կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-10-08 19:00
Հասարակություն

«Նա մեծ ուսուցիչների աշակերտ էր և մեծ ուսուցչի վերածվեց». Մուշեղ Իշխանի սաներն ու բանասերները նորովի են բացահայտում գրողին

«Նա մեծ ուսուցիչների աշակերտ էր և մեծ ուսուցչի վերածվեց». Մուշեղ Իշխանի սաներն ու բանասերները նորովի են բացահայտում գրողին

Երբ տեսնում էր, որ մեկը մյուսից արտագրում է, դիտողություն էր անում ոչ թե արտագրողին, այլ մյուսին՝ ասելով՝ այդքան կչարչարվի, տետրակդ մի քիչ մոտեցրո՛ւ. Yerkir.am-ի հետ զրույցում մեծանուն գրող Մուշեղ Իշխանին նվիրված միջազգային գիտաժողովի ժամանակ իր հիշողությունները պատմեց նրա աշակերտ՝  Համազգային Հայ կրթական և մշակութային միության Կենտրոնական վարչության ատենապետ Մկրտիչ Մկրտիչյանը:

«Նաև լսել եմ, որ մանկավարժական ժողովի ժամանակ մի ուսուցչուհու, որն  աշակերտին արտագրելու համար զրո էր նշանակել, Մուշեղ Իշխանն ասել է՝ ընդօրինակելով բան մը չսորվեցա՞վ, գոնե այդ նիշը դիր, զրոն ի՞նչ կնշանակե»,- հիշեց նա՝ ընդգծելով, որ  լավ ուսուցիչը նա է, ում տասնամյակներ հետո ժպիտով ես հիշում, Մուշեղ Իշխանը հենց այդպիսին է: 

Ըստ Մկրտիչ Մկրտիչյանի՝ բնավ խիստ չլինելու համար Մուշեղ Իշխանն անգամ քննադատությունների է արժանացել: «Որպես ուսուցիչ՝ Մուշեղ Իշխանը աշակերտների՝ մեկը մյուսից արտագրելուն կարևորություն չէր տալիս, ասում էր՝ ամեն բան ժամանակի հետ մոռացվում է, մշակույթն է մնայուն:

«Կարևորն այն էր, որ իրեն մի բան կարողանայինք փոխանցել, թե ինչպե՞ս, իր համար այնքան էլ նշանակություն չուներ»,-Yerkir.am-ին պատմեց  լիբանանահայ ազգային-հասարակական գործիչ Տիգրան Ջինբաշյանը: Նա նույնպես եղել է գրողի աշակերտը, նաև՝ պաշտոնակիցը՝ այն տարիներին, երբ մեծ գրողը հայ գրականություն է դասավանդել Լիբանանում 1930 թ. հիմնադրված Հայ ճեմարանում (մինչ 1986 թ.՝ Նշան Փալանճյան, այդ թվականից՝ Մելանքթոն և Հայկ Արսլանյան ճեմարան):  

«Երբ գրատախտակի մոտ զբաղված էր՝ ինչ-որ հարց գրելով, աշակերտները, բնականաբար, փորձում էին գրքերից և տետրերից պատասխանը գտնել, այդ ժամանակ կամացուկ ասում էր՝ ուշադրություն, ետև պիտի դառնամ, գրքերը փակեցե՛ք»,- պատմեց Ջինբաշյանը:

Հարցին, թե ի՞նչն է կարևորել գրողի մեջ, մեր զրուցակիցը պատասխանեց՝ անսահման բարությունը: «Ինքն ամենաբարդ երևույթներն ամենապարզ ու դյուրին ձևով փոխանցելու կարողություն ուներ, նաև շատ սրամիտ մարդ էր»,- ասաց նա:

Գիտաժողովի մասնակից, կանադահայ գրականագետ Վիգեն Թյուֆենկչյանը գրողին անձամբ չի ճանաչել, թեև գրականության մասին նրա առաջին ծանոթությունները Մուշեղ Իշխանի հետ են կապված: Մուշեղ Իշխանի թատերական գործերից երկուսը՝ «Սառնարանեն ելած մարդը» և «Ժամադրությունը», անձամբ է բեմադրել:

«Հացի և լույսի համար», «Հացի և սիրո համար» երկու հատորները, որոնք Ցեղասպանությունից հետո որբ տղայի անցած կյանքն են ներկայացնում, իմ պատանեկան տարիների հուզումների և ապրումների մասին են: Ավելի ուշ հասկացա, թե գրողն ինչպիսի կյանք է ունեցել, Ցեղասպանությունից հետո իր ընտանիքն ինչպես է  բաժան-բաժան եղել՝ մի մասը՝ Հայաստան, մյուս մասը՝ Լիբանան»,- ասաց գրականագետը:

Անվանի բանասեր, ԵՊՀ դոցենտ Սերժ Սրապիոնյանը Yerkir.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ Մուշեղ Իշխանը, 1940-1980-ական թվականների սփյուռքահայ և հայ պոեզիայի դասական երևույթներից մեկը լինելով, մինչև այսօր հավուր պատշաճի չի ներկայացվել: Նրա մասին 100-ից ավելի հետազոտություններ կան, որոնք ավելի շատ էպիզոդիկ բնույթ են կրում, և նրա ստեղծագործությունների համապարփակ քննություն չի կատարվել:

«Մայրերգության մեջ, որով հայ գրականությունն այդքան հարուստ է, որևէ մեկը նրա նման տարորոշիչ խոսք չի ասել: Մենք սովոր ենք Իսահակյանի, Շիրազի, Տերյանի՝ իսկապես գլուխգործոցային բանաստեղծություններին, որոնք, սակայն, մնում են նյութի նույն ընդգրկումների շրջանակում՝ կա՛մ որդու ինքնամոռաց սերն է մոր նկատմամբ, կա՛մ մոր աստվածային մայրականության դրսևորումն է: Մուշեղ Իշխանը գյուտ է արել, երբ գրում է, որ մայրը հեռանալուց մայր հողին է միախառնվում, և հողն ավելի է անուշանում: Այսինքն՝ հայրենի հողի ներքին բաղադրության մեջ նա կարողանում է մայրականության խորհուրդը դնել, ինչը մինչ այդ ոչ մի բանաստեղծի մոտ չես հանդիպի»,- ասաց նա:

Հարցին, թե սփյուռքահայ  գրողն արդյո՞ք բավականաչափ ներկայացված է հայրենիքում, Սերժ Սրապիոնյանը պատասխանեց. «Կարծում եմ՝ դա խնդիրների խնդիրն է, մենք նրան իմացել ենք առավելապես Արթուր Մեսչյանի մի քանի երգերով, որտեղ խոսքերի հեղինակը՝ Մուշեղ Իշխանը, անգամ չի նշվել: Նա մեծ ուսուցիչների աշակերտ էր և մեծ ուսուցչի վերածվեց: Օշականից, Շանթից, Աղբալյանից եկողը պիտի բարձրանար, դառնար նոր Շանթ, նոր Օշական, նոր Աղբալյան, և Մուշեղ Իշխանը գնաց այդ ճանապարհով»:

Բանասիրական գիտությունների դոկտոր, գրականագետ Դավիթ Գասպարյանը, որը գիտաժողովում գրողին որպես դասագրքաստեղծ հեղինակ ներկայացրեց, նշեց, որ նրա՝ հայրենիքում բավականաչափ ներկայացված չլինելը պայմանավորված էր խորհրդային ժամանակաշրջանի գաղափարական սահմանափակմամբ:

Համազգային Հայ կրթական և մշակութային միության երևանյան գրասենյակի տնօրեն Ռուզան Առաքելյանն էլ իր ելույթում ընդգծեց՝ գրողը թեև մերժված էր հայրենիքում, ինչպես շատ ազգային գործիչ մտավորականներ, սակայն երբեք չի օտարվել, երես չի թեքել իր իդեալ երազանքներից:

«Մուշեղ Իշխանի՝ թե՛ իբրև մանկավարժի, թե՛ գրողի ու հասարակական գործչի սևեռակետը մնաց Հայաստանը»,- ասաց նա՝ հավելելով, որ Մուշեղ Իշխանի գրական պատկառելի վաստակի մասին դեռ շատ է խոսվելու: «Շատ ենք հիշելու նրա մարդկային հատկանիշները, օրինակ ենք ունենալու նրա ապրած կյանքը: Եվ մխիթարվելու ենք, որ բանաստեղծը մահվանից առաջ որպես անուն հայտնի դարձավ, ունեցավ իր ընթերցողը: Լսեց, որ բեմադրվել է իր արձակ գործերից «Կիլիկիո արքան»: Չգիտեմ՝ այդ ամենով ինչ զգացում ապրեց, բայց համոզված եմ՝ որոշ պահերի խորհեց, որ կյանքն իզուր չապրեց»,- եզրափակեց Ռուզան Առաքելյանը:

Գիտաժողովին ողջույնի խոսք հղեց նաև ԿԳՄՍ փոխնախարար Նարինե Թուխիկյանը: Նա շնորհակալություն հայտնեց նախաձեռնողներին՝ իրենց ազնիվ գործունեության համար՝ ավելացնելով, որ վստահ է՝  շատ հետաքրքիր զեկույցներ կլինեն, և սա առիթ կլինի ուսանողության համար շատ ավելի խորանալու Մուշեղ Իշխանի և, առհասարակ, սփյուռքահայ գրականության մեջ՝ անելով նորանոր բացահայտումներ:

Հիշեցենք՝ ավելի վաղ Yerkir.am-ը հայտնել էր, որ Մուշեղ Իշխանին նվիրված միջազգային գիտաժողովը մեկնարկել է Երևանի պետական համալսարանում՝ մայր բուհի և Համազգային Հայ կրթական և մշակութային միության նախաձեռնությամբ։ 

Աննա Հովհաննիսյան