Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հիսունական թվականների կեսերն էին: ԽՄԿԿ 20-րդ համագումարից հետո սկսվել էր անհատի պաշտամունքի սուր քննադատությունը և ստալինյան բռնապետության զոհերի ռեաբիլիտացիան: Եղիշե Չարենցի բարի անունը, որ անողոք ժամանակաշրջանն անգամ անզոր եղավ ստվերել, արդեն վերադառնում էր ժողովրդին, որպեսզի նրա հետ ապրեր իր անմահությունը: Կենտկոմում կազմվում էր նրա ժողովածուն: Հանրապետությունը պատրաստվում էր նշելու իր մեծ զավակի 60-ամյակը: Ժողովածուն կազմելիս առաջացավ նրբին մի հարց: Ինչպես վարվել Եղիշե Չարենցի «Էլեգիա գրված Վենետիկում» պոեմի հետ, ուր հեղինակը քննադատում էր Ավետիք Իսահակյանին, նրա հին և, այսպես կոչված, մանր-բուրժուական հայացքները: Որոշվեց ձեռնպահ մնալ այս գործից, որպեսզի ցավ չպատճառվեր 80-ամյա մեր դասականին:
Այս լուրը հասել էր Ավետիք Իսահակյանին, որի վերաբերմունքը պոեմը ժողովածուից հանելու փաստին բավական բուռն եղավ: Մի օր Կենտկոմի աշխատողներս լսեցինք, որ Վարպետը դուրս է եկել գրողների միությունից և գալիս է Կենտկոմ: Լուրն արագ հասավ Կենտկոմի առաջին քարտուղար Սուրեն Թովմասյանին, որը բանաստեղծին դիմավորեց հիմնարկի շքամուտքի առջև և ուղեկցեց դեպի իր ընդունարանը: Հանդիպումը բանաստեղծի հետ տևեց մեկ ժամ, որից հետո Ավետիք Իսահակյանին մեքենան տարավ գրողների տուն, իսկ մեզ՝ մշակույթի բաժնի աշխատողներիս, հրավիրեցին առաջին քարտուղարի մոտ:
- Մեծ մարդ է Վարպետը,- խոսեց Սուրեն Թովմասյանը,- նա խոր վիրավորանք է ապրում, որ Չարենցի ժողովածուից հանվել է «Էլեգիա գրված Վենետիկում» ստեղծագործությունը: Նա ասաց, որ միանգամայն ճիշտ է Չարենցը իր գնահատականներում. «Եթե չարենցյան ժողովածուից այդ գործը հանվի, դուք ինձ՝ ութսունամյա ծերուկիս, բարոյական մեծ հարված հասցրած կլինեք, խնդրում եմ՝ «Էլեգիան…» վերադարձրեք ժողովածու»: Ես կարծում եմ,- այնուհետև ասաց Սուրեն Թովմասյանը,- մենք իրավունք չունենք նեղացնելու Վարպետին, և հարկավոր է անհապաղ վերականգնել «Էլեգիան…»:
Քարտուղարն այնուհետև կարդաց մի երկտող, որ նրան հուշել էր բանաստեղծը.
Ապրեի, տեսնեի Անին ազատված,
Մեռնեի, չտեսնեի Սևանը ցամաքած…
- Բանաստեղծն այնքան էր հուզված, որ Սևանի անունը տալուն պես, լցվեցին աչքերը: Եվ ես նրան խոստացա՝ ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները Սևանի փրկության համար…
Այսպես ավարտվեց իսահակյանական միսիան՝ հաղթանակով:
Շարունակելի