Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
2012-ին Երեւանը Գրքի համաշխարհային մայրաքաղաք էր հռչակվել: yerkir.am-ի հարցին, թե դա, ըստ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի, ի՞նչ դռներ բացեց եւ ի՞նչ տվեց ժամանակակից գրողներին, նախարարը պատասխանեց, որ այն, նախեւառաջ, լայն հնարավորություն տվեց գրողին տպագրվելու:
Նախարարը նշում է, որ ընթացիկ տարում, բացի պետպատվերի տեղերից, հրատարակիչներն իրենց միջոցներով մեծ քանակությամբ գրքեր են տպագրել:
«Օրինակ` քիչ առաջ /երեկ` ցերեկը/ Լեւոն Խեչոյանն էր այստեղ, եւ այս տարի արդեն նրա գործերից 2 գիրք է լույս տեսել, չնայած Խեչոյանի պարագայում կարծում եմ, որ ինչ գրվի, պետք է անմիջապես տպագրվի: Գրողը կարող էր հանգիստ հայտնվել միջազգային հետաքրքրության շրջանակներում, քանի որ կազմակերպված միջազգային գիտաժողովները, համաժողովներն այդ նպատակն ունեին. բոլոր ծրագրերի գլխավոր դերակատարները գրողներն էին»,- ասում է նախարարը եւ հավելում, որ եթե գրողները կարողացել են օգտվել իրենց ընձեռված այդ հնարավորությունից, շատ լավ է, քանի որ բոլոր հարթակները ստեղծված էին, իսկ եթե չկարողացան` չկարողացան:
Պողոսյանը տեղեկացրեց նաեւ, որ բավական թվով գրականություն է թարգմանվել եւ դեռ կթարգմանվի. «Ճիշտ է, այստեղ էլ կան մոտեցումներ, թե ժողովածուները կազմվում են այսինչ գրողով, իսկ այն մեկը բացակայում է, բայց նման խոսակցություններ միշտ էլ կլինեն, քանի որ տվյալ դեպքում ամեն ինչ կազմողից է կախված. նա է ընտրում հեղինակին` իր նախասիրությունները հաշվի առնելով»:
Նախարարը վստահեցնում է, որ մեզ դեռ ժամանակ է պետք, որպեսզի հարմարվենք արտաքին աշխարհի հետ ակտիվ շփումների մեջ մտնելուն: Ըստ նրա` երկար տարիների շրջափակումը, բացի ֆիզիկականից, նաեւ հոգեւոր էր` արտաքին հոսքերի բացակայումը, մտահորիզոնի արհեստական նեղացումը, ի վերջո, ըստ նախարարի, դժվարություններ ստեղծեցին այսօրվա գրողի համար:
«Սակայն այս առումով Երեւանը Գրքի մայրաքաղաք հռչակելը եւ Գրատպության 500-ամյակը տոնելը հնարավոր համագործակցության լայն դաշտ ստեղծեցին»,- ասում է նախարարը:
Իսկ թե ի՞նչ են կարծում ժամանակակից գրողները` հարցի հետ կապված, կարդացեք այստեղ:
Կ. Հ.
Լուսանկարը` Armenpress.am-ի