կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-10-22 14:15
Մշակույթ

Թումանյանի աստղը պիտի մեծանա, հզորանա արեգակի նման. Իսահակյան. «Ակամա երգիծաբաններ»-2

Թումանյանի աստղը պիտի մեծանա, հզորանա արեգակի նման. Իսահակյան. «Ակամա երգիծաբաններ»-2

Շրջապատել ենք մեծ բանաստեղծին: Կլանում ենք նրա յուրաքանչյուր բառը, յուրաքանչյուր խոսքը: Իսկ նա սիրում է մեր՝ երիտասարդներիս շրջապատը: Հարցնում է՝ որտե՞ղ ենք ծնվել, ովքե՞ր են մեր արմատները, բնի՞կ ենք, թե՞ գաղթական:

- Օրինակ դո՛ւ, տղա ջան, որտեղացի ես

- Զանգեզուրցի եմ…

- Դո՛ւ…

- Շիրակցի եմ…

- Դո՛ւ…

- Ղարաբաղից…

- Դո՛ւ…

- Ջավախքից…

Եվ այսպես բոլորին, մեկիկ-մեկիկ: Հարցեր, բայց ոչ անկետային, այլ՝ Իսահակյանական: Բոլորին ասելու, խորհուրդ տալու, ինչպես ասում են՝ ազգնուտակը իմանալու պահանջ ունի մեր վարպետը:

Նայում է ինձ.

-  Ջավախքից ես, էս մեկն էլ Շիրակից է: Երգի, հեքիաթի և բանաստեղծության աշխարհից եք, իսկ ղարաբաղցիք ու մյուսները մեր երգն ու բանաստեղծությունը պահպանող մարտիկներն են, սասունցիք ու մշեցիք մեր ծուռ դավիթներն են, ֆիդայիները, նախիջևանցիները՝ մեր գողթան երգերն ու առասպելները հորինողները: Այսպես է հայոց աշխարհը, ամեն գավառը՝ մի աշխարհ, իր բնորոշ բառով ու բանով, արհեստներով ու արվեստներով…

Հետո լռում է: Խորհում է կզակը ցուպին հենած:

 - Այ, կարո՞ղ եք ասել, ով է մեր մեծագույն բանաստեղծը,- և նայում է քննախույզ ժպիտով:

- Դո՛ւք…,- միաբերան ասում ենք բոլորս:

Իսահակյանի հայացքում կասկած կա: Երևի համաձայն չէ:

- Լավ բան եք ասում,- ժպտում է,- եթե ես հավատամ: Իհարկե, քաղաքավարությունը և ծերուկիս չվշտացնելու ցանկությունն է խոսում ձեր գնահատականի մեջ, այլապես կասեիք, որ մեր մեծագույնը Օհաննեսն է, Թումանյանը, որ նրա երգ ու բանաստեղծություններով, ասք ու առասպելով, նրա հայկականությամբ է լցված հայ աշխարհը: Նրա անմահությունն անգամ գնալով պետք է զորանա, մինչ շատերի աստղերը կխավարեն ժամանակի անողոքությունից, նրա աստղը գնալով պիտի մեծանա, հզորանա արեգակի նման…

 

Լուսանկարում՝ Թումանյանը և Իսահակյանը՝ Անիում, 1901 թ.