Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Yerkir.am-ը սկսում է նոր շարք՝ ներկայացնելով մեծանուն գրող Մկրտիչ Սարգսյանի «Ակամա երգիծաբաններ» (Երևան, 1993 թ.) գրքում տեղ գտած մանրապատումները: Երգիծական մանրապատումների հերոսները հանրահայտ մարդիկ են՝ գրողներ, արվեստագետներ, քաղաքական գործիչներ, որոնք ընթերցողին ներկայանում են հաճախ պարզ ու զավեշտական, ուրախ ու կենսասեր, հաճախ՝ խոր ու իմաստուն, իրենց ինքնատիպ խառնվածքի թևավոր տարերքի մեջ:
Հեղինակի գրչի տակ կյանքից առնված պատումները մի որոշ չափով գեղարվեստականանում են՝ հարստացնելով կենսախինդ, ուրախ օրվա բազմագույն խճանկարը:
Երկու խոսք
«Ակամա երգիծաբաններ» ժողովածուն մեր ձեռքի տակ եղած նյութի առավել փոքր մասն է: Կարծում ենք՝ ընթերցողը ճիշտ կընկալի գրքի արժանիքը, քանզի այստեղ երթևեկող հերոսները ոչ միայն իրական դեմքեր են, այլև մշակույթի երևելի ներկայացուցիչներ, որոնց խոսք ու զրույցը չեն առնչվում էժանագին սենսացիաներին: Նրանց սրամիտ խոսքն ու շողշողուն հումորը հեռու են զազրախոսությունից և հաճախ հասնում են թևավոր խոսքի:
Վաղուց էր հասունացել մտահղացումը, սակայն շատ էին նկատառումները, ամենի առաջ՝ պահպանել վավերականությունը, զերծ մնալ անհարկի գրողական միջամտությունից և, միևնույն ժամանակ, թույլ չտալ մշակույթի ներկայացուցիչների նկատմամբ վիրավորական արտահայտություններ, վուլգար ու հայհոյախառն սրամտություններ: Հավատարիմ մնալով այս սկզբունքին՝ ցանկանում ենք կրկնել ըմբռնումով վերաբերվելու՝ վերջերս այնքան չարչրկված արտահայտությունը: Այսքան:
Մկրտիչ Սարգսյան
Ավետիք Իսահակյանը Դերենիկ Դեմիրճյանի մասին
1954 թվականն է: Աշուն: Հայաստանում ընթանում է գրողների միության 3-րդ համագումարը: Ժամանել են հյուրեր համարյա բոլոր հանրապետություններից, Մոսկվայից: Մոսկվայի պատվիրակությունը գլխավորում է Կոնստանտին Սիմոնովը: Հաշվետու զեկուցումից հետո (Գուրգեն Բորյան) ձայնը տրվում է Կոնս. Սիմոնովին, որի ելույթը, ինչպես պարզվում է, սովորական ելույթ չէ, այլ մոսկովյան էշելոնի գաղափարական մեկնակետը, որը վշտացնում է գրական ավագանուն իր անողոք հարցադրումներով և էլ ավելի սուր եզրակացություններով: Պարզվում է, որ խորհրդահայ գրողները հեռացել են գրականության զարգացման սոցիալիստական ռեալիզմի մայրուղուց և ,փոխանակ խորհրդային կյանքը արտացոլելու, տուրք են տալիս պատմական թեմատիկային: Ջախջախիչ խոսքեր են ասվում Դերենիկ Դեմիրճյանի «Վարդանանք» Ստեփաբ Զորյանի «Պապ թագավոր» վեպերի, Նաիրի Զարյանի «Արա Գեղեցիկ», Խաչիկ Դաշտենցի «Տիգրան Մեծ» դրամաների, Վիգեն Խեչումյանի «Զվարթնոց» գրքի, Ռաֆայել Արամյանի՝ Կոմիտասին նվիրված պատմվածքների հասցեին:
Ընդմիջմանը Ռաֆայել Արամյանը, Խաչիկ Դաշտենցը, Վիգեն Խեչումյանը հավաքվել են Ավետքի Իսահակյանի և Դերենիկ Դեմիրճյանի շուրջ և հորդորում են Դեմիրճյանին՝ ելույթ ունենալ և պաշտպանել հայ գրականությունը սիմոնովյան հարձակումներից:
- Միայն Դուք կարող եք այդ անել, վարպե՛տ,- դիմում են Դեմիրճյանին:
Իսկ Դեմիրճյանը ցանկանում է ջահելներին քշել, որ չխաղան՝ առանց այն էլ իր լարված ջղերի հետ, բայց ո՜ւմ ես ասում: Տղաները կպել ու չեն պոկվում Դեմիրճյանից: Իսկ Իսահակյանը լսում է ու ժպտում: Վերջում, երբ խնդրատուները հանում են համը, գործին միջամտում է Իսահակյանը.
-Իմացեք, տղանե՛ր, այսօր Դեմիրճյանը ելույթ չի ուեննալու, հանգիստ թողեք նրան: Նաև իմացեք, Դեմիրճյանի մեջ ապրում են երկու քաջեր՝ Քաջ Վարդանը և Քաջ Նազարը: Այսօր Քաջ Նազարի օրն է, վաղը՝ Քաջ Վարդանի: Վաղը Դերենիկ Դեմիրճյանը ելույթ կունենա…
Եվ, իրոք, հաջորդ օրը Դեմիրճյանը ելույթ է ունենում, այն էլ ի՜նչ ելույթ… Եվ մարգարեանում է Իսահակյանը…
Շարունակելի