կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-06-17 13:37
Մշակույթ

Ոգևորված էի ու այդ պահը չեմ հասկացել. Թովմաս Պողոսյանի դպրոցի սաներն են եղել Օֆելյա Համբարձումյանի թաղմանը

Ոգևորված էի ու այդ պահը չեմ հասկացել. Թովմաս Պողոսյանի դպրոցի սաներն են եղել Օֆելյա Համբարձումյանի թաղմանը

Երեկ Օֆելյա Համբարձումյանի թաղման արարողությանը մասնակցել էին նաև մի խումբ երեխաներ: Երեխաների հագուստներին ամրացրված էին Ցեղասպանության անմոռուկներ հիշեցնող ժապավեններ, և նրանց կանգնեցրել էին դագաղի առջև: Երեխաները վախեցած տեսք ունեին, և սոցիալական կայքերում երեխաների` թաղման արարողությանը մասնակցելը շատերի զայրույթն էր առաջացրել:

Yerkir.am-ին մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Ալլա Սերոբյանը տեղեկացրեց, որ նախարարությունը տեղյակ չի եղել այդ մասին, և իրենք չեն կազմակերպել երեխաների այցն այնտեղ: «Ավելին` մենք իմացանք, որ երեխաները պետք է նաև մի փոքր երգ կատարեն, և միջամտեցինք, որ չլինի նման բան»,- ասաց նա:

Yerkir.am-ի հետ զրույցում Ջիվանու անվան աշուղական դպրոցի տնօրեն Թովմաս Պողոսյանը նշեց, որ երեխաներն իրենց դպրոցի սաներն են: «Ծնողների, դասատուների նախաձեռնությունն է եղել, քանի որ Օֆելյա Համբարձումյանը շատ-շատ էր սիրում դպրոցը: Ինքնաբուխ նախաձեռնություն եղավ` գնալ ու խոնարհվել մեր վարպետաց վարպետի հիշատակին: Երեխաների ծնողները նույնպես ներկա են եղել արարողությանը, իսկ մինչ այդ մենք սրճարանում նստած էինք բոլորս, և ես ասել էի կանխավ, թե ով չի ցանկանում, թող չմասնակցի: Անկեղծ ու ինքնաբուխ մի բան է եղել, ես ուղղակի չեմ մտածել հեռուն»,- ասաց նա:

Դիտարկմանը, թե երեխաները կարծես վախեցած էին, Պողոսյանը պատասխանեց, թե չի հակառակվում, և եթե իմանար, առաջին հերթին ինքը դեմ կլիներ: «Ուղղակի չեմ մտածել: Ուզում էինք լավ բան անել, բայց հակառակը ստացվեց: Ուզում էինք մի քառատող էլ երգել, բայց եկան ու ասացին, որ պետք չէ, քանի որ նախատեսված չէ նման բան: Մեկը եթե հուշեր, ես սիրով կընդունեի. ոգևորված էի ու այդ պահը չեմ հասկացել»,- ասաց նա: 

 

Լուսանկարը` news.am