կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-05-17 18:38
Առանց Կատեգորիա

«Ա՛յ տղա»-ն կարող է նաև նրա նախընտրելի լեզվով խոսել. Մանվել Գրիգորյանի արարքի շուրջ կրքերը չեն հանդարտվում

«Ա՛յ տղա»-ն կարող է նաև նրա նախընտրելի լեզվով խոսել. Մանվել Գրիգորյանի արարքի շուրջ կրքերը չեն հանդարտվում

Օրերս Վահան Բադասյանի հայտարարությունը՝ կապված Մանվել Գրիգորյանի հետ, մեծ աղմուկ հանեց համացանցում: Դրան հաջորդեց ԼՂՀ վարչապետի մամուլի խոսնակ Արտակ Բեգլարյանի մեկնաբանությունը կատարվածին, որը եւս մեծ աղմուկ առաջացրեց, ինչին էլ հետեւեց Մանվել Գրիգորյանի համախոհների այսօրվա ասուլիսը, որի ժամանակ վերջիններս շատ կոպիտ արտահայտվեցին ԼՂՀ վարչապետի մամուլի խոսնակի հասցեին: Այս ամենի կապակցությամբ, Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան իր էջում պարզաբանում է ներկայացրել.

«Մեկնաբանությունս «Սպուտնիկ Արմենիա»-ի հետևյալ նյութի վերաբերյալ՝ «ԼՂՀ վարչապետի խոսնակը դատապարտում է Մանվել Գրիգորյանի արարքը»http://sputnik.co.am/karabah/20160516/3466998.html
Երբ «Սպուտնիկ Արմենիա»-ի լրագրողը զանգահարեց ինձ և ենթադրյալ միջադեպի մասին կարծիքս հարցրեց, ես, տեղյակ չլինելով միջադեպի մանրամասներից, ինչպես նաև իմ աշխատանքային գործառույթներից դուրս համարելով դրան արձագանքելը, խուսափեցի գնահատական տալուց: Ավելին՝ խորհուրդ տվեցի լրագրողին դիմել այդպիսի հարցերով զբաղվող ավելի համապատասխան մարմիններ, որոնք տիրապետում են մանրամասներին: Իսկ երբ լրագրողը ներկայացրեց մամուլում հրապարակված մանրամասները, նշեցի, որ եթե այդպիսի միջադեպ իրոք եղել է ներկայացվող մանրամասներով, ապա այն դատապարտելի է՝ անկախ, թե ում կողմից է կատարվել: Ուստի, կուզեի առանձնացնել հետևյալ դիտարկումներս «Սպուտնիկ Արմենիա»-ի այս նյութի և ենթադրյալ միջադեպի վերաբերյալ՝
1. «Սպուտնիկ Արմենիա»-ն իր նյութում ամբողջությամբ չի ներկայացրել խոսքիս իմաստը, քանի որ ես խոսել եմ «եթե»-ով և նշել, որ այդպիսի հարցերով զբաղվող ավելի համապատասխան մարմիններ կան, թող իրենց դիմեն հարցումով, ոչ թե ասել եմ, որ «ԼՂՀ–ում Մանվել Գրիգորյանի հետ կապված միջադեպով պետք է զբաղվեն համապատասխան մարմինները»:
2. Նյութի վերնագիրը չի համապատասխանում բովանդակությանը, քանի որ, ինչպես նշեցի, տեքստում «եթե»-ով եմ խոսում, իսկ վերնագրում հաստատական միտք է արտահայտված: Սա նույնիսկ այն դեպքում, որ տեքստի բովանդակությունն էլ ամբողջությամբ չի ներկայացնում հեռախոսազրույցը:
3. Ես լրագրողին 2-3 անգամ ասացի, որ քանի որ միջադեպից տեղյակ չեմ ու դրան արձագանքելն իմ գործառույթների մեջ չի մտնում, հետևաբար, խոսքս հրապարակման ենթակա չէ: Այնինչ, լրատվամիջոցը խախտեց հեռախոսազրույցի այդ պայմանը: Եթե ապացուցելու խնդիր կա, ապա «Սպուտնիկ Արմենիա»-ն կարող է հրապարակել մեր հեռախոսազրույցի ձայնագրությունը:
4. Ամեն դեպքում, վերահաստատում եմ, որ եթե այնպիսի միջադեպ է տեղի ունեցել, ինչպիսին ներկայացվում է մամուլով ու հատկապես Վահան Բադասյանի կողմից, ապա այն դատապարտելի է ինձ համար՝ անկախ, թե ով է ընդգրկված դրանում: Ինձ համար եթե անձեռնմխելի մարդ կա, ապա դա հայրենիքի պաշտպանն է: Բնականաբար, հավասարապես դատապարտելի է հերյուրանքների տարածումը: Կարծում եմ, որ նման մանրամասներով ներկայացվող միջադեպը պետք է որ դատապարտելի լինի նաև Մանվել Գրիգորյանի համար, ինչի մասին հուշում է ներկայացված մանրամասների հերքումը նրա թիմի կողմից:
5. ԵԿՄ լրատվության բաժնի պատասխանատու Վարդան Վարդանյանին էլ խորհուրդ ու կոչ, որ կենացները չխառնի: Նախ՝ Վարդան Վարդանյանը, կարծես թե, լավ չի ծանոթացել «Սպուտնիկ Արմենիա»-ի շեղումներով տեքստին, որտեղ պայմանական միտք եմ արտահայտում: Երկրորդ՝ տվյալ հրապարակմանն արձագանքելուց առաջ լավ կլիներ ինձնից ճշտեր, թե որքանով ճշգրիտ է նյութում ներկայացված իմ խոսքը: Երրորդ՝ ցավում եմ, որ նա իրեն թույլ է տալիս փողոցային ժարգոնով խոսել հարցազրույցում. եթե որևէ սրտանց բան ունի ասելու «ա՛յ տղա»-ին, թող կապվի ինձ հետ՝ մամուլով աքլորանալու փոխարեն: «Ա՛յ տղա»ն կարող է նաև նրա նախընտրելի լեզվով խոսել, բայց ոչ երբեք հրապարակային ու պաշտոնական տեքստերում: Ահա իր խոսքի հղումը՝https://youtu.be/KwmDAkNZgiY?t=2m40s
6. Ինձ համար ճշմարտությունն ավելի թանկ է, եթե նույնիսկ Պլատոնն ընկերս լիներ»: