կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-10-04 15:31
Հասարակություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հին գծատերերը հրավիրվել են երթուղային նոր ցանց. Հակոբ Կարապետյան

Երթուղային նոր ցանցի ներդրումը ոչ միայն ծախսատար, այլև ժամանակատար է, քանի որ հիմա վիճակը շատ անբավարար է և անմխիթար. Yerkir.am-ի՝ «նոր երթուղային համակարգը ե՞րբ կգործարկվի» հարցին ի պատասխան՝ նշեց Երևանի քաղաքապետարանի խոսնակ Հակոբ Կարապետյանը:

«Սա երևանցիներին վայել տրանսպորտ չէ, և այդ ամեն ինչը քաղաքային իշխանությունն ամբողջությամբ ընկալում և գիտակցում է ու քայլեր է ձեռնարկում այդ առումով: Քաղաքապետը վերջերս հանդիպեց ուղևորափոխադրող ընկերությունների հետ, ներկայացրեց նոր երթուղային ցանցի վերաբերյալ տվյալներ և առաջարկեց մասնակցել միջանկյալ լուծումների գործընթացին՝ շարժակազմ ներգրավել, թարմացնել շարժակազմը, որովհետև մյուս տարվա ընթացքում շուրջ 400 միկրոավտոբուս օրենքի ուժով դուրս է գալիս գործածությունից»,- նշեց նա:

Իսկ եթե ուղևորափոխադրող ընկերությունները ռեսուրս չունեն, Կարապետյանի խոսքով, համայնքը կվերանայի այդ տնտեսվարողների հետ պայմանագրերը և այլ լուծումներ կգտնի: «Պարզ է, որ երկու տարին ոգևորիչ չէ նոր մեքենաներ բերելու համար, սակայն քաղաքապետը առաջարկել է քննարկել նոր երթուղային ցանցում մասնակցություն ունենալու հարցը: Այսինքն՝ այսօրվա գծատերերը կարող են ինքնուրույն կամ համախմբելով մի քանի ընկերությունների ուժերը՝ մասնակցել նոր երթուղային ցանցի ստեղծման գործընթացին»,- ասաց Կարապետյանը:

Հարցին՝ ինչ իրավիճակի համար են պահվում ռեզերվները, երբ հիմա էլ անտանելի վատ է տրանսպորտի վիճակը, Կարապետյանը պատասխանեց. «Տրանսպորտը ոչ միայն անհարմարավետ է, այլև անվայել է մեր քաղաքի բնակիչներին: Սակայն ռեզերվը ծայրահեղ իրավիճակների համար է: Օրինակ՝ եթե ասում ես, որ տնտեսվարողը թարմացնի իր ավտոպարկը, և դա չի արվում, միջոցներ ես ձեռնարկում, քաղաքը ներգրավում է իր ռեզերվները»:

Նա հիշեցրեց, որ վատ տրանսպորտը ստիպել է մարդկանց սեփական ավտոմեքենաներ գնել՝ բարդացնելով քաղաքի երթևեկությունը: «Եվ սրանից հետդարձը բավական դժվար է լինելու: Մի բան է մարդուն լավ տրանսպորտ առաջարկելը, մի այլ բան՝ մարդուն, որ անձնական մեքենա ունի, հետ տանել հանրային տրանսպորտ: Դա բարդ, բայց լուծելի խնդիր է»,- նշեց Կարապետյանը:

Քաղաքապետարանի խոսնակը տեղեկացրեց, որ մետրոյի նոր կայարանի բացման առումով կան լավատես լինելու հիմքեր. «Կա ծրագիրը, կան հավանական ներդրողներ»:

Առավել մանրամասն՝ տեսանյութում: