կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-04-24 18:35
Հասարակություն

Օսմանյան բանակի հայ հերոսը

Օսմանյան բանակի հայ հերոսը

Կապիտան Սարգիս Թորոսյանն առաջինն էր, ով 1915 թ. փետրվարի 19-ին և 25-ին, այնուհետև մարտի 18-ին Դարդանելի նեղուցի վրա կատարված հարձակումների ժամանակ ոչնչացրեց հակառակորդի ռազմանավերը: Սարգիս Թորոսյանի խիզախությամբ հիացած Ջևադ փաշան նրան ներկայացրել է պատերազմի նախարար Էնվեր փաշային` ընդգծելով, որ կապիտան Թորոսյանի ղեկավարած նավը միակն էին, որին հաջողվեց ջրասույզ անել հակառակորդի նավերը: Ընդունելության ընթացքում նախարար Էնվեր փաշան հրետանային կապիտան Սարգիս բեյ Թորոսյանին ներկայացնում է գերմանացի բարձրաստիճան սպաներ` մարշալ Լիման ֆոն Սանդերսին և գեներալ Ֆոն դեր Գոլցին` որպես Դարդանելի հայ հերոսի:

Սարգիս Թորոսյանը ծնվել է 1891թ. Էվերեկ քաղաքում: Ավարտել է տեղի հայկական թեմական դպրոցը: Այնուհետև ընդունվել է Ադրիանապոլսի Պետական Քոլեջը: 1914թ. Ս. Թորոսյանը ստացել է հրետանային լեյտենանտի կոչում և գործուղվել Գերմանիա: Առաջին համաշխարհային պատերազմի սկզբին Թորոսյանը նշանակվել է Էրթուղրուլ բերդամասի ծանր հրետանային Վեցերորոդ գումարտակի հրետանային մարտկոցի հրամանատար:

Կապիտան Սարգիս Թորոսյանն առաջինն էր, ով 1915 թ. փետրվարի 19-ին և 25-ին, այնուհետև մարտի 18-ին Դարդանելի նեղուցի վրա կատարված հարձակումների ժամանակ ոչնչացրեց հակառակորդի ռազմանավերը: Սարգիս Թորոսյանի խիզախությամբ հիացած Ջևադ փաշան` վերջինիս ներկայացրել է Պատերազմի նախարար Էնվեր փաշային` ընդգծելով, որ կապիտան Թորոսյանի ղեկավարած ֆորտերըմիակն էին, որոնց հաջողվեց ջրասույզ անել հակառակորդի նավերը:

Ընդունելության ընթացքում նախարար Էնվեր փաշան հրետանային կապիտան Սարգիս բեյ Թորոսյանին ներկայացնում է գերմանացի բարձրաստիճան սպաներ մարշալ Լիման ֆոն Սանդերսին և գեներալ Ֆոն դեր Գոլցին` որպես Դարդանելի հայ հերոսի: 1915թ. մայիսի 18-ին Գլխավոր հրամանատար և Պատերազմի նախարար Էնվեր փաշայի կողմից Օսմանյան բանակի հրետանային կապիտան Սարգիս Թորոսյանին շնորհվել է Օսմանյան կառավարության վկայագիր: Կապիտան Թորոսյանը պարգևատրվել է նաև Օսմանյան կայսերական բանակի Պատերազմի շքանշանով: Ականատես լինելով սեփական ժողովրդի ոչնչացմանը իր իսկ բնօրրանում` Սարգիս Թորոսյանը միանում է արաբներին, որոնք Նուրի Յուսուֆի ղեկավարությամբ գործում էին Դաշնակիցների հովանու ներքո:

Որպես հմուտ հրամանատար և ղեկավարելու բացառիկ ունակությամբ օժտված զինվորական` Թորոսյանն Անգլիայի ու Ֆրանսիայի կողմից արժանացել է բարձր զինվորական պարգևների: Թորոսյանն արժանացել է նաև Օսմանյան կայսրության և Գերմանիայի, Ավստրիայի, Բուլղարիայի ռազմական պարգևներին:

Կիլիկիահայերի վերադարձից հետո Թորոսյանը մասնակցել է քեմալականների դեմ կազմակերպված տեղական ինքնապաշտպանական մարտերին, որի անհաջող ավարտից հետո տեղափոխվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներ: Օսմանյան կայսրությունում հայերին պարբերաբար ոչնչացնելու հետքերը ամենուր էին, ինչն էլ ակամայից փաստում է, Ս. Թորոսյանի սիրո պատմությունը: Ջեմիլեն Թորոսյանի արաբ ընկերոջ` Մուհարեմի քույրն էր, ում նա հանդիպում է արաբ փաշայի ապարանքում: «…1896-ի հայկական ջարդերի ժամանակ,-պատմում է Մուհարեմը,- հայրս Մուշի մոտակայքում տեղակայված զորամասի հրամանատարն էր: Դեռ այն ժամանակ նրան խորապես զայրացնում էր թուրքերի անողոք վերաբերմունքը քրիստոնյա հպատակների նկատմամբ: Մի օր նա անցնելիս է լինում հայկական գյուղի միջով, երբ տեսնում է մի աղջիկ երեխայի, որ հազիվ երկու տարեկան կլիներ: Երեխան միայնակ ու մոլորված թափառում էր գյուղի ամայի փողոցներով: Նրա ծնողները ոչ մի տեղ չէին երևում: Խղճահարությունից, կարեկցանքից դրդված՝ հայրս նրան իր հետ տուն է տանում: Նա դառնում է մեր ընտանիքի անդամը: Մայրս, սակայն, չհաշտվելով նրա ձախ թնին դաջված խաչի առկայության հետ, թթվուտի լուծույթով վերացրեց քրիստոնեական խորհրդանիշը: Դրանից հետո Ջեմիլեի ձեռքին մի տձև սպի մնաց…» (From Dardanelles to Palestine, A true story of five battle fronts of Turkey and her allies and a harem romance. By Captain Sarkis Torossian, Boston, 1929)

Երբ սկսվեց կայսրության հայ բնակչության տեղահանությունն ու կոտորածը, Սարգիս Թորոսյանի ծնողներն ու քույրը ևս տեղահանվեցին: Թորոսյանի` իր ընտանիքը փրկելու բազմաթիվ փորձերը ավարտվում են անհաջողությամբ: Նա նույնիսկ միջնորդություն է հայցում թուրք բարձրաստիճան զինվորականներից, սակայն, փոխարենը նրանք Թորոսյանին սպանելու փորձ են կատարում, և ոչ մեկ անգամ: Օսմանյան բանակի սպա Ս. Թորոսյանի ընտանիքը նույնպես ապրում է գաղթի ու աքսորի սարսափները: Իրենց հայրենի տնից բռնի տեղահանության մանրամասները Թորոսյանին պատմում է քույրը` Բեյզեր Թորոսյանը, ում պատահաբար գտնում է Թել-ուլ-Հալիֆից դեպի արնմուտք ընկած ճամբարում:

«… Նոյեմբերի հինգին /1915/, – սկսեց նա, – էվերեկի կայմակամը լուր ուղարկեց մեր տուն, թե դու սպանվել ես Դարդանելի ճակատամարտում: Քանի որ մենք այլևս չունեինք քո անվան պաշտպանությունը, մեզ հրամայված էր անմիջապես իսլամ ընդունել, և ինձ պետք է ամուսնացնեին մուսուլման մի տղայի հետ: Հայրիկն ու մայրիկը ամիսներ շարունակ մերժում էին այդ պահանջը, ու մենք հոգնել էինք քաղաքապետարան կատարած անվերջանալի այցերից ու քո անունը վկայակոչելուց: Մայրիկի առողջությունը տառապանքներից օր օրի վատթարանում էր, իսկ հայրիկին շատ վատ էին վերաբերվում: Սակայն մեր ծնողները շարունակում էին պայքարել կայմակամի դեմ, ու դեռևս նրանց չէին աքսորում: Երբեմն ինձ օրերով թաքցնում էին հարևանի տանը: Այն օրը, երբ լուր եկավ, թե դուսպանվել ես, ես տանն էի: Հայրիկն ու մայրիկը սուրհանդակին հետ ուղարկեցին, ինչպես միշտ՝ բացասական պատասխանով: Մենք պատրաստվեցինք փախչել: Հայրիկը կարծում էր, թե կկարողանանք այդ նույն գիշեր փախչել, սակայն մեկ ժամ անց սպան վերադարձավ երեք ոստիկանի հետ, և մենք ստիպված եղանք գնալ նրանց հետ: Մեզ միացան ևս երեք պահակներ ու մեզ փողոցներով տարան քաղաքից դուրս: Հայրիկը, սարսափահար մեզ սպառնացող վտանգից, մոտեցավ ոստիկաններից մեկին, ում տարիներ շարունակ ճանաչում էր դեմքով և փորձեց պարզել, թե ինչ են մտադիր անել մեզ հետ կամ ուր են տանում: … մենք պետք է ճանապարհ կտրենք առնվազն տասներկու օր, մինչև հասնենք Սիս քաղաք, որտեղ մեզ կհանձնեն տեղի գավառապետին:

Դա սարսափելի «ճանապարհորդություն» էր: …Մեզ ուղեկցում էին նոր պահակներ, որ նախկիններից ավելի դաժան էին: Մենք շարունակեցինք ճանապարհը, հիմա մեզ տանում էին Իսլահիե, սակայն մեր ճակատագիրը նախկինի պես անհայտ էր: Ճանապարհը, որ շատ ավելի կարճ էր, քան էվեբեկից Սիս, անհամեմատ ավելի դժվարին էր: Պահակները տանջում էին մեզ ու խոշտանգում ամեն առիթով, իսկ մենք անտանելի հոգնած էինք… Իսլահիեում մենք փողոցներով քայլեցրին դեպի գաղթականների ճամբար, որտեղ երկու հազար տարագիր սպասում էր աքսորման հրամանի: Տիրող խառնաշփոթը և լարված իրավիճակը խլեցին մայրիկի վերջին ուժերը, և նա երկու անգամ ուշաթափվեց: Մայրիկը կմախք էր դարձել: Մենք բոլորս ահավոր նիհարել էինք, բոլորից լավ ես էի դիմանում: Ճամբար հասանք առավոտյան, իսկ կեսօրին, ցնցոտիներ հագած, արդեն քարշ էինք տալիս մեր ոտքերը կիսաքաղց մարդկանց շարքում, որոնք հազիվ էին շարժվում բաց ճանապարհով հայտնի չէ, թե ուր: Քաղաքի դարպասներից հինգ կամ ավելի մղոն այն կողմ հանկարծ մեզ հրամայեցին կանգ առնել: Տեսա, թե ինչպես երկու շարք կազմած պահակները հետ քաշվեցին: Մյուս բանը, որ հիշում եմ, հրացանների կրակոցներն էին. հնարավոր է, որ դրանք փոքր թնդանոթներ լինեին կամ գնդացիրներ, կամ ատրճանակներ: Աղմուկն ահավոր էր: Տնքոցներ, հրացաններ, կրակի ժայթքոցներ, մեռածներ, վիրավոր մարդիկ… Կանայք, մանուկներ ու երեխաներ, նրանք բոլորն ընկնում էին քամուց քշված թղթե տիկնիկների պես: Ես գիտակցությունս չէի կորցրել, քանզի երբ ընկա գետնին ընկած մարմինների վրա, ամեն բան գիտակցում էի: Ընկել էի երկու մեռած մարդկանց մեջտեղում, այսինքն՝ ես կարծում եմ, որ նրանք արդեն մեռած էին: Դեմքս սեղմեցի հողին, հետո արյուն հայտնվեց: Զգացի, թե այն ինչպես հոսեց այտիս վրայով դեպի շրթունքներս: Ես ուզում էի ճչալ ու փախչել, սակայն չափազանց վախեցած էի: Մտածում էի՝ արդյոք ինձ էլ կսպանեն: Չգիտեմ՝ երբ հասկացա, որ կրակոցները դադարել են: Մթնշաղը դարձավ գիշեր: Երկար սպասեցի, մինչն վերջապես բարձրացրի գլուխս: Մութ էր, զինվորներն արդեն չկային: Մերթընդմերթ լսվում էին մեռնողների տնքոցները: Ես գիտեի, որ թուրքերը կվերադառնան: Մտածեցի, որ կարող է ինձ պես մի քանիսի բախտը բերած լինի, ու դա ինձ ուժ տվեց: Ես կանչեցի հայրիկին ու մայրիկին: Ոչ ոք չպատասխանեց, ոչ ոք չշարժվեց: Դիակների կողքին երկու շիշ ջուր գտա, վերցրի դրանք ու անդադար լաց լինելով՝ ողջ ուժով վազեցի դեպի սարերը: Ես վազում ու քայլում էի երևի մի քանի ժամ, մինչն վերջապես հասա լեռներին: Եվ այդ ընթացքում անվերջ լալիս էի: Անտառում այնքան լաց եղա, մինչև քնեցի: Այդ օրվանից մինչև այսօր քեզ տեսնելը լաց չէի եղել:

Սարերում թափառեցի երկու շաբաթ: Վախից չէի հասկանում՝ ինչ եմ անում: Սնվում էի հատապտուղներով, խոտով, ինչ որ պատահեր: Չէի պատկերացնում, որ կարելի է այդքան սոված լինել ու չմեռնել: Մի օր կրակոցներ լսեցի: Այնքան հուսահատ էի, որ չէի էլ ուզում թաքնվել, պարզապես հայացքս հառել էի այդ ուղղությամբ: Որոշ ժամանակ անց կրակոցները դադարեցին, սակայն ես տեղից չէի շարժվում: Վերջապես լսեցի, որ ինչ-որ մեկը տնքում է: Ես քարացած լսում էի, հետո մոտ տասը մետր այն կողմ մարդ տեսա: Նա կանգնել էր մեջքով, և ես տեսա, որ ձեռքը վիրավոր է և ուժեղ արյունահոսում է: Նա զինվորի համազգեստով չէր: Ես վազեցի նրա մոտ՝ հագուստիցս կտորներ պոկոտոելով նրան վիրակապելու համար: Երբ մոտեցա, թեև նա շատ թույլ էր, սակայն ձեռքը գցեց դեպի հրացանը, փորձեց շրջվել դեմքով դեպի ինձ: Ես արդեն գիտեի, որ նա հայ է, ու ձայն տվեցի: Հետո օգնեցի, որքան կարող էի. կապեցի վերքը ու ջուր տվեցի նրան: Նա շատ թույլ էր արյուն կորցնելու պատճառով: Այնտեղ մնացինք մինչև ուշ երեկո: Նա ասաց, որ եկել է հայկական Ռավանդուզ լեռներից, որ նա և մի խումբ երիտասարդ հայեր զենք ու սննդամթերք են գողացել և եկել այս սարերը ջարդերից փախչելու համար: Թուրքերը նրանց հետապնդել էին, ու տղաներից շատերը սպանվել էին: Նա նաև ասաց, որ լեռան մյուս կողմում մի քարանձավ կա, որտեղ, իր կարծիքով, թաքնվել էին ողջ մնացած նրա զինակիցները: Մութն ընկնելուն պես մենք միասին ճամփա ընկանք: Գտանք քարանձավը, որտեղ թաքնվել էին քառասուն հայ երիտասարդներ: Նրանք մեզ գրկաբաց ընդունեցին և կերակուր տվեցին: Մի քանի օր հետո նորից ճամփա ընկանք՝ անվտանգ տեղ գտնելու համար: Մենք աշխատում էինք քայլել լեռնային ճանապարհներով՝ շրջանցելով թուրքական ու քրդական գյուղերը, սակայն մի օր բախվեցինք թուրքական պարեկախմբին, որը սկսեց հետապնդել մեզ: Ես թաքնվեցի նեղ զառիթափի վրա գտնվող ժայռերի մեջ: Հրաձգություն լսեցի, բղավոցներ: Դրանք հանգան հեռվում, ու ես, ժայռերի տակ կուչ եկած, սպասեցի մի ամբողջ օր, որովհետև տղաներն ասել էին, որ կգան իմ հետևից: Նրանք եկան, երբ արդեն բոլորովին մութ էր. վերադարձան հինգը, մյուսները սպանվել էին:

Օր օրի հետևից մենք քայլում էինք սարերով՝ ամեն օր ավելի հոգնած, հյուծված ու քաղցած: Ոչ մեկս չհասկացավ, թե ինչպես հայտնվեցինք այս ճամբարում, որտեղ դու գտար ինձ, բայց մի պայծառ օր այն պարզապես հայտնվեց մեր առջև: Տղամարդիկ գնացին ճանապարհ կառուցելու, իսկ կանայք առան ինձ իրենց տնակը: Հետո՝ մինչև քո գալը, ոչինչ չկար: Մենք բոլորս աշխատում էինք՝ քաղցած ու վախեցած: Յուրաքանչյուր օր լի էր սարսափով, թե ինչ է լինելու վաղը…» :

From Dardanelles to Palestine, A true story of five battle fronts of Turkey and her allies and a harem romance. By Captain Sarkis Torossian, Boston, 1929.