կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-07-20 12:21
Հասարակություն

Նախատեսվում է ստեղծել միասնական երթուղային ցանց Հայաստանի ամբողջ տարածքում

Նախատեսվում է ստեղծել միասնական երթուղային ցանց Հայաստանի ամբողջ տարածքում

Այսօր կառավարության նիստում ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախագահ Վահան Մարտիրոսյանը ներկայացրեց միասնական երթուղային ցանցի ստեղծման տեխնիկական առաջադրանքին հավանություն տալու մասին հարցը։ Նախատեսվում է ստեղծել միասնական երթուղային ցանց, որը հնարավորություն կտա ՀՀ ամբողջ տարածքն ապահովել տրանսպորտային սպասարկմամբ՝ բարձրացնելով ուղևորափոխադրումների արդյունավետությունը։

Ներկայումս «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի համաձայն` հանրապետությունում տարբեր պետական և տեղական ինքնակառավարման մարմիններ են ձևավորում երթուղային ցանցեր, որոնք չեն ապահովում փոխադրումների արդյունավետությունը: Չվացուցակները կազմվում են այնպես, որ հնարավոր չի լինում ապահովել գյուղերից մինչև մարզկենտրոն կամ մարզի խոշոր քաղաք, այնուհետև դեպի Երևան կամ այլ մարզի խոշոր քաղաք ուղևորների արդյունավետ փոխադրումը:

Որոշ երթուղիներ տնտեսապես հիմնավորված են և դրանց համար բազմիցս հայտարարված մրցույթները չեն կայանում հայտերի բացակայության պատճառով: Գործող երթուղային ցանցում հնարավոր չէ ներդնել միասնական տոմսավորման համակարգ և շահագործվող տրանսպորտային միջոցների տեղորոշման համակարգ, ինչը թույլ չի տալիս ուղևորներին արդյունավետ կազմակերպելու ուղևորությունը:

Հիմնախնդրի կարգավորման նպատակով նախատեսվում է հաստատել Հայաստանի Հանրապետությունում միասնական երթուղային ցանցի ստեղծման տեխնիկական առաջադրանքը: Տեխնիկական առաջադրանքի շրջանակներում ըստ մարզերի կհավաքագրվեն տվյալներ, որոնց հիման վրա մարզերն ըստ խոշոր քաղաքների կբաժանվեն տարածաշրջանների, կսահմանվեն օպտիմալ երթուղիներ: Տեխնիկական առաջադրանքի հիմնական նպատակն է ստեղծել արդյունավետ ուղևորափոխադրում գյուղերից դեպի մարզկենտրոն կամ մարզի խոշոր քաղաք, այնուհետև դեպի Երևան:

- Կկազմակերպվի արդյունավետ ուղևորափոխադրում գյուղերից դեպի մարզկենտրոն կամ մարզի խոշոր քաղաք, այնուհետև դեպի Երևան,

- ելնելով ուղևորահոսքի ծավալներից, կորոշվի երթուղիներում անհրաժեշտ տրանսպորտային միջոցի տեսակը,

- արդյունավետ կկազմակերպվի հանրապետության ավտոկայարանների, ավտոկայանների, երթակարգավարական կետերի աշխատանքը: Արձանագրային որոշման նախագծի ընդունման արդյունքում հանրապետության բոլոր համայնքները կապահովվեն տրանսպորտային սպասարկմամբ, կկրճատվի ուղևորության համար ծախսվող ժամանակահատվածը, կանոնավոր ուղևորափոխադրումներում ներգրավված տրանսպորտային միջոցները կհամապատասխանեցվեն փաստացի ուղևորահոսքի ծավալներին, կբարձրանա ուղևորափոխադրումների արդյունավերտությունը և ոլորտի վերահսկողության մակարդակը: