Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ամեն ինչ սկսվեց նրանից, որ մեր մեծերից Ավետիք Իսահակյանը և Դերենիկ Դեմիրճյանը փնտրում էին որևէ միջոց անքնության դեմ, բացի բժշկական հաբերից, որ ծերուկներն այնքան էին խմել, որ զզվել էին: Ի՞նչ կարելի է անել, ի՞նչ միջոցներով կարելի է փրկվել անքնության հրեշից: Եվ մի անգամ Դեմիրճյանը պարզորոշ կերպով ասաց Իսահակյանին.
- Ավո՛, ես արդեն քնում եմ, քնելու ժամանակավոր դարմանը գտել եմ:
- Յա՜, ինչ ես ասում,- վառվեց Վարպետի հետաքրքրությունը,- ինչո՞վ, ինչպե՞ս…
- Մեր արձակագիր Ս…-ն մի ծավալուն վեպ է գրել, ամեն երեկո գալիս է ընթերցելու, որպեսզի իմանա իմ կարծիքն ու դիտողությունները: Շնորհակալ եմ, կարդում է միալար, քնեցնելու ձայնով: Նա կարդում է, ես քնում եմ: Եվ այնքան խորը, որ նույնիսկ գնալը չեմ զգում: Արդեն երկու շաբաթ է՝ քնում եմ: Ասել եմ, որ յուրաքանչյուր անգամ ընթերցելիս նկատի ունենա, որ ես շատ եմ հոգնում, և մեծ հատվածներ չընթերցի: Այսպիսով՝ երկարաձգում եմ քնելուս ժամանակը…
- Դերո՛, ինչպե՞ս անենք, որ ես էլ օգտվեմ այդ դեղամիջոցից,- հարցնում է Իսահակյանը,- գուցե իրեն ասես, որ այնքան ես գովել իր վեպն ինձ մոտ, որ վառել ես իմ հետաքրքրությունը, ես էլ ցանկություն ունեմ լսելու նրա վեպի ընթերցանությունը…
- Մինչև լրիվ չընթերցի ինձ մոտ, ես այդ բանն անել չեմ կարող…
- Իսկ որքա՞ն ժամանակ է հարկավոր, որ վեպի ընթերցումն ավարտի...
- Առնվազն մեկ ամիս, Ավո՛…
- Չէ, ես այդքան սպասել չեմ կարող, դու մի երկու շաբաթ որ ընդմիջում անես, ես երկու շաբաթ կքնեմ և ջղերս մի քիչ կարգի կբերեմ…
- Չէ, Ավո՛, ուզած-չուզած պիտի սպասես, այդ միջոցում ես բավական չափով կկազդուրվեմ, կհանգստանամ, հետո դու կսկսես քո բուժումը…
-Լսի՛ր, տո թաժա՛ մեռել, տո իբլի՛ս (սատանա), էդպե՞ս է քո ընկերությունը,- ասում է Իսահակյանը՝ բարձրացնելով գավազանը:
- Ամա՜ն, վարպետներն իրար ծեծում են,- բղավում է գործերի կառավարիչ Հեղինե Շիրազյանը, և ընդունարան են վազում երկու-երեք հոգի, Ռաֆայել Արամյանն էլ՝ նրանց հետ:
Իհարկե, ծեծ կամ քաշքշուկ չէր եղել, և ըստ Ռաֆայել Արամյանի տեղեկատվության՝ 80-ամյա ծերունիները հևում և փնչում էին վիրավորանքից: Մարդկանց, մանավանդ՝ երիտասարդ գրողների ներկայությունը, ստիպում էր նրանց զինաթափվել, մի կողմ դնել գավազանները:
Անցան ամիսներ, խնդրո առարկան՝ Ս…-ի գիրքը, լույս տեսավ և անմիջապես հետևեց Դերենիկ Դեմիրճյանի դրական հոդվածը, որը գրական աշխարհն ընդունեց թերահավատորեն: Նույնիսկ ես՝ ամոթս ի բուռ, հարցրի նրան.
- Ընկե՛ր Դեմիրճյան, այդ գիրքը չարժեր քո խրախուսանքին:
Ժպտաց դեմիրճյանական մարմրող խորամանկ ժպիտով.
- Գիտե՛մ, գիտե՛մ, բայց ե՛ս, ե՛ս… պարտքերս մարեցի…
Շարունակելի