթիվ Երևան քաղաքի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով և 244-րդ հոդվածով: Քրեական գործի նախաքննության ընթացքում վարույթն իրականացնող մարմնին բժշկական կենտրոնից տեղեկացրել են, որ ոստիկանության լեյտենանտ Խ.Գասպարյանը, գիտակցության չգալով, վերակենդանացման բաժանմունքում մահացել է:

Դեպքի պահին ճանապարհային ոստիկանության տեսուչները գտնվել են ծառայության մեջ և իրականացրել գիշերային հերթապահություն։

Քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել է, որ վթարի պահին «ԲՄՎX6» մակնիշի ավտոմեքենայում գտնվել է 3 անձ, փաստական տվյալներ ձեռք բերվել, որ ղեկին գտնվել է Ս.Վարդանյանը, ով նույն օրը ձերբակալվել է։

Քրեական գործով հարցաքննվել են վկաներ, կատարվել առերես հարցաքննություններ, առգրավումներ: Քրեական գործով էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են դատաբժշկական, դատաքիմիական, դատակենսաբանական, դատաավտոտեխնիկական և մանրաթելային փորձաքննություններ:

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի հանգամանքների վերաբերյալ վկաների ցուցմունքներում մատնանշված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ։