կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-09-18 13:51
Սպորտ

Պետք է օլիմպիական 4 ուղեգիր նվաճել. Լևոն Ջուլֆալակյան

Պետք է օլիմպիական 4 ուղեգիր նվաճել. Լևոն Ջուլֆալակյան

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆակյանն այսօր լրագրողների հետ խոսեց սեպտեմբերի 7-12-ը Լաս Վեգասում տեղի ունեցած ըմբշամարտի աշխարհի առաջնությունում հայ մարզիկների ելույթների մասին:

«Մեր հավաքականից, ընդհանուր առմամբ, գոհ եմ, բացի ծանր քաշային Էդգար Խաչատրյանից: Սպասելիքները շատ էին հատկապես Վարշամ Բորանյանից, ով վնասվածք ստացավ և չկարողացավ լավ գոտեմարտեր անցկացնել: Անցյալ տարի մենք 2 աշխարհի չեմպիոն էինք  ունեցել, այդ պատճառով լուրջ սպասելիքներ ունեին նաև հավաքականի մարիչները: Բնականաբար, սպասելիքները շատ էին նաև Արսեն Ջուլֆալակյանից: Ցավոք, այսօր,  ի տարբերություն այլ մարզաձևերի, ըմբշամարտում դեռ վիճակահանությունը շատ անորոշ վիճակում է, ինչի համար բողոքում են բոլոր երկրների ֆեդերացիաները: Բոլոր քաշային կարգերում կան լավ ըմբիշներ, բայց ըմբշամարտի պարագայում, այլ մարզաձևերի համեմատ, առաջին շրջանում հանդիպում են լավագույնները: Բնականաբար, ստացվում է որ լավագույններից մեկը դուրս է մնալու: Ցավոք, Արսենին դեռ չի հաջողվում հաղթել Վլասովին: Մրցավարը 25 վայրկյանից ավելի չպետք է մարզիկին թողնի չորեքթաք դիրքում, բայց Արսենին պահեց 35 վայրկյան` մինչև Վլասովը կատարեց այդ հնարքը: Դա 4 միավոր բերեց նրան, այնուհետև մենք բողոքարկեցինք, ինչի համար ևս մեկ միավոր ստացավ մրցակիցը: Բնականաբար, 5 միավորի առավելությունն արդեն ահռելի էր:  Ինչ եղել է, արդեն անցյալում է: Մենք պետք է աշխատենք, որ Արսենը վարկանիշ ձեռք բերի և մասնակցի օլիմպիական խաղերին»,- ասաց հավաքականի գլխավոր մարզիչը:

Խոսելով Միհրան Հարությունյանի գոտեմարտերի մասին` Ջուլֆալակյանն ասաց. «Պետք է վերադառնայինք ամենաքիչը 3 մեդալով, սակայն 1-ով ենք վերադարձել: Կիսաեզրափակիչում Միհրան Հարությունյանի և կորեացի ըմբիշի գոտեմարտում մրցավարները 4 միավոր նվիրեցին մրցակցին և հաղթանակ շնորհեցին նրանց: Միհրանին մնաց պայքարել 3-րդ տեղի համար: Ռուս մարզիկի հետ գոտեմարտում հաշիվը 2:2 էր, բայց մրցավարները, նորից խախտելով կանոնակարգը, հաղթանակ շնորհեցին մրցակցին: Առջևում ունենք 3 վարկանիշային մրցաշար: Առաջինը Եվրոպայի առաջնությունն է՝  ապրիլի 15-17-ը Սերբիայում, որից երկու շաբաթ անց Մոնղոլիայում տեղի կունենա միջազգային մրցաշար, ևս մեկը դրանից  մեկ շաբաթ անց՝ Ստամբուլում: Մենք  պետք է ևս 4 վարկանիշ ձեռք բերենք: Ամեն դեպքում ամենակարևորը, որ մեր ըմբիշները շատ եռանդով մարզվում են և հավատում իրենց հաջողություններին Մեր ֆեդերացիան էլ ամեն ինչ անում է, որ մեր ըմբիշները հասնեն իրենց երազանքին»: