Փոխարժեքներ
24 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Բուլղարական Սամոկով քաղաքում ավարտվել են ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնության 2-րդ օրվա նախնական և սփոփիչ փուլերի գոտեմարտերը:
Հիշեցնենք, որ, մեդալներից բացի, 46, 54, 63,76 և 100 կգ քաշային կարգերից յուրաքանչյուրում նաև 2-ական օլիմպիական ուղեգիր է խաղարկվում:
Ինչպես տեղեկացնում է ըմբշամարտի Հայաստանի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, այսօր տեղի ունեցած կեսօրվա մրցահերթում Արշակ Հայրապետյանի ղեկավարությամբ հանդես եկած Հայաստանի պատանեկան հավաքականի 5 ըմբիշները հիմնականում իրենց լավագույն կողմերով դրսևորեցին ու մրցությանը տոն տվողների շարքերում էին: 46 կգ քաշային կարգում Վազգեն Թևանյանը 1/16-րդ փուլում մեծ դժվարությամբ՝ 9:7 հաշվով հաղթեց վրացի ըմբիշ Թեյմուրազ Վանիշվիլուն, սակայն հաջորդ մենամարտում զիջեց Ռուսաստանի պատվիրակ Իսմայիլ Գաջիևին: Վերջինս, հաղթանակներ տոնելով նաև իր մնացած գոտեմարտերում, հասավ եզրափակիչ, որտեղ ոսկե մեդալը կվիճարկի ադրբեջանցի Էլվին Նամազովի հետ:
Ռուսաստանցու եզրափակիչ մտնելը Թևանյանին հնարավորություն տվեց պայքարելու բրոնզե մեդալի համար: Նա սփոփիչ առաջին մենամարտում 13:2 հաշվով առավելութան հասավ գերմանացի Մարկուս Ստեցելի, երկրորդում ՝ 10:0 հաշվով սլովակ Դանիլե Չոմանիչի նկատմամբ ու իրավունք ստացավ երեկոյան մրցահերթում 3-րդ տեղի համար գոտեմարտել ուկրաինացի Նիկոլայ Չաբանի հետ:
54 կգ քաշային կարգում հանդես եկող Վաղինակ Մաթևոսյանը փայլուն կատարեց իր առջև դրված առաջադրանքը: Մեր ըմբիշը 1/8 եզրափակիչում ծանր ու բարդ մրցապայքարից հետո 4:3 հաշվով հաղթեց Բուլղարիայի պատվիրակ Սալիմ Նաիմին: Հետո քառորդ եզրափակիչում բացահայտ առավելությամբ՝ 10:0 հաշվով, պարտության մատնեց իսրայելցի Դանիել Պոպովին: Կիսաեզրափակիչում կրկին համառության ու կամային բարձր որակների հաշվին Վաղինակին հաջողվեց լարված ու դժվարին մրցավեճում 13:10 հաշվով առավելության հասնել գերմանացի Վլադիսլավ Վագների նկատմամբ ու մտնել եզրափակիչ: Իսկ դա արդեն Հայաստանի պատվիրակությանը, անկախ եզրափակիչ փուլում գրանցվելիք արդյունքից, Նանկինի ամառային պատանեկան օլիմպիական խաղերի ուղեգիր պարգևեց: Երեկոյան մրցահերթում Մաթևոսյանը Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը կվիճարկի ռուսաստանցի Ամիրխան Գուվաժակովի հետ:
63 կգ քաշային կարգում Գևորգ Մխեյանը 1/8-րդ եզրափակիչում ադրբեջանցի Թեմուր Մամադովի հետ մենամարտում անհաջողության մատնվեց` 2:7 պարտվելով: Ադրբեջանցի ըմբիշը հասավ եզրափակիչ, որտեղ ոսկե մեդալը վիճարկելու է ռուսաստանցի Զաուր Տոկաևի հետ: Իսկ դա թույլ տվեց Գևորգին մասնակցել սփոփիչ գոտեմարտերին: Մխեյանը սփոփիչ 2 գոտեմարտերում էլ ակնհայտ առավելությամբ՝ 10:0 և 11:0 հաշիվներով մեկը մյուսի ետևից պարտության մատնեց իտալացի Մաքսիմիլիանո Չիարային, ապա նաև լեհ ըմբիշ Լուկաշ Գրզիբովսկուն: Բրոնզե մեդալի համար նա կգոտեմարտի Թուրքիայի պատվիրակ Մուհամեդ Կուչուկիլդիրիմի հետ:
76 կգ քաշային կարգում Սարգիս Հովսեփյանն էլ 1/8-րդ փուլում 11:5 հաշվով հաղթեց Մոլդովան ներկայացնող իր հայրենակից Մարկ Մարգարյանին: Քառորդ եզրափակիչում մեր ըմբիշին չկարողացավ դիմակայել նաև Թուրքիայի ներկայացուցիչ Էյուպ Սայանը, ով պարտվեց 1:4 հաշվով: Սարգիսը միայն կիսաեզրափակիչում` 2:7 հաշվով, զիջեց ռուսաստանցի Ժավրալի Շապիևին: Վերջինս երեկոյան մրցահերթում Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը կվիճարկի վրացի ըմբիշ Մեկի Սիմոնիայի հետ: Իսկ 3-րդ տեղի համար Սարգիս Հովսեփյանը կմրցի Բելառուսի պատվիրակ Մաքսիմ Սուխոցկու հետ:
Այսօր ելույթ ունեցած մեր պատվիրակներից միակ անհաջողակը թերևս 100 կգ քաշային Ալեքսան Մեքինյանն էր, ով 1/8-րդ եզրափակիչում 1:4 հաշվով զիջեց ուկրաինացի Պավլո Բիլասին և դուրս մնաց հետագա մրցապայքարից: