Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ավետիք Իսահակյանն ու Գուրգեն Բորյանը հանգիստ զրուցում էին, այսինքն՝ գրողների միության նախագահն ու առաջին քարտուղարը: Այցելությանս նպատակը չեմ հիշում: Քիչ անց, կարծեմ, Գուրգեն Բորյանն ասաց, որ Գևորգ Աբովը հիվանդ է, ուղեգիր է խնդրել, հարկավոր է օգնել մարդուն: Հետո, իմիջիայլոց, չասելու նման ասաց.
- Վարպե՛տ, Դուք գիտե՞ք, որ Գևորգ Աբովն այնքան էլ բարյացակամ չէ Ձեր նկատմամբ:
Վարպետը լարվեց: Գուրգեն Բորյանի դեմքով ստվեր անցավ, բայց արդեն ուշ էր, և արգելակելն էլ միտք չուներ:
- Իսկ ի՞նչն էր բանը…
- Ախր նա ժամանակ առաջ մտել է Կենտկոմի առաջին քարտուղար Գրիգոր Հարությունյանի մոտ մի անմարդկային առաջարկով, թե ժամանակը չէ՞ արդյոք Իսահակյանին մեկուսացնելու: Նրա տունը դարձել է դաշնակցականների հավաքատեղի, որոնք թափանցում են Սփյուռքից, և զանազան հակասովետական թափթփուկների ժողովարան…
- Իսկ Գրիգոր Հարությունյանն ի՞նչ է պատասխանել…
- Նեղացել է, անպատվել՝ ասելով, որ նման հիմարություններ անել և նույնիսկ ասել ոչ ոքի թույլ չի տա, որ Իսահակյանը համաշխարհային անուն է, մեր ժողովրդի պարծանքը, ինչպես կարելի է դիպչել մի մարդու, որ մարմնավորում է Հայաստանը, քայլող Հայաստան է…
- Լա՛վ է, լա՛վ է, նույնիսկ օրթոդոքս կոմունիստը պաշտպանում է իմ ազատությունը,- ծիծաղեց Իսահակյանը և հետո մտախոհ,- որքան հիշում եմ՝ ես Գևորգ Աբովին լավություն չեմ արել, ինչո՞ւ է նա փորձել ինձ վատություն անել, անհասկանալի է…
- Վատություն լավությա՞ն դիմաց,- զարմացա ես:
- Այո՛, երիտասա՛րդ, կյանքի օրենքն է այդպիսին: Լավությունը չի կարող անպատիժ մնալ: Բայց այս պարագային կարծես չի գործել այս ճշմարտությունը…
Շարունակելի