կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-10-31 10:33
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աբխազիայի ազգային հերոսը՝ ռազմական գործողությունների և հայ համայնքի մասին

Հայկական 25 պետական դպրոց և եկեղեցի․ Աբխազիայում հայ համայնքը իրեն արժևորված է զգում։ Yerkir.am-ի հետ հարցազրույցում Աբխազիայի հայ համայնքի ղեկավար Գալուստ Տրապիզոնյանը պատմեց, թե ինչպես են գրավել ռազմավարական բարձունքը՝ իր հրամանատարությամբ  գործող «Մարշալ Բաղրամյան» հայկական գումարտակով, որ մարտում է վիրավորում ստացել և զրկվել ոտքից, ինչպես են նշում Համշենահայերի տոնը՝ Աբխազիայի նախագահի մասնակցությամբ և այլ հետաքրքիր պատմություններ։

- Պարո՛ն Տրապիզոնյան, հաճա՞խ եք այցելում Հայաստան և Արցախ:

- Ողջունում եմ ձեզ իմ պատմական հայրենիքում՝ Հայաստանում։ Ես հայերեն հասկանում եմ, բայց, ցավոք, չեմ կարող խոսել. դա իմ բացն է։  Այս անգամ եկել եմ իմ ընկերոջ հրավերով՝ հարսանիքի։ Արցախի բարեկամների համաժողովին չկարողացա Արցախում լինել, բայց հետո գնացի և, ինչպես միշտ, 4 օր մնացի այնտեղ։

- Աբխազիայի հայ համայնքը և՛ ընդհանուր բաներ շատ ունի այլ համայնքների հետ, և՛ ունի առանձնահատկություններ, որոնց մասին և կուզենայի խոսեինք. չճանաչված հանրապետություն, Վրաստանի հետ վատ հարաբերություններ, երկրի ազգաբնակչության թվի համեմատ՝ Աբխազիայի հայկական համայնքի թվի առավելագույն ցուցանիշ և այլն: Այսօր ի՞նչ վիճակում է հայությունն Աբխազիայում, բնականո՞ն է կյանքը, թե՞ կան անհանգստացնող զարգացումներ:

-1990-ականների սկզբին հայ համայնքը մասնակցեց Աբխազիայի ազատագրական շարժմանը։ Ես Աբխազիան իմ հայրենիքն եմ համարում, քանի որ արդեն 4-րդ սերունդն է, որ ապրում ենք այնտեղ։ Իմ ազգանունը Տրապիզոնյան է, իմ նախնիները Տրապիզոնից են, իմ պապը Աբխազիա է եկել հայ ժողովրդի համար ողբերգական ժամանակաշրջանում, և երբ արդեն եկավ Աբխազիան պաշտպանելու ժամանակը, բնականաբար, պաշտպանեցինք, առաջին հերթին՝ մեր ընտանիքները, հայրենիքը։

Դժբախտաբար, ավելի քան 244 մեր հայ եղբայրներ զոհվեցին Աբխազիայի ազատության և անկախության համար, մենք ունենք Աբխազիայի հերոս հայրենակիցներ։ Այդ ամենը հայ համայնքն է։

Այսօր, թերևս, աշխարհում այդպիսի տեղ չկա, որտեղ հայերն այդքան հնարավորություններ ունենան, ինչպես Հայաստանում, Արցախում, նույնը՝ Աբխազիայում։ Մեզ մոտ այսօր 25 հայկական դպրոց կա, երեխաները 1-11-րդ դասարաններում ուսում են ստանում հայերենով։ Դրանք պետական դպրոցներ են, մասնավոր չեն։

Ցավոք, Աբխազիայից քիչ երեխաներ են գնում Հայաստան՝ ուսանելու, հիմնական մասը Ռուսաստան է գնում։ Պատերազմից հետո ես Աբխազիայի կրթության նախարարի առաջին տեղակալն էի. մենք այն ժամանակ պահպանեցինք 39 հայկական դպրոցներ, այսօր դպրոցների թիվը պակասում է ոչ թե խնդիրների պատճառով, այլ՝ որ գյուղական վայրերում թե՛ աբխազական, թե՛ հայկական դպրոցներ են փակվում։

Ես շնորհակալ եմ Աբխազիայի ժողովրդին և ղեկավարությանը, որ ըմբռնումով է մոտենում, և այն դպրոցները, որոնք այսօր կան, գործում են, քանի որ նախաթոշակային տարիքի և թոշակառուներ են դասավանդում. կադրերի հետ խնդիր ունենք։

Աբխազիայի պետական համալսարանում հայկական բաժանմունք կա, որտեղ ուսանողներին պատրաստում ենք  նախնական կուրսերի համար, որի դիմաց վճարում է հայ համայնքը։

Ես այսօր Աբխազիայի հայ համայնքի ղեկավարն եմ։ Պաշտոնական տվյալներով՝ Աբխազիայում 42 200 հայազգի քաղաքացի կա։ Այդ առումով, իհարկե, հայ համայնքը պատվով ներկայացնում է հայությունը, քանի որ մեր խորհրդարանում 3 հայ կա՝ ԱԺ փոխխոսնակը՝ Լևոն Միրզոևիչ Գալստյանը, ԱԺ պատգամավորներ Աշոտ Մինասյանը և Լևոն Դաշյանը։ Կառավարության կազմում էլ՝  գյուղատնտեսության փոխնախարարը։ Նաև նշեմ, որ մենք Աբխազիայում առաջին հայկական եկեղեցին ենք կառուցել, որի բացմանը մասնակցեց Աբխազիայի ղեկավարությունը։ Ամեն կիրակի Էջմիածնի ներկայացուցիչը պատարագ է մատուցում. սա հայ համայնքը միավորելու ևս մեկ միջոց է։

Կան երկրներ, օրինակ՝ Վրաստանը, որտեղ սահմանին արգելում են հայկական գրքերը  տանել երկիր: Աբխազիայի իշխանությունները թույլ տալի՞ս են երկրի սահմաններից ներս տանել հայկական գրքեր, թե՞ այստեղ էլ կան պրոբլեմներ:

- Բնականաբար, հայերենի դասագրքեր ստանում ենք Հայաստանից, խնդիրներ չեմ տեսնում։ Պատերազմից հետո խնդիրներ կային, քանի որ դասագրքեր ստանում էինք «Ջավախք» և «Արցախ» հիմնադրամներով, ուղղակիորեն մեզ ոչ մեկը չէր տալիս։ Այսօր նման խնդիրներ չկան, Հայաստանում նոր կառավարություն է, ես արդեն հանդիպել եմ Սփյուռքի հարցերով հանձնակատարի հետ, քանի որ առանց նրանց օժանդակության հայկական դպրոցները պահելն անհնար է։ Սփյուռքի նախարարությունը շատ լավ ծրագրեր ուներ, օրինակ՝ «Արի տուն» ծրագիրը. մենք երեխաներ ունենք, որոնք Հայաստան են եկել այդ ծրագրով, այդ թվում՝ իմ որդին։ Հայաստան գալուց հետո նրանք բոլորը ցանկացան սովորել Հայաստանում, և ուսանողների թիվն ավելացավ։  

- Շա՞տ են ուսանողները, որոնք Հայաստանում են սովորում։

- Այո, իհարկե,  այս պահին 28 ուսանող սովորում է Հայաստանի տարբեր բուհերում։ Միակ խնդիրը՝ նախկինում ուսման վարձավճարների զեղչեր ունեինք, հիմա միայն մանկավարժական բուհը նման զեղչ ունի, բայց, բնականաբար, բոլորը չեն ուզում մանկավարժ դառնալ, ինչ-որ մեկն ուզում է իրավաբանական, ինչ-որ մեկը՝ բժշկական սովորել և այլն։ Բացի մանկավարժականից, մյուս բուհերը վճարովի են, և շատերը հնարավորություն չունեն սովորելու։

­- Ի՞նչ ակնկալիքներ ունեք Հայաստանի իշխանություններից, ի՞նչ կուզենայիք ստանալ Հայաստանից, որը չեք ստացել մինչև հիմա:

­- Հայաստանում իշխանափոխությունից հետո դասագրքեր այլևս չենք ստացել, բայց այսօր հանդիպեցի պատասխանատուներին, և ասացին՝ նոյեմբերին հնարավոր է ստանանք։

Ինչի՞ հետ էր կապված, որ չեք ստացել։

- Դրանք ներքին հարցեր են, որոնց ես չեմ կարող պատասխանել: Հավանաբար, պայմանավորված է նրանով, որ նախկինում այդ հարցերը կարգավորում էր Սփյուռքի նախարարությունը, այսօր՝ կրթության, հնարավոր է՝ տեխնիկական հարցեր կան, որոնք դեռ կարգավորված չեն, բայց ասացին՝ նոյեմբերին կլինի։

— Դասագրքերի թիվը բավարարո՞ւմ է, երբ ստանում եք։

- Այո։ Բավարար է, որպեսզի մեր դպրոցներն ապահովենք։ Մեզ մոտ հայկական դպրոցներում 2 400, ռուսական դպրոցներում 6 000 հայազգի աշակերտ է սովորում: Ինչո՞վ է դա պայմանավորված,  նրանով, որ հիմնականում բոլորը գնում են սովորելու Սոչի, Կրասնոդար, Ռոստով, Մոսկվա և, բնականաբար, գնում են ռուսական դպրոց, որպեսզի հեշտ լինի ընդունվել ռուսական բուհեր։  

Այսինքն՝ սա խնդիր է։

- Աբխազիայում այդ խնդիրը կա. տանը ես նույնպես հայերեն եմ խոսում՝ համշենահայերեն։ Ես ձեզ շատ լավ հասկանում եմ, բայց Հայաստանի գրական հայերենով վարժ խոսել չեմ կարողանա։ Իսկ աշխատավայրում բոլորիս համար հասկանալի լեզուն ռուսերենն է։

— Այդ հարցի լուծումն ինչպե՞ս եք պատկերացնում. Հայաստանից դասագրքեր ստանում եք Հայաստանի գրական լեզվով, ընտանիքներում խոսում եք համշենահայերեն, աշխատավայրում՝ ռուսերեն։ Ստացվում է՝ երեխաները մի քանի լեզվի պետք է տիրապետեն։

— Իհարկե, երեխաները ծանրաբեռնված են, բարդ է մի փոքր, քանի որ կան նաև ֆակուլտատիվ ժամեր։ Թեև այս տարվա շրջանավարտներից Աբխազիայում հայկական դպրոցի միայն մի դասարանում 3 մեդալակիր կա. սա զգալի հաջողություն է։ Հաշվի առեք, որ միայն հայոց լեզուն չէ, այլ առարկաներ էլ են անցնում հայերեն դասագրքերով՝ ֆիզիկա, մաթեմատիկա, քիմիա։ Թեև քաղաքի դպրոցներում այս տարի այդ առարկաները մասամբ սկսեցին անցնել նաև ռուսերեն դասագրքերով, քանի որ կադրեր չկան։  

— Այսինքն՝ համշենահայերենն այլևս որևէ տեղ չեն սովորեցնում։

— Ոչ, միայն կենցաղային հարցերում, տանն ենք կիրառում։

 — Պարո՛ն Տրապիզոնյան, Դուք Աբխազիայի ազգային հերոս եք և  ունեք ծանրակշիռ տեղ ու դեր երկրում: Պատերազմի տարիներին գլխավորել եք «Մարշալ Բաղրամյան» հայկական գումարտակը։ Պատմեք այդ շրջանի մասին։

— Այդ ամենը կազմավորվեց պատերազմի ժամանակ, երբ սկսեցին ոչնչացնել հայկական գյուղերը՝ Լաբրա, Արագիչ, ռազմաճակատի գիծն անցնում էր Գումիստայով,  Շերայով։ Իրենց սանձարձակ էին պահում, նաև կադրեր կան, որոնք այդ ամենը պատկերում են՝ ինչպես են ոչնչացնում հայկական գյուղերը։ Դրանով ցանկանում էին մեզ վախեցնել։ Ես ապրում եմ Գագրայում: Երբ առաջին դեսանտն իջեցրին, կտրեցին ռուս-աբխազական սահմանը՝ մինչև Կոլխիդա՝ այսօր՝ Պսախարա, այդ պահին, բնականաբար, պետք է պաշտպանեինք մեր տները, քանի որ նրանք եկել էին գրավելու, իսկ մենք պաշտպանվում էինք։ Բնականաբար, բոլորը ոտքի կանգնեցին իրենց տունը՝ Աբխազիան պաշտպանելու համար։ Այդ ժամանակ հայկական գումարտակ դեռ չկար, միայն ջոկատներով էին կռվում։ Ես սկսեցի հենց աբխազական մի ջոկատից։ Ես բարձրագույն կրթություն ունեմ՝ պահեստազորի լեյտենանտ եմ։ Երբ գնացի ռազմաճակատ, նախ՝ աբխազական դասակի հրամանատար դարձա, ապա՝ վաշտի փոխհրամանատար։

Անհաջող մի քանի ռազմական գործողություններից հետո, որոնք շատերի զոհվելու պատճառը դարձան, ստեղծվեց հայկական գումարտակը՝ Տապալյան Ալբերտ Գասպարիչի գլխավորությամբ. նա այն ժամանակ ԳԽ նախագահի առաջին տեղակալն էր։ Երբ ստեղծեցին հայկական գումարտակը, ինձ տեղափոխեցին այնտեղ՝ իբրև վաշտի հրամանատար, և ես մասնակցեցի բոլոր ռազմական գործողություններին՝ մինչև պատերազմի ավարտը։

Ռազմական գործողություններից մեկը, որն անցկացվեց իմ հրամանատարությամբ, և որի համար ես հետագայում պարգևատրվեցի Աբխազիայի ազգային հերոսի կոչմամբ, ռազմավարական մի բարձունքի գրավումն էր։ Տիրելով այդ բարձունքին՝ մեր վերահսկողության տակ էին անցնում Սուխումին մոտեցող բոլոր ենթակառուցվածքները՝ Ցուգուրուկա էր կոչվում. ով տիրում էր Ցուգուրուկային, նա հաղթում էր մարտը։ Բարձունքը գրավելու երեք անհաջող փորձից հետո հայկական գումարտակին հրամայվեց իրականացնել գործողությունը։ Ես հրամանատարն էի. 67 կամավորի հետ դուրս եկանք, հաջող իրականացրինք գրոհը և գրավեցինք բարձունքը։ Ցավոք, իմ մարտիկները զոհվեցին, զոհվեց փոխհրամանատարս՝ Կեֆերյան Էդիկը,  ուղեկցորդս՝ Գալստյան Միշան, վիրավորվեց Ասատուրյան Հովիկը, էլի շատ վիրավորներ ունեցանք։ Դա առաջին ռազմական գործողություններից էր, որտեղ հայկական գումարտակը ցույց տվեց իր հմտությունները։ Հետո մասնակցեցինք Սուխումի՝ մայրաքաղաքի, ազատագրմանը։  

Համարվում է, որ պատերազմը սեպտեմբերի 30-ին է ավարտվել, բայց հայկական գումարտակի համար այն դեռ շարունակվում էր։ 1994 թ.-ին դեռ առաջնագծում էի, երբ նշանակվել էի կրթության փոխնախարար։

Հայկական գումարտակի վաստակը միշտ արժևորվում է, այն համարվում է ամենամարտունակներից մեկը: Մեզ համար էլ հպարտություն և պատիվ է, որ մասնակցել ենք Աբխազիայի ազատագրմանը և անկախացմանը։ Եվ մեր ներդրումը գնահատվում է հայկական դպրոցներին ազատ գործելու հնարավորություն տալով, հայկական եկեղեցի կառուցելու թույլտվությամբ։  

Առաջին եկեղեցի՞ն էր, հայերը մինչ այդ Աբխազիայում չունեի՞ն եկեղեցի։

—Չեն ունեցել, միայն փոքր վանքեր են եղել՝ գերեզմաններին կից։  Հայերի գերեզմաններն առանձին են եղել, որտեղ նաև վանքեր են եղել, բայց դրանց հետքն էլ չի մնացել։ Հայտնի մի մարդ ասել է՝ հայրենիքը քոնն է դառնում, երբ նրա համար արյուն է թափվում։ Ես ասում եմ՝ գալիս եմ գերեզման, այստեղ իմ տատիկն է թաղված, իմ մարմնի մի մասն արդեն թաղված է։

Իսկապես, թանկ գնով պաշտպանեցինք մեր հայրենիքը. Աբխազիայի ժողովրդի հետ, Հյուսիսային Կովկասի կամավորներով ագրեսորի դեմ պայքարելով, մենք դա արեցինք։  

Դուք նաև մարտական վիրավորում եք ստացել, պատմեք այդ պատմությունը։

—Պատերազմն առանց կորստի չի լինում, երևի  Աստված ցանկացավ, որ ես ապրեմ։ Մարտերից մեկում ես ականի վրա պայթեցի։ Բայց 21 օր հետո դարձյալ վերադարձա իմ մարտիկների մոտ, արդեն ռացիայով էի հրամայում և հենակներով հասա մինչև վերջ՝ իմ մարտիկների հետ։

Ընկերությունը պահպանվո՞ւմ է մինչև այսօր։ Երբ հավաքվում եք, ինչի՞ մասին եք խոսում։

— Նրանք ամենանվիրված մարդիկ են, քանի որ պատերազմի ժամանակ բոլորը մտերմանում են, որպեսզի միմյանց պաշտպանեն։ Ամեն տարի հոկտեմբերի 8-ին հավաքվում ենք, տոնում հայկական գումարտակի հիմնադրման օրը։ Ցավոք, շարքերը նոսրանում են, շատ հաշմանդամներ մահանում են, ոմանք հեռացել են։ Հավաքվում ենք՝ 150-200 մարդ, սեղան ենք բացում, զրուցում։ Ամենակարևորն այն է, որ մասնակցում է նաև մեր երկրի՝ Աբխազիայի նախագահը։

Վերջերս ընտրություններ եղան, նոր նախագահ ունենք։ Երբ դեռ փոխնախագահ էր, մենք նրա հետ եղել ենք Հայաստանում, Արցախում։ Հայ համայնքը Աբխազիայում բազմահազարանոց միջոցառումներ է անցկացնում՝ հայկական երգի տոն, համշենահայերի փառատոն. անցյալ տարի 4000 մարդ էր մասնակցում, և նախագահը, կառավարությունը, խորհրդարանի անդամները, Աբխազիայում Ռուսաստանի դեսպանը, բոլորը մասնակցում են։ Դա միայն Համշենի տոն չէ, այլ Աբխազիայի ժողովուրդների միավորման տոն. բոլոր շրջաններից գալիս են, ամեն շրջան իր կերակրատեսակներն է ցուցադրում, իր մշակույթը, կենցաղը։  

Նախագահական ընտրությունները բավականին աղմկոտ անցան Աբխազիայում, եղավ երկրորդ փուլ: Հայությունը, բնականաբար, անտարբեր չէր կարող անցնել այս ամենի կողքով, ինչպիսի՞ զարգացումներ եղան, և ինչպե՞ս է վիճակը այժմ, կա՞ նախկին լարվածությունը:

—Նախագահական ընտրություններին մասնակցեց 9 թեկնածու։ Երկրորդ փուլ անցան գործող նախագահը և ընդդիմադիր կուսակցության թեկնածուն։ Իհարկե, երբ ընտրություններ են լինում, միշտ էլ լարվածություն լինում է։ Բայց պաշտոնական արդյունքներն արդեն հայտարարվել են, Գերագույն դատարանը հաստատել է, և գործող նախագահը ստանձնել է իր պարտավորությունները։ Աբխազիային կայունություն է պետք. տնտեսությունը, կյանքի որակը փոխկապակցված են դրան։ Վարչապետը, կառավարության անդամներն արդեն նշանակված են, կարծում եմ, որ այդ գործընթացը մեկ շաբաթում կավարտվի, և նորմալ կյանքը կվերսկսվի։

Մի երկու խոսք ձեր ազգանվան առաջացման մասին. ասացիք, որ այն կապ ունի Տրապիզոն քաղաքի հետ: Ձեր նախնիները և՞ս եկել են Արևմտյան Հայաստանից կամ, ավելի կոնկրետ, Համշենից, Տրապիզոնից և հարակից այլ շրջաններից:

—Աբխազիայի հայերի 98 տոկոսը համշենահայեր են: Ջավախքից, Հայաստանից էլ հայեր կան, բայց հիմնական մասը Արևմտյան Հայաստանից եկածներ են։ Այնպես ստացվեց, որ իմ նախնիները Տրապիզոնյան ազգանունը վերցրին։ Ես փոքր էի, պապիկիս հետ չհաջոցվեց խոսել այդ թեմայով, մեր ընտանիքի պատմությունն այդպես էլ ինձ անհայտ մնաց, բայց կուզենայի՝ հավաքվենք, գնանք, տեսնենք մեր ծագման վայրերը։

Հայաստանը հասկանալի պատճառներով չի ճանաչում Աբխազիայի անկախությունը: Փոխարենը՝ Արցախի և Աբխազիայի իշխանությունների միջև կան լավ հարաբերություններ: Ինչպե՞ս են անդրադառնում այս իրողությունները աբխազական իշխանությունների և հայկական համայնքի հարաբերությունների վրա:

—Պատերազմից հետո հայ համայնքը մասնակցում է բոլոր գործընթացներին, և այն վերաբերմունքը, որ կա մեր հանդեպ, շնորհակալանքի է արժանի. մեր փառատոների ժամանակ, որոնք ամբողջովին հայերեն են, երկրի ղեկավարը մեր կողքին է։ Եթե հարաբերությունները լավ չլինեին, նա մեր կողքին չէր լինի։ Մենք էլ աշխատում ենք ի բարօրություն Աբխազիայի։

Ինչո՞ւ  Աբխազիան չշարունակեց մնալ Վրաստանի կազմում, ինչպես ապրել էր Խորհրդային Վրաստանի հետ 70 տարի: Ինչի՞ց կամ ումի՞ց սկսվեց պատերազմը:

—Ինչո՞ւ Արցախը չմնաց Ադրբեջանի կազմում. կարո՞ղ եմ այդպիսի հարց տալ։ Նույնն էլ՝ այստեղ։ 1989 թ.-ին, երբ առաջին միջադեպը տեղի ունեցավ, արդեն պարզ էր, որ այնտեղ, բացի վրացի ազգաբնակչությունից, մյուսներն անելիք չունեն։  Երբ Իլյա 2-րդը հայտարարեց, որ Վրաստանը միայն վրացիների համար է, բնականաբար, բոլոր՝ այնտեղ ապրողներս հասկացանք, որ դա արդեն սպառնալիք է ազգային փոքրամասնություններին, քանի որ վրացիները ընդամենը 320 000 էին։ Մեր տարածքներում Վրաստանի տարբեր շրջաններից արհեստականորեն բերել և վերաբնակեցրել էին։ Միտումնավոր ստեղծել էին ամնեախոշոր շինարարական ընկերությունը, որի անհրաժեշտությունը Գագրայում չկար, վրացիների էին բերել՝ հանրակացարաններում բնակեցրել, որ այդտեղ աշխատեն, հետո նրանց բնակարաններով ապահովեցին։ Իսկ նրանց արտադրած աղյուսներն արտահանում էին Վրաստան: Պատկերացնո՞ւմ եք՝ ինչ տարածություն։ Այն ժամանակ վերաբնակեցման քաղաքականություն էր տարվում։ Իսկ ինձ՝ երիտասարդ մասնագետիս, որը բուհ է ավարտել, իմ հոր տանը չէին գրանցում։ Այդպիսի խնդիրները բազմազան են։ Ես պատերազմից առաջ այդ բացասական շրջանն եմ հիշում. իմ հոր տանն ինձ չէին գրանցում, իսկ առանց գրանցման աշխատանք գտնել հնարավոր չէր։

Այսպիսի խնդիրներ ոչ միայն ես, բոլորն ունեին, և երբ երկրի պաշտպանության հարց առաջացավ, բոլորը ոտքի կանգնեցին՝ առանց մտածելու։

Մտահոգիչ էր նաև նրանց վերաբերմունքը հայերի հանդեպ։ Ես մի դրվագ կարող եմ հիշել. երբ մենք գերի էինք վերցրել, և ես հարցաքննում էի, ասում եմ՝ ինչո՞ւ էիք հայկական գյուղերը ոչնչացնում, նրանք անզեն գյուղացիներ են, ինչպե՞ս կարողացաք, վա՞խ էիք ներշնչում, որ նահանջեինք, ասացին՝ այնտեղ մուսուլմաններ էին ապրում, աբխազները մուսուլման են, դրա համար էինք ոչնչացնում։ Ասում եմ՝ դուք նույնիսկ աբխազների պատմությունը չգիտեք, որ միայն 15 տոկոսն է մուսուլման, մյուսները քրիստոնյա են։ Դա մղեց, որ ժողովուրդը միավորվի ագրեսորների դեմ։ Իսկ երբ  սկսվեց պատերազմը, բոլորն արդեն վախենում էին հայկական գումարտակից։

Աբխազիայի ներկայացուցիչը մասնակցում էր Արցախի բարեկամների համաժողովին Աբխազիա-Արցախ հարաբերություններն ինչպիսի՞ն են։

—Իհարկե, մենք հասկանում ենք, որ պաշտոնական Երևանը որևէ մակարդակով չի կարող հարաբերվել Աբխազիայի հետ, բայց Արցախի հետ ուղիղ կապ ունենք, Արցախի և Աբխազիայի ղեկավարները փոխայցելություններ են կատարում, ֆուտբոլային թիմեր, երաժշտական խմբեր են այցելում Աբխազիա և Արցախ։ Արցախում Աբխազիայի պատվավոր հյուպատոս կա, իսկ Աբխազիայում՝ Արցախի։  Վերջին հանդիպմանը Արցախի և Աբխազիայի մշակույթի նախարարները պայմանավորվել են երաժշտական խմբերի փոխայցերի մասին։

Գագրայում ունեք խոշոր հանգստյան տուն, մեր մյուս հայրենակիցները ևս Աբխազիայում ունեն ոչ միայն ազդեցիկ դիրքեր, այլ նաև՝ տնտեսական մեծ հնարավորություններ, ավելի կոնկրետ՝ հանգստյան տներ: Ի՞նչ պետք է անել, որ Հայաստանի, ինչու չէ՝ նաև աշխարհի այլ երկրների հայությունն ավելի հաճախ այցելի Աբխազիա, կապը ուժեղանա, Դուք ի՞նչ առաջարկներ ունեք Հայաստանի իշխանություններին, և ընդհանրապես՝ Ձեր կոչը՝ հայությանը:

—Այս ընթացքում շատերի հետ եմ հանդիպել, խորհրդային շրջանից դեռ նոստալգիա կա Աբխազիայի հանդեպ։ Շատերն այնտեղ հանգստացել են, այսօր էլ գալիս են։

Զբոսաշրջության համար Աբխազիա գալու մեծ ցանկություն կա, բայց խնդիրը մեկն է՝ ուղիղ հաղորդակցություն չկա։ Այսօր միակ ճանապարհը Սոչի-Ադլեր օդանավակայանն է, 8 կմ-ից Աբխազիան է՝ Գագրան, մեկ տոմսը 22 000 է, ընտանիքի համար՝ 100 000, դա մեծ գումար է։ Աբխազիայում, իհարկե, ամեն ինչ գեղեցիկ է, և գները բարձր չեն, բայց մարդը չի կարողանում հասնել այնտեղ։ Եթե Հայաստանն ուզենա իր քաղաքացիների համար ունենալ սեփական՝ ազգային ավիափոխադրող, այդ խնդիրը կլուծվի։ Այսօր Մոսկվա  2,5 ժամ թռչում ենք, 4 000 ենք վճարում, պատկերացնո՞ւմ եք, իսկ Աբխազիա 15 րոպե ենք թռչում՝ 22 000։ Եթե այս հարցը լուծվի, առաջին քայլը կլինի, որպեսզի զբոսաշրջությունը զարգանա։ Այսօր այնքան մարդկանց տեսա Երևանում՝ Աբխազիայից. նրանք գալիս են, սիրում են Հայաստանը, այստեղ նաև բուժման են գալիս, շատ կարևոր է սեփական ավիափոխադրող ունենալը։