կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-11-01 16:51
Մշակույթ

Դերենիկ Դեմիրճյանը՝ պարտատեր. «Ակամա երգիծաբաններ» - 9

Դերենիկ Դեմիրճյանը՝ պարտատեր. «Ակամա երգիծաբաններ» - 9

Դերենիկ Դեմիրճյանն իմ (գրող Մկրտիչ Սարգսյանի – խմբ.) հայրենակիցն էր: Գիտեր, որ բանաստեղծություններ եմ գրում, բայց ոչ մի անգամ չխրախուսեց, հետաքրքրություն չցուցաբերեց և չկարդաց իմ չափածոն: Ես էլ չէի մղվում նրա կարծիքն իմանալու, որովհետև նա մի քանի անգամ կրկնել էր, որ.

- Եթե կարող ես արձակ գործեր ստեղծել, ստեղծիր, չես կարող՝ թարկ տուր…

Սա իմիջիայլոց, բայց իմ հազվադեպ այցելություններին իրենց տուն, չնայած ոչ այնքան հյուրընկալ բնավորությանը, սիրում էր խոսք բանալ հայրենի Ջավախքից, մանավանդ՝ Ախալքալաքի հնաբնակներից, որոնց ես լավ չգիտեի: Հիշում էր քաղաքի ու քաղաքամերձ տեղանունները, և երբ լրացնում էի իր իմացածը, ոգևորվում էր ու փոխվում: Զգում էի, որ հուզվում է, կարոտում իր ծննդավայրը, ուր չէր եղել ավելի քան չորս տասնամյակ: Եվ մեղավորը սրտի ասթմատիկ հիվանդությունն էր և ծննդավայրի բարձրագահ լինելը:

Հիշում եմ՝ նրան ասացի, որ հարկավոր է գոնե մի անգամ լինել Ախալքալաքում, ախր նեղանում են մեր հայրենակիցները: Սաստիկ նեղացավ. «Ի՞նչ է, չե՞ս հասկանում, որ իմ այս սրտով այն բարձր աշխարհում չեմ կարող մի օր իսկ ապրել, կգնամ պապերիս մոտ»: Բայց օրեր անց ասաց, որ երկար մտածել է Ջավախք գնալու մասին. «Կանենք այսպես. կնստենք գնացք ու կգնանք Թիֆլիս: Մի շաբաթ կմնանք, կկլիմայափոխվենք: Կլիմայափոխությունը մեր ճանապարհորդության կարևորագույն էլեմենտն է: Մի շաբաթ էլ կմնանք Ախալցխայում: Հետո կնստենք ավտոբուսն ու կբարձրանանք Ջավախք: Երեկոյան կհանդիպենք հասարակության հետ, իսկ մյուս առավոտյան՝ պուկ, Լենինականով դեպի Երևան»: Հետո ոգևորված՝ լավ եմ մտածել, չէ՞…

- Բայց քիչ չէ՞ մեկ երեկոն…,- անմտորեն ջուր եմ լցնում նրա ոգևորության վրա:

- Նույնիսկ շատ է, ասող-խոսողը սիրտս է, ես չեմ,- ավարտում է նա:

Բայց ես ցանկանում եմ պատմել ևս մի դեպք նրա կյանքից, ուր երևում է նրա բնավորությունը, մարդկային որակը, որ բավական հակասական է ժամանակակիցների հուշերում:

Հիսունական թվականների սկզբներն էին: Մեր գրողներից երկուսը մի օր դիմեցին ինձ՝ միջնորդել Դեմիրճյանին, որ իրենց 1000-ական ռուբլի փող տա պարտքով՝ արդեն մարդկանց դռները թակող նոր տարին պատշաճորեն դիմավորելու համար: Դեմիրճյանի խստակյաց բնավորությունը և նրա նկատմամբ իմ ծայրահեղ պատկառանքը թույլ չտվին ինձ՝ դիմելու նման համարձակության, և ես մերժեցի տղաներին: Սակայն պարզվեց, որ նրանք ձեռք քաշողը չէին, մանավանդ նրանց լեզվի առջև նահանջեց իմ համառությունը: Եվ  մենք քայլեցինք դեպի գրողի տուն: Ճանապարհին տղաներին ասացի, որ Դեմիրճյանի զրույցների սիրած թեման հայրենասիրությունն է, և եթե խոսելու իրավունք ու հնարավորություն ստեղծվի, խոսեն այդ թեմայով: Սրտադող սեղմեցի դռան զանգի կոճակը: Դուռը բացեց ինքը՝ Վարպետը, գրկած իր սիրելի կատուներին: Հայացքում հայտնվեցին հարցականներ: Ինչո՞ւ ենք եկել: Սակայն մի կողմ քաշվեց և ճանապարհ տվեց մտնելու: Մտանք: Դեմիրճյանը երևաց, որ տրամադրված էր խոսելու: Այստեղ իր լեզվով ու պատմաիմացությամբ «փայլեց» Ս.-ն, որն այնպիսի մի հայրենասիրական բուքուբորան սարքեց, որ Դեմիրճյանը դժվար է ասել՝ վախեցա՞վ, թե՞ զգուշացավ: Նրա հայացքը մեխվեց ինձ վրա: «Ինչե՞ր է խոսում, չլինի հանկարծ…»: Ես նշանացի հասկացրի, որ խոսակիցներն  անվնաս մարդիկ են: Բայց քիչ անց հոգնած Դեմիրճյանը ինքը վերջակետ դրեց խոսքուզրույցին.

- Լավ, դե ասեք՝ ինչո՞ւ եք եկել…

 Ս.-ն պինդ հուպ տվեց ոտքս, իբր թե՝ խոսի՛ր…

- Վարպե՛տ, տղաները եկել են փող խնդրելու, նորի տարին մարդավարի անցկացնելու համար: Պարտքով են ուզում…

Դեմիրճյանի քթարմատը կնճռոտվեց.

- Փող, փող… Լա՛վ, եղավ, գնացեք…

Դրսում երկար քննարկեցինք նրա «լավ, գնացեք» բառերը: Փաստորեն դուրս արեց մեզ: Պետք է ենթադրել, որ «լավ»-ը հուսատու բառ էր, իսկ «գնացեք»-ը վռնդելու լիցք ուներ իր մեջ: Ընդհանուր եզրակացության չեկած՝ բաժանվեցինք: «Այդ էլ քո հայրենակիցը…»,- շպրտեցին երեսիս:

Հաջորդ օրը գնացի աշխատանքի: Ականջս ձայնի էր՝ տեսնես Դեմիրճյանը կտա՞ տղաներին իր համարյա խոստացած փողը: Ցերեկվա ժամը մոտ երկուսին զանգ եղավ: Վերցրի՝ Ս.-ն էր.

- Եղա՛վ, եղա՛վ, Մկրտի՛չ, փողն ստացանք:

- Ե՞րբ, ինչպե՞ս…

- Պարզվում է՝ ծերուկն առձեռն փող չի ունեցել: Այսօր առավոտյան գնացել է խնայդրամարկղ, հանել հարկավոր գումարը, ծրարել և հանձնել գրողների միության գործերի վարիչին՝ Հեղինե Շիրազյանին, և խնդրել, որ հանձնի մեզ: Նա էլ մեզ զանգահարեց, կանչեց միություն և հանձնեց ծրարները: Այսքա՛ն…

Անցան օրեր: Մի օր Հ.Ս.-ն եկավ ինձ մոտ.

- Արի գնանք Դեմիրճյանի մոտ…

- Ինչո՞ւ…,- տագնապեցի ես:- Չլինի՞ նորից դրամ խնդրելու:

- Գնանք, ուզում եմ պարտքս մարել…

- Գնանք,- արագ համաձայնեցի ես:

Դեմիրճյանն այս անգամ մեզ դիմավորեց դռան առաջ: Հասկացանք, որի չի ցանկանում ընդունել, երևի զբաղված է:

- Ինչո՞ւ եք եկել…,- հարցրեց չոր:

- Եկել եմ պարտքս տալու,- խոսեց Հ.-ն:

- Ի՞նչ պարտք,- հարցրեց գրողը:

- Դե, այն հազար ռուբլին…

- Հա՜,- ծոր տվեց Դեմիրճյանը,- լսի՛ր, դու երեխաներ ունե՞ս…

- Ունեմ,- ասաց:

- Այդ փողը տար և երեխաներիդ համար շոր, կոշիկ առ…,- և հետո ժպտալով,- ա՛յ տղա, ինձ ո՞վ է պարտքը վերադարձրել, որ բերել ես, գնացե՛ք, գնացե՛ք…

 

Շարունակելի