Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
2019 թ. ընթացքում հայ մարզիկները շարունակեցին ավելացնել մեդալների քանակը`գրում է armtimes.com-ը: Մարզասերներին, ինչպես միշտ, ուրախացրին ըմբիշները, ծանրորդները, մարմնամարզիկները, բռնցքամարտիկները: Մյուս կողմից հիասթափեցրին ֆուտբոլիստները:
Ըմբշամարտի Եվրոպայի 2019 թ. առաջնությունում (ԵԱ) այս տարի չեմպիոն ունեցան ոչ թե հունահռոմեականները, այլ ազատոճայինները: Օլիմպիական, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը (97 կգ) բաց թողեց մրցաշարը, եւ այդ պատճառով հունառոմեականները զրկվեցին ոսկու համար պայքարելու հնարավորությունից: Ազատոճայիններից՝ որպես չեմպիոն, վերադարձավ Արսեն Հարությունյանը (61 կգ): Վերջին անգամ ՀՀ-ն ազատ ոճում Եվրոպայի չեմպիոն էր ունեցել 2013 թ.:
Հունահռոմեականները մրցաշարն ավարտեցին 2 բրոնզով: Դրանք նվաճեցին օլիմպիական փոխչեմպիոն, աշխարհի, Եվրոպայի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը (77 կգ) եւ Եվրոպայի բրոնզեմդալակիր Կարեն Ասլանյանը (67 կգ):
Եվրոպայի առաջնությունից հետո մյուս խոշոր մրցաշարն ըմբիշների համար Եվրոպական խաղերն էին: Այստեղ ոսկի նվաճեց Ալեքսանյանը, իսկ Եվրոպայի բրոնզեմեդալակիր Կարապետ Չալյանը բավարարվեց արծաթով:
Հայկական ըմբշամարտում աշխարհի 2019 թ. առաջնությանը (ԱԱ) նախորդեց մեծ աղմուկ: Հունահռոմեականների հավաքականում սրվեցին որոշ մարզիկների ու գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանի հարաբերությունները, ու վերջինս 20 տարի ընտրանին ղեկավարելուց հետո հեռացավ: ԱԱ-ից հունահռոմեականները վերադարձան 2 մեդալով ու օլիմպիական 2 ուղեգրով: Ալեքսանյանը եզրափակիչ հասավ, սակայն վնասվածքի պատճառով չմասնակցեց եզրափակչին ու բավարարվեց արծաթով: Սլավիկ Գալստյանը (63 կգ) բրոնզ նվաճեց: Տոկիո 2020-ի ուղեգրեր ձեռք բերեցին Ալեքսանյանը եւ Չալյանը: Ազատոճայիններն ԱԱ-ն ավարտեցին ձեռնունայն:
Ծանրորդները կարողանում են այնպես անել, որ իրենց մեդալները հաշվելը հեշտ չլինի: ԵԱ-ում 2-րդ անգամ Եվրոպայի չեմպիոն դարձավ օլիմպիական փոխչեմպիոն, աշխարհի, Եվրոպայի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը (109 կգ): Ոսկի նվաճեց նաեւ Հակոբ Մկրտչյանը (89 կգ): Փոխչեմպիոն դարձավ Սամվել Գասպարյանը (102 կգ): Բրոնզե մեդալ նվաճեցին Ռուբեն Ալեքսանյանը (+109 կգ) եւ Դավիթ Հովհաննիսյանը (89 կգ): Կանանց հավաքականում եւս մեդալներ եղան, սակայն՝ միայն փոքր:
ԱԱ-ում եւս 2 չեմպիոն ունեցանք՝ նույն Մարտիրոսյանը եւ Մկրտչյանը: Փոխչեմպիոն դարձավ Գոռ Մինասյանը (+109 կգ): Բրոնզեմեդալակիր դարձավ Ռուբեն Ալեքսանյանը (+109 կգ): ՀՀ կանանց հավաքականն այս ստուգատեսում մեդալների համար չպայքարեց:
Մարմնամարզիկները, որոնք դեռ շարունակում են սպասել իրենց մարզադահլիճի խոստացված վերանորոգմանը, դժգոհելու առիթ չեն տալիս: ԵԱ-ում մեդալ նվաճեց Եվրոպայի փոխչեմպիոն Վահագն Դավթյանը (օղակներ): 3-րդ տեղը զբաղեցրեց: Եվրոպական խաղերում նա արծաթեմեդալակիր դարձավ, իսկ Եվրոպայի փոխչեմպիոն Արթուր Դավթյանը (հենացատկ) ոսկի նվաճեց: ԱԱ-ում մարմնամարզիկների միակ հաջողությունն օլիմպիական ուղեգիրն էր, որը բազմամարտում նվաճեց նույն Արթուր Դավթյանը: Աստիճանաբար առաջատարներին հավասարվելու հաստատուն քայլեր է անում երիտասարդ Արթուր Ավետիսյանը: Նա ոսկի նվաճեց Համաշխարհային ուսանողական խաղերում:
Հայկական բռնցքամարտում դեռեւս չլուծված է մնում մի կողմից ՀՀ Բռնցքամարտի ֆեդերացիայի (ՀԲՖ) եւ մյուս կողմից նորաստեղծ բռնցքամարտի ֆեդերացիայի ու ՀԱՕԿ-ի հակամարտությունը, մարզիկներն էլ այս պայմաններում են մրցումների գնում: Մինսկում կայացած Եվրոպական խաղերից առաջ, որը բռնցքամարտի համար նաեւ ԵԱ էր, մեծ սկանդալ եղավ: ՀԱՕԿ-ն իր ուզած կազմն ուղարկեց Բելառուս, որտեղ ընդգրկված էին նաեւ նորաստեղծ ֆեդերացիայի մարզիկներ: ՀԲՖ-ն 2 ոսկի ունեցավ: Չեմպիոն դարձան Հովհաննես Բաչկովը (64 կգ) եւ Արթուր Հովհաննիսյանը (49 կգ): 2 բրոնզ նվաճեցին մյուս ֆեդերացիան ներկայացնող Կարեն Տոնականյանը (60 կգ) եւ Գոռ Ներսեսյանը (81 կգ): Ռուսաստանում կայացած ԱԱ-ում ՀՀ-ն 1 մեդալ ունեցավ: Բրոնզ նվաճեց Բաչկովը:
Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանն այս տարի հաղթեց Grand Chess Tour-ի Սենթ Լուիսի արագ եւ կայծակնային շախմատի մրցաշարում, ինչպես նաեւ Բուխարեստում կայացած Grand Chess Tour-ի Superbet Rapid & Blitz-ում: Այս տարի Զավեն Անդրիասյանն էլ 2-րդ տեղը գրավեց կայծակնային շախմատի ԵԱ-ում, իսկ Գաբրիել Սարգսյանը դարձավ արագ շախմատի Եվրոպայի չեմպիոն:
Սամբիստները նույնպես մեդալների փոքր ավար չունեցան: ԵԱ-ում չեմպիոն դարձավ Տիգրան Կիրակոսյանը (52 կգ), փոխչեմպիոն Գրիգոր Մխիթարյանը (57 կգ), Մաքսիմ Մանուկյանը (62 կգ), Վահագն Չալյանը (82 կգ), բրոնզեմեդալակիր Ռաֆիկ Մանուկյանը (68 կգ): Եվրոպական խաղերում Կիրակոսյանը ոսկի նվաճեց, Դավիթ Գրիգորյանը (82 կգ)՝ արծաթ, իսկ Արսեն Ղազարյանը (74 կգ)՝ բրոնզ: ԱԱ-ում Գրիգորյանը բրոնզեմեդալակիր դարձավ:
Ինչ վերաբերում է ֆուտբոլին, երեւի դժվար կլինի ՀՀ-ում գոհ մարդ գտնել: Այս տարի ՀՀ-ում անցկացվեց մինչեւ 19 տարեկանների ԵԱ 2019: Թեեւ ՀՀ-ն լուրջ մրցակցություն չցուցաբերեց ահեղ հավաքականներին, կարեւոր փաստ էր, որ ՀՀ-ում առաջին անգամ Եվրոպայի չեմպիոն որոշվեց, առաջին անգամ «Հանրապետական» մարզադաշտը ԵԱ եզրափակիչ ընդունեց:
Առաջընթաց նկատվեց ակումբային ֆուտբոլում: Դա հատկապես վերաբերում է «Արարատ-Արմենիային», որին 1 քայլ էր մնում Եվրոպա լիգայի խմբային փուլ դուրս գալուն, սակայն փլեյ-օֆի պատասխան խաղում 11-մետրանոց հարվածաշարում զիջեց «Դյուդելանժին»:
Այս իրադարձությունները, սակայն, ստվերվեցին ՀՀ ֆուտբոլի ազգային հավաքականի հերթական ձախողման, ինչպես նաեւ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում տեղի ունեցած լուրջ փոփոխությունների համատեքստում: Նախ հավաքականը կորցրեց ԵԱ 2020-ի եզրափակիչ փուլ դուրս գալու հնարավորությունները: Դրան հաջորդեց գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցի հրաժարականը: Ընտրանու հաջորդ խաղերին հաշված օրեր էին մնացել, երբ թիմի ղեկը նոր մարզիչ ստանձնեց՝ Աբրահամ Խաշմանյանը:
Խաշմանյանը, սակայն, ոչ միայն չարդարացրեց հույսերը, այլեւ նրա գլխավորությամբ ընտրանին Իտալիայից կրեց իր պատմության ամենախոշոր պարտությունը (1:9): Դրանից հետո ակնհայտ դարձավ, որ ֆուտբոլիստների ու նրա հարաբերությունները հարթ չեն:
Ֆուտբոլային տարին ավարտվեց ՀՖՖ նոր նախագահի ընտրություններով: Շուրջ 1 տարի կառույցը ղեկավարելուց հետո հրաժարական տվեց Արթուր Վանեցյանը: 1-ամսյա թեժ քարոզարշավից հետո նոր նախագահ ընտրվեց Արմեն Մելիքբեկյանը:
2020 թ. ՀՀ մարզաշխարհը սկսելու է ուրախ իրադարձությամբ: Արդեն հայտնի է, որ Սիմոն Մարտիրոսյանին են հանձնելու Ռիո 2016-ի ոսկին, քանի որ հայտնի է դարձել, որ չեմպիոնը խախտել է հակադոպինգային կանոնները: Տարին մարզիկների համար նշանավորվելու է օլիմպիական խաղերով: Առայժմ ընդամենը 3 ուղեգիր ունենք, սակայն դեռ վարկանիշային մրցումներ կան:
Քրիստինա Խաչատրյան