կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2019-12-11 11:28
Աշխարհ

Գրականության ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկրի շուրջ կրքերը չեն հանդարտվում

Գրականության ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկրի շուրջ կրքերը չեն հանդարտվում

Երեքշաբթի Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում տեղի ունեցավ Գրականության ոլորտում նոբելյան մրցանակի հանձնման արարողությունը, որին արժանացավ ավստրիացի գրող Փեթեր Հանդքեն:

Մրցանակաբաշխությունը տեղի ունեցավ բողոքի ակցիաների ֆոնին: Թուրքիան, Բոսնիան, Ալբանիան, Կոսովոն բոյկոտել են արարողությունը: Կոսովոյի ԱԳՆ ղեկավար Բեգջեթ Պակոլլին Շվեդիայում դեսպանին հանձնարարել էր բոյկոտոել արարողությունը: Ալբանիայի ԱԳ նախարարի ԺՊ Գենտ Կակայը նշել էր, որ Հարավսլավիայի փլուզման ժամանակ տեղի ունեցած դաժան պատերազմների արդարացումները չպետք է պարգևատրվեն: Բոսնիական արմատներով շվեդ գրող Ադնան Մահմուտովիչը Ստոկհոլմում կազմակերպել է բողոքի ակցիա: Ըստ նրա՝ այս որոշումը «ցեղասպանության շարունակման» քայլ է:

Խնդիրն այն է, որ Հանդքեն 1990-ական թվականներին Հարավսլավիայում բռնկված պատերազմի ժամանակ հանդես է եկել պրոսերբական դիրքորոշմամբ: Բացի այդ, գրողին քննադատում են Սրեբրենիցայի դեպքերը որպես ցեղասպանություն չորակելու համար:

Ըստ տարբեր տվյալների՝ այդ ժամանակ սպանվել էր մոտ 8000 բոսնիացի մուսուլման: Ցեղասպանություն և պատերազմական հանցագործություններ իրագործելու մեջ մեղադրվում էր Սերբիան և նրա նախկին նախագահ Սլոբոդան Միլոշևիչը: Սակայն միջազգային հանրության մոտ այդ դեպքի վերաբերյալ դիրքորոշումը միանշանակ չէ. ոմանք դա համարում են ցեղասպանություն, ոմանք էլ երկիրը ՆԱՏՕ-ի գործողությունների հետևանքով փրկելուն ուղղված քայլ:

Ինչ վերաբերում է Հանքեին, ապա գրողը նշում է, որ բոսնիացի մուսուլմանները իրենք են իրականացրել մասսայական սպանություններ Սարաևոյում, իսկ հետո էլ մեղադրել են սերբերին: Հանդքեն նաև կասկածի տակ է դնում հազարավոր մուսուլմանների սպանությունների փաստը և կոչ անում այլևս չհամեմատել Միլոշևիչին Հիտլերի հետ:

Yerkir.am-ն արդեն տեղեկացրել էր, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նույնպես քննադատել էր Հանդքեին մրցանակ հանձնելու որոշումը՝ նշելով, որ այն կորցրել է իր արժեքը: