կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-08-31 11:03
Հասարակություն

100 աշակերտ ունեցող դպրոցը չի կարող դիտարկվել 1000 աշակերտ ունեցող դպրոցի հետ նույն հարթությունում

100 աշակերտ ունեցող դպրոցը չի կարող դիտարկվել 1000 աշակերտ ունեցող դպրոցի հետ նույն հարթությունում

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում ավագ դպրոցների տնօրենների հետ հանդիպմամբ նախարար Լևոն Մկրտչյանն ամփոփել է օգոստոսյան խորհրդակցությունների շարքը: Նախարարը տեղեկացրել է, որ խորհրդակցությանը հրավիրել է նաև Գնահատաման և թեստավորման կենտրոնի, Կրթության պետական տեսչության ներկայացուցիչներին և ակնկալում է առկա խնդիրների և դրանց լուծմանն ուղղված գործնական քննարկում: Նախարարի խոսքով՝ ավագ դպրոցներում առկա խնդիրների լուծումը հնարավոր չէ պատկերացնել առանց դպրոցից դեպի բուհ անցման ձևաչափի:

«Մենք այսօր հանրապետությունում ունենք հանրակրթության երրորդ աստիճանն ապահովող մի քանի ձևեր՝ առանձնացված ավագ և միջնակարգ դպրոցներ, վարժարաններ, ՄԿՈՒ համակարգի հաստատություններ՝ քոլեջներ և ուսումնարաններ: Ավագ դպրոցները կայացման մի ճանապարհ ունեն՝ այս ընդհանուրի մեջ դառնալ գերազանցության կենտրոններ՝ դաշտում աշխատող մնացած հաստատությունների մեջ դառնալով առաջատար և նրանց տանելով իրենց հետևից: Ես հասկանում եմ, որ շատ դպրոցներ ունեն շենքային պայմանների չլուծված խնդիր, բայց, միևնույն է, դա չի կարող հիմնավորում լինել»,- նշել է Լևոն Մկրտչյանն ու հավելել, որ այս տարվանից ուսումնական պլանում արդեն կատարվել են փոփոխություններ, և 12-րդ դասարանի երկրորդ կիսամյակում ուսումնական ծրագիրը բեռնաթափվել է:

Նախարարի խոսքով՝ հետագայում 12-րդ դասարանը կարող է ամբողջությամբ բեռնաթափվել: Դրան հաջորդող հերթական քայլը լինելու է ավագ դպրոցներում կրեդիտային համակարգի ներդնումը, որն էլ հնարավորություն է տալու հավաքած կրեդիտների հաշվին բակալավրի կրթությունը ստանալ 3 տարվա ընթացքում:

Նախարարը նշել է, որ ավագ դպրոցներն աշխարհում ունեն մի քանի մոդել, օրինակ՝ անգլոսաքսոնական երկրներում անցումը հանրակրթությունից դեպի բուհ կատարվում է միջազգային բակալավրիատի համակարգի մոդելով, որը Հայաստանի մի քանի դպրոցում ևս տեղակայված է: Երկրորդն անգլիական A Level ծրագիրն է, որը ենթադրում է Ա մակարդակի կրեդիտների կուտակմամբ ավագ դպրոցից անցում բուհ: Երրորդն ամերիկյան մոդելն է, որը ներդրվել է նաև Հայաստանի ավագ դպրոցների ստեղծման հիմքում և  ենթադրում է ձևավորել անկախ մարմին: Հայաստանի պարագայում դա ԳԹԿ-ն է, որն իրականացնում է գիտելիքների ստուգում՝ կենտրոնացված քննությունների միջոցով:

«Անկախ մոդելի ընտրությունից` ավագ դպրոցի դերը շատ մեծ է. ավագ դպրոցը պետք է կարողանա դառնալ նախամասնագիտական կողմնորոշման վայր: Մեզ ի սկզբանե չհաջողվեց ստեղծել ուժեղ ավագ դպրոցներ, և մենք զուգահեռաբար, հատկապես` գյուղական վայրերում, պահպանեցինք նաև միջնակարգ դպրոցները: Դա բնավ չի նշանակում, թե ավագ դպրոցում ընդգրկված երեխան պետք է ավելի լայն հնարավորություններ ունենա, քան հեռավոր գյուղում ապրող երեխան: Հանրակրթության հիմնական խնդիրը հավասար հանրամատչելիության ապահովումն է: Միաժամանակ, նաև պարզ է, որ տարբեր պայմաններում գտնվող դպրոցների հանդեպ մենք` իբրև պետություն և կրթության քաղաքականության հիմնական պատասխանատու, չենք կարող նույն պահանջները դնել: Չի կարող 100 աշակերտ ունեցող դպրոցը դիտարկվել 1000 աշակերտ ունեցող դպրոցի հետ նույն հարթության վրա: Մենք այսօր կանգնած ենք դպրոցների անձնագրավորման անհրաժեշտության առջև: Մեր բոլոր դպրոցները պետք է ունենան իրենց անձնագրերը, որտեղ կամրագրվեն տվյալ դպրոցի կարիքները, խնդիրներն ու նպատակը: Անձնագրում նաև պետք է տարանջատվեն ավագ դպրոցի և միջնակարգ դպրոցի գործառույթները, որպեսզի կարողանանք զարգացում ապահովել»,- նշել է նախարարը՝ հավելելով, որ վերոնշյալն ապագայի խնդիր է, իսկ այս ուսումնական տարվանից ավագ դպրոցներին տրված է հնարավորություն ապացուցելու կրթության մրցունակությունը:

Հանդիպման ընթացքում ավագ դպրոցների տնօրենները նախարար Լևոն Մկրտչյանին ուղղել են մի շարք հարցեր, որոնք վերաբերել են չափորոշիչների ու կրթական ծրագրի փոփոխություններին, կրեդիտային համակարգի ներդրմանը, ավագ դպրոցներում աշակերտների հոսքի նվազմանը և մի շարք այլ խնդիրների: