կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-03-14 17:49
Հասարակություն

«Դանիելի գիրքը» հեղափոխության մասին է, հերոսը` լրագրող

«Դանիելի գիրքը» հեղափոխության մասին է, հերոսը` լրագրող

«Դանիելի գիրքը» ստեղծագործություն է սիրո մասին, այստեղ սեևեր ու սպիտակներ չկան: Նուրբ հումորով համեմված վեպը պատմություն է փոփոխական աշխարհում փոփոխվող արժեքների մասին: Վթարի զոհ դառնալով՝ լրագրող Դանիելը հայտնվում է դժոխքի ու դրախտի «խաչմերուկում»: Դանիելի պահապան հրեշտակը նրան ուղեկցում է հրեշտակապետի մոտ. այստեղ է որոշվելու հերոսի ճակատագիրը: Ստեղծված իրավիճակում հրեշտակի և մարդու հարաբերություններն անսպասելի զարգացումներ են ստանում:

«Թույլ տվեք ծայրահեղացնել ու ասել` ով է սատանան: Վարկած կա, որ սատանան մարդուց սովորեց այն վատ բաները, որ հիմա վերագրում են իրեն: Նա տեսավ, թե ինչպես է Կայենը սպանում Աբելին, հասկացավ, որ դա բարկացնում է Աստծուն, ու որոշեց ինքն էլ այդպես անել»,- գրքի շնորհանդեսի ժամանակ ասաց հեղինակը` Նարինե Կռոյանը` հավելելով` մարդը միշտ պետք է ընտրության հնարավորություն ունենա, որպեսզի փոխվի:

Ըստ հեղինակի` մարդուն վերափոխող թիվ մեկ գործոնը սերն է, որ սկանդալային լրագրողին կարող է վերափոխվել և դառնալ այլ մարդ:

Այդ փոփոխությունը, ըստ տիկին Կռոյանի, կարող է նաև հրեշտակի հետ տեղի ունենալ, և նա, շփվելով մարդու հետ, կարող է մարդանալ:

Սրանք ընդհանուր նկարագրություններ են, որ հարևանցի նկարագրում են գրքում տեղի ունեցող սյուժետային ու ոճական առանձնահատկությունները: Այն ըմբռնելու համար ոչ այդքան խոհափիլիսոփոայական հայացք է պետք, որքան` կենսափորձ: Իսկ այդ կենսափորձը հենց լրագրողը կարող էր ունենալ, որ ամենից շատ է տեղյակ կյանքի բոլոր ոլորտներից:

Yerkir.am-ի հարցին, թե լրագրողի մասին գիրքը Հայաստանում տեղի ունեցած քաղաքական իրադարձություններից առա՞ջ, թե՞ հետո է գրել, Կռոյանը արձագանքեց. «Գիրքը գրել սկսել եմ երեք տարի առաջ: Նախորդ տարվա դեկտեմբերին, երբ գիրքն արդեն պատրաստ էր, իմ ընկերներից մեկը հարցեց, թե ինչի՞ մասին է այն: Ասացի` հեղափոխության: Ճշտեց` ի՞նչ հեղափոխության: Պատասխանեցի` սիրո: Իսկ ո՞վ է հերոսը,- հարցրեց: Լրագրողը` պատասխանեցի... Բայց ես այն գրել եմ առանց որևէ նախատիպ ունենալու, իմ հերոսներն առհասարական հավաքական կերպարներ են, որ լավ կամ վատ կաղապարների մեջ չեն տեղավորվում»: